Հայաստանի Սահմանադրական դատարանը քվեարկությամբ մերժել է հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման գործով դատարանի կազմի օրինականությանը վերաբերող միջնորդությունը և նիստը կշարունակի յոթ դատավորով:
Դատարանը հրաժարվել է չեղարկել երկու դատավորների՝ Արտակ Զեյնալյանի և Վլադիմիր Վարդանյանի մասնակցության անհնարինության մասին նախկին որոշումը։ ՍԴ նախագահ Արման Դիլանյանը հայտարարել է, որ հանրային լեգիտիմությունն ու «օբյեկտիվ դիտորդի» մոտ կողմնակալության կասկածները բացառելն ավելի կարևոր են, քան դատարանի լիարժեք՝ ինը դատավորի կազմով հանդես գալը։
Միջնորդությունը ներկայացրել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արամ Օրբելյանը: Նա պնդում էր, որ ՍԴ-ն պետք է որոշում կայացնի ամբողջական կազմով, և յոթ դատավորով՝ կրճատված կազմով գործ քննելը հակասահմանադրական է։
Այս դիրքորոշմանը դեմ է արտահայտվել ընտրության արդյունքները վիճարկող մեկ այլ ուժի՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը: Նա նշել է, որ արդարադատության նախկին նախարար Զեյնալյանն ու իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Վարդանյանը հանրային ընկալման տեսանկյունից չեզոք լինել չէին կարող, և նրանց հեռացնելու ՍԴ նախկին որոշումը ճիշտ էր։
Դատարանի նախագահը պարզաբանել է, որ դատավորների անձնական անաչառությունը կասկածի տակ չի դրվում, սակայն նրանց մասնակցությունը ճանաչվել է անհնարին՝ կողմնակալության ցանկացած կասկած բացառելու համար։ Նա հավելել է, որ ընտրական վեճերով որոշում կայացնելու համար օրենքով անհրաժեշտ է առնվազն հինգ դատավորի ներկայություն, ինչը տվյալ պահին ապահովված է։
Նիստի ընթացքում ընդդիմադիր կողմի ներկայացուցիչներ Արամ Վարդևանյանն ու Արծվիկ Մինասյանը բարձրացրել են նաև դատավոր Սեդա Սաֆարյանի անաչառության հարցը: Նրանք մատնանշել են, որ Սաֆարյանը 2021-ի ընտրություններին եղել է պատգամավորի թեկնածու և հնչեցրել է քաղաքական հայտարարություններ, ինչը կարող է կանխորոշել նրա վերաբերմունքը նախկին իշխանությունների նկատմամբ։
ՍԴ նախագահ Արման Դիլանյանը հայտարարել է, որ դատավորի մասնակցության անհնարինության հարցը դատարանը կարող է քննարկել միայն այն դեպքում, եթե այդ խնդիրը բարձրացվի հենց դատավորներից որևէ մեկի կողմից։
«Սահմանադրական դատարանը հունիսի 21-ի աշխատակարգային նիստում քննության է ընդունել ««Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի, «Միասնության թևեր» կուսակցության, «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության, «Հայաստան» կուսակցությունների դաշինքի և «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության դիմումների հիման վրա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026-ի հունիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026-ի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 259-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործերը։
«Հայաստան» կուսակցությունների դաշինքը ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել, սակայն Սահմանադրական դատարանը քննության առարկա չէր դարձրել միջնորդությունը։
Սահմանադրական դատարանի դատավորներ Վլադիմիր Վարդանյանն ու Արտակ Զեյնալյանը չեն մասնակցում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը։ Բարձր դատարանի որոշման մեջ որպես հիմնավորում նշված է՝ «նրանք կանխակալ վերաբերմունք ունեն որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ»:












