Գլխավոր Լրահոս

Ըստ տեղեկությունների՝ Վրաստանի զինծառայողներին Գազայում «կայունացման ուժերի» կազմում տեղակայելու շուրջ բանակցություններ կան

Ըստ տեղեկությունների՝ Վրաստանի զինծառայողներին Գազայում «կայունացման ուժերի» կազմում տեղակայելու շուրջ բանակցություններ կան

Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Վրաստանի հետ բանակցություններ են ընթանում Գազայի հատվածում ԱՄՆ-ի աջակցությամբ ստեղծվելիք «կայունացման ուժերի» կազմում վրացի զինծառայողներ տեղակայելու շուրջ։ Այս մասին հունիսի 25-ին գրել են իսրայելական լրատվամիջոցները։

The Times of Israel-ը, հղում անելով իսրայելական Channel 12-ին, գրել է, որ նմանատիպ բանակցություններ ընթանում են նաև Վիետնամի հետ։

Միջազգային կայունացման ուժերը (ISF) ժամանակավոր նախաձեռնություն են, որն առաջարկվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի վերաբերյալ 20 կետից բաղկացած խաղաղության ծրագրի շրջանակում։

Ծրագրի համաձայն՝ ԱՄՆ-ն արաբ և այլ միջազգային գործընկերների հետ համատեղ պետք է ձևավորի այդ ուժերը, որոնց առաքելությունը կլինի «Գազայում ստուգում անցած պաղեստինյան ոստիկանական ստորաբաժանումների պատրաստումն ու աջակցությունը»՝ «ՀԱՄԱՍ»-ի զինաթափման և կառավարման համակարգից հեռացման գործընթացին զուգահեռ։

«Միջազգային կայունացման ուժերը Իսրայելի և Եգիպտոսի հետ համատեղ կօգնեն ապահովել սահմանային շրջանների անվտանգությունը՝ վերապատրաստված պաղեստինյան ոստիկանության ստորաբաժանումների մասնակցությամբ»,- նշված էր ծրագրում, որը ներկայացվել էր 2025-ի սեպտեմբերին։

Նոյեմբերին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հավանություն տվեց ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևին, որով աջակցություն հայտնվեց այդ ծրագրին, այդ թվում՝ Միջազգային կայունացման ուժերի ստեղծմանը։

Նույն հրապարակման համաձայն՝ Channel 12-ը, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, հայտնել է, որ ԱՄՆ-ի գլխավորությամբ գործող Քաղաքացիական-ռազմական համակարգման կենտրոնը (CMCC), որը ստեղծվել էր Իսրայելի հարավում 2025-ի հոկտեմբերին՝ Թրամփի 20 կետից բաղկացած ծրագրի իրականացումը համակարգելու նպատակով, կվերակազմավորվի և կվերանվանվի «Գազայի օգնության կենտրոն»։

Ակնկալվում է, որ ISF-ը ավելի մեծ դեր կունենա այդ կառույցի գործունեության մեջ։

Հաղորդվում է, որ Թրամփի գլխավորած Խաղաղության խորհուրդը (Board of Peace), որը սկզբում նախատեսված էր վերահսկելու Գազայի վարչական անցումը «ՀԱՄԱՍ»-ի իշխանությունից, իսկ հետագայում նաև զբաղվելու խաղաղաշինության լավագույն փորձի տարածմամբ, չի հերքել այդ տեղեկությունները։

«[Խաղաղության խորհուրդը] նշում է, որ ISF-ն ու Քաղաքացիական-ռազմական համակարգման կենտրոնը մշակում են «ավելի սերտ համակարգման և ինտեգրման տարբեր մոդելներ»՝ առաքելության ընդլայնմանը զուգընթաց։ Այն նաև հավելում է, որ անձնակազմի կրճատում ներկայում չի նախատեսվում, իսկ լրացուցիչ երկրների հետ զորքեր տրամադրելու շուրջ քննարկումները շարունակվում են», - գրել է The Times of Israel-ը՝ հղում անելով Channel 12-ին։

OC Media-ն մեկնաբանություն ստանալու համար դիմել է Վրաստանի պաշտպանության նախարարությանը, սակայն հրապարակման պահին պատասխան չէր ստացել։

Ավելի վաղ հրապարակումներում ISF-ի հնարավոր մասնակիցների թվում նշվում էր նաև Ադրբեջանը։

Սակայն հունվարին նախագահ Իլհամ Ալիևը ակնարկել էր, որ Բաքուն հետաքրքրված չէ մասնակցությամբ, քանի որ Պաղեստինը չի աջակցել Ադրբեջանի դիրքորոշմանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում։

Ալիևը նաև հայտարարել էր, որ, իր կարծիքով, «արաբական երկրների խնդիրները պետք է լուծեն հենց արաբական երկրները»։

Կազմակերպություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում