Forbes-ը՝ Լիվինգսթոն ռեստորանի մասին․ վայր, որտեղ զգացմունքները ձևավորում են հիշողություններ

Forbes աշխարհահռչակ ամսագրի նոր համարում հատուկ անդրադարձ է կատարվել Երեմյան ընկերությունների խմբի Լիվինգսթոն ռեստորանին՝ որպես հայկական հյուրընկալության բարձրակետ։
Ստորև հոդվածի հայերեն թարգմանությունն է՝ Forbes-ի լրագրողի աչքերով։
Մի երեկո Լիվինգսթոնում ընթրիքի հետ մեկտեղ նորաձևության լուսանկարահանում էինք կազմակերպել։ Սկզբում տեսախցիկի հետևում տիրող մթնոլորտը սովորական էր թվում։ Լույսերը կարգավորվեցին, մոդելները զբաղեցրին իրենց տեղերը։ Նրբագեղ ուտեստները հերթով հայտնվում էին սրահում, և յուրաքանչյուր մատուցում նույնքան մտածված էր, որքան այն ելույթները, որոնք պետք է հաջորդեին ավելի ուշ։ Սակայն մի պահ հայացքս կանգ առավ լուսանկարչի օգնականի վրա, և ես զգացի, որ ինչ-որ բան այս անգամ այլ է։
Սովորաբար նկարահանումների մեծ մասն անցկացնում էր՝ հեռախոսի էկրանին գամված։ Այստեղ, սակայն, դեռ առաջին իսկ րոպեներից նրան ամբողջովին գրավել էր տարածքի շքեղությունն ու վեհությունը։ Նույնիսկ մինչև ելույթների մեկնարկը նա շարունակ բարձրացնում էր հայացքը հեռախոսից՝ դիտելով իրեն շրջապատող ամեն մի մանրուք։
Այնուհետև հնչեց երաժշտությունը։ Այն, ինչ հաջորդեց, այլևս չէր հիշեցնում ավանդական ընթրիք։ Երաժիշտները հերթով անցնում էին ջազային դասական ստեղծագործություններից դեպի հայկական մեղեդիներ և կինոերաժշտության կատարումներ, մինչդեռ պարողները վարպետորեն բեմադրված շարժումներով հայտնվում էին սեղանների միջև։ Զրույցները կամաց-կամաց հանդարտվեցին, իսկ հեռախոսները սահուն իջան սեղաններին։ Նույնիսկ օգնականը վերջնականապես մի կողմ դրեց իր հեռախոսը և լայն բացված աչքերով նայում էր բեմին, մինչ սրահը կարծես կտրվում էր ժամանակի սովորական ընթացքից։
Մոտ երկու ժամ Լիվինգսթոնը հյուրերին տանում էր մի հուզական ճանապարհորդության, որտեղ երաժշտությունը, բեմարվեստն ու խոհանոցը միաձուլվում էին մեկ ամբողջական փորձառության մեջ։ Թերևս այդ յուրահատուկ զգացողությունն սկսվում է հենց տարածքից։

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի իններորդ հարկում գտնվող Լիվինգսթոնը վեր է խոյանում քաղաքի վրա՝ բացելով Երևանի տպավորիչ համայնապատկերը։ Երեկոյի ընթացքում մի պահ դուրս եկա բաց պատշգամբներից մեկը՝ տիրող աշխույժ մթնոլորտից մի ակնթարթ կտրվելու համար։ Այնտեղից քաղաքը բացվում էր իր ողջ գեղեցկությամբ՝ լույսերի մեջ ողողված։ Երկու շաբաթ շարունակ մենք շտապում էինք հարցազրույցներից դեպի ռեստորաններ, պատկերասրահներ, հյուրանոցներ ու նորաձևության նկարահանումներ՝ Երևանը բացահայտելով առանձին դրվագներով։
Այդ երեկո, կանգնած քաղաքի վերևում, առաջին անգամ զգացի, թե ինչպես են այդ բոլոր դրվագները միավորվում մեկ ամբողջության մեջ, մինչ Երևանը խաղաղ փայլում էր շրջապատող լեռների մուգ ուրվագծերի ֆոնին։ Եվ հենց այն պահին, երբ թվում էր, թե երեկոն այլևս չի կարող ավելի թատերական դառնալ, մի տղամարդ բարձրացավ տեղից և հենց ռեստորանի կենտրոնում ամուսնության առաջարկ արեց իր սիրելիին։ Մի ակնթարթ նա պարզապես քարացել էր զարմանքից, իսկ հաջորդ պահին ամբողջ սրահը պայթեց ծափահարություններից։ Ծափահարությունները տարածվեցին ամբողջ սրահով, իսկ երաժիշտներն այդ պահն այնքան բնականորեն հյուսեցին ներկայացման մեջ, կարծես այն ի սկզբանե երեկոյի մտահղացման մասն էր եղել։
Մեկ այլ ռեստորանում նման պահը գուցե անհարմար կամ նույնիսկ բեմադրված թվար։ Սակայն Լիվինգսթոնում այն լիովին համահունչ էր երեկոյի հուզական ռիթմին։ Ժամանցը, խոհանոցն ու մթնոլորտը մեկ ամբողջական փորձառության միավորելու այդ կարողությունը, թերևս, Լիվինգսթոնի ամենատպավորիչ կողմերից մեկն է։

Շատ ռեստորաններ փորձում են զարմացնել շոուով, բայց քչերին է հաջողվում հույզերը վերածել հիշվող փորձառության։ Լիվինգսթոնը հասկանում է, որ շքեղությունը տեսարան չէ, այլ ապրում։ Այն պետք է ոչ թե պարզապես տեսնել, այլ վերապրել։ Լուսավորությունը, երաժշտությունը, ներկայացումների ռիթմը և նույնիսկ երեկոյի աստիճանական զարգացումը մտածված են ոչ թե պարզապես տպավորելու, այլ հյուրին զգացմունքային փորձառության մեջ ամբողջովին ներգրավելու համար։ Ամենից շատ ինձ տպավորեց այն, որ սրահում տեղի ունեցող ամբողջ ներկայացման ֆոնին խոհանոցը երբեք երկրորդ պլան չէր մղվում։ Մի քանի ուտեստներ մատուցվեցին այնպիսի ստեղծագործական մոտեցմամբ և վարպետությամբ, որ մի պահ նույնիսկ ստվերեցին բեմում կատարվողը։ Այս փորձառությունն արտացոլում է նաև հյուրընկալության ավելի լայն փիլիսոփայությունը։
Լիվինգսթոնը Երեմյան ընկերությունների խմբի ստեղծած 18 ռեստորանային հայեցակարգերից մեկն է։ Արդեն երկու տասնամյակ ընկերությունը ստեղծում է Հայաստանի հյուրընկալության ոլորտի ամենայուրահատուկ գաստրոնոմիական ուղղություններից մի քանիսը։ Այսօր, երբ Երևանն իր ինքնությունն ավելի ու ավելի է դրսևորում փորձառությունների, ստեղծարարության և մշակութային ինքնավստահության շուրջ, Լիվինգսթոնը դարձել է այդ նոր պատմության բնականոն շարունակությունը։










