Գլխավոր Լրահոս

Շառավղում՝ ողջ Չինաստանը. Հնդկաստանն ընդլայնել է հրթիռների հեռահարությունը, ըստ SIPRI-ի

Շառավղում՝ ողջ Չինաստանը. Հնդկաստանն ընդլայնել է հրթիռների հեռահարությունը, ըստ SIPRI-ի

Հնդկաստանի ռազմական արդիականացումն ավելի ու ավելի է կենտրոնանում Չինաստանի ողջ տարածքում թիրախներ խոցելու կարողություններ ստեղծելու վրա, թեև պլանավորումը շարունակում է հաշվի առնել նաև Պակիստանի հետ մրցակցությունը։ Այս մասին ասված է Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի վերջին զեկույցում (SIPRI, Stockholm International Peace Research Institute)։ Թեմային անդրադարձել է Ճապոնական Nikkei մեդիա խմբի անգլալեզու հրատարակությունը՝ Nikkei Asia-ն։ 

SIPRI-ի կողմից այս ամսվա սկզբին հրապարակված զեկույցի գնահատմամբ՝ 2025 թվականին Հնդկաստանի ռազմական ծախսերն աճել են 7.5 տոկոսով՝ հասնելով 92 մլրդ դոլարի, ինչը երկիրը դարձնում է ռազմական ծախսերով աշխարհում հինգերորդը։ Զեկույցում նաև գնահատվում է, որ հունվարի դրությամբ Հնդկաստանն ուներ շուրջ 190 միջուկային մարտագլխիկ, և երկիրը նշվում է որպես 2021–2025 թվականներին աշխարհում զենքի հինգ խոշորագույն ներկրողներից մեկը։

Գնահատականը տրվում է Չինաստանի ռազմական հզորացման ֆոնին, որը 2025 թվականին ռազմական ծախսերն ավելացրել է 7.6 տոկոսով, ինչպես նաև պատերազմում նորագույն տեխնոլոգիաների աճող դերի պայմաններում։ SIPRI-ն 2025 թվականի մայիսի հնդկա-պակիստանյան դիմակայությունը նկարագրել է որպես երկու միջուկային տերությունների միջև «անսովոր սուր ռազմական ճգնաժամ» և ընդգծել անօդաչուների, կիբերգործողությունների, արհեստական բանականության ու ճշգրիտ հարվածի զենքերի աճող դերը ժամանակակից հակամարտություններում։

SIPRI-ի վերլուծությունը, ինչպես նաև Nikkei Asia-ի հետ զրուցած փորձագետները նշում են, որ Հնդկաստանի սպառազինումն արտացոլում է անվտանգության մարտահրավերների վերաբերյալ նրա ընկալումը, այդ թվում՝ Չինաստանի ռազմական հզորացումն ու Պակիստանի հետ նրա խորացող պաշտպանական կապերը։

Միջուկային ուժերին նվիրված գլխում զեկույցը նշում է, որ Հնդկաստանի պլանավորման մեջ «ավելի մեծ շեշտ է դրվել ավելի երկար հեռահարության զինատեսակների վրա, որոնք, ըստ ամենայնի, ուղղված են Չինաստանի դեմ»։

Զեկույցը դա ցույց է տալիս՝ դասակարգելով միջուկային մարտագլխիկներն ըստ հեռահարության։ Մինչև այս դարի սկիզբը Նյու Դելին տեղակայում էր առավելագույնը 2,000 կիլոմետր հեռահարությամբ կրիչներ ու մարտագլխիկներ, սակայն աստիճանաբար ներդրել է 3,000 կիլոմետր և ավելի հեռու թիրախներ խոցելու ընդունակ համակարգեր։

K-4 միջին հեռահարության՝ սուզանավից արձակվող բալիստիկ հրթիռը (SLBM), որի առավելագույն հեռահարությունը 3,500 կմ է, կարող է տեղակայվել հաջորդ տարի, հայտնել է SIPRI-ն։

Հնդկաստանի միջուկային մարտագլխիկների թիվն ըստ առաջին տեղակայման տասնամյակի և առավելագույն հեռահարության (կիլոմետր)։ Աղբյուր՝ Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտ (SIPRI)։

Միջազգային ճգնաժամային խմբի (International Crisis Group) ավագ վերլուծաբան Փրավին Դոնտին համաձայն է այս գնահատականի հետ։ Նրա խոսքով՝ 1962 թվականի չին-հնդկական պատերազմում Հնդկաստանի կրած պարտությունից ի վեր Չինաստանը մնում է «Հնդկաստանի գլխավոր ռազմավարական մարտահրավերը», և Նյու Դելիի ռազմական պլանավորումը վաղուց ուղղված է եղել Չինաստանի ու Պակիստանի հետ «հնարավոր երկճակատ պատերազմի սցենարին» նախապատրաստվելուն։

Սակայն, նրա խոսքով, Պեկինի և Իսլամաբադի միջև խորացող ռազմավարական գործընկերության հետևանքով երկճակատ պատերազմի սցենարը «վերաճել է ուժեղացված միաճակատ պատերազմի»։ «Պակիստանն այժմ ակտիվ հենվում է չինական հարթակների ու դրանց հնարավորությունների վրա, ինչը բնականաբար կազդի հնդկական ռազմական պլանավորման վրա»։

SIPRI-ի տվյալների բազայի համաձայն՝ անցյալ տարի Պակիստանի ռազմական ծախսերն աճել են 15 տոկոսով՝ նախորդ տարվա համեմատ, ինչը գերազանցում է Հնդկաստանի 7.5 տոկոս աճը, սակայն դոլարային արտահայտությամբ Պակիստանի ծախսերը մնում են Հնդկաստանի ծախսերի ութերորդ մասը։ Նմանապես՝ Հնդկաստանի ծախսերը կազմում են Չինաստանի ծախսերի գրեթե մեկ քառորդը. վերջինս Պեկինին հնարավորություն է տվել շարունակել Ժողովրդա-ազատագրական բանակի արդիականացման տասնամյա ջանքերը՝ առաջատար սպառազինության, համատեղ գործողությունների ու նորագույն տեխնոլոգիաների ներդրումների միջոցով։

Հնդկաստանի, Չինաստանի և Պակիստանի ռազմական ծախսերը (ընթացիկ դոլարով, միլիարդներով)։ Աղբյուր՝ Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտ (SIPRI)։

Պաշտպանական հարցերի վերլուծաբան Ղազալա Վահաբն ասել է, որ թեև Հնդկաստանի ռազմական ծախսերն աճել են, այդ աճը եղել է չնչին և պետք է դիտարկվի գնաճի համատեքստում։

Նրա խոսքով՝ Հնդկաստանի ռազմական բյուջեի գրեթե կեսը գնում է աշխատավարձերի ու նպաստների վրա, իսկ մնացած մասը «մնում է նոր տեխնիկա ձեռք բերելու համար»։

Վահաբը նշել է, որ ավելի էական փոփոխությունը ոչ թե ծախսերի չափի, այլ ռեսուրսների ուղղության մեջ է։ Հնդկաստանը, ինչպես շատ այլ երկրներ, հարմարվում է դեպի ինքնավար ու անօդաչու համակարգեր ուղղված համաշխարհային տեղաշարժին։

Հնդկաստանի պաշտպանության նախարարությունն անցյալ շաբաթ հայտարարել է, որ հայրենական ռազմական արտադրությունն աճել է 2015 թվականի մարտին ավարտված ֆինանսական տարվա 4.9 մլրդ դոլարից՝ հասնելով անցյալ մարտին ավարտված վերջին ֆինանսական տարվա մոտ 19 մլրդ դոլարի, մինչդեռ ռազմական արտահանումը նույնպես հասել է ռեկորդային 384 միլիարդ ռուփիի։ Երկիրն ակտիվորեն առաջ է մղում իր «ԲրահՄոս» հրթիռային համակարգերը Հարավարևելյան Ասիայում և այլուր։

Անցյալ տարվա հնդկապակիստանյան հակամարտության դասերը նույնպես ազդում են Նյու Դելիի ռազմական գնումների որոշումների վրա։

«Այդ փորձն ուժեղացրել է Հնդկաստանի՝ ներքին անօդաչու կարողություններ զարգացնելու և ապագա հակամարտությունների համար անհրաժեշտ տեխնոլոգիաներ ձեռք բերելու ձգտումը,- ասել է Դոնտին։- Հնդկաստանում գիտակցում կա, որ հրատապ անհրաժեշտ է առաջնահերթություն տալ համատեղ մշակում և տեխնոլոգիաների փոխանցում ենթադրող պաշտպանական գործարքներին»։

Վահաբը նշել է, որ 2018 թվականին գործարկված կառավարության «Innovations for Defence Excellence» (IDEX, «Նորարարություններ պաշտպանական գերազանցության համար») ծրագիրը Հնդկաստանի անօդաչուների էկոհամակարգի աճի առանցքային շարժիչն է։ Այն խրախուսում է ստարտափներին ու մասնավոր ընկերություններին՝ զարգացնելու անօդաչու տեխնոլոգիաներ։

«Բայց այն, ինչ մենք արտադրում ենք, տակտիկական անօդաչուներ են՝ թեթև և ցածր ինքնավարությամբ»,- ասել է նա՝ ընդգծելով, որ Հնդկաստանին անհրաժեշտ են բարդ, մեծ հեռահարության անօդաչու համակարգեր, որոնք ընդունակ կլինեն կրելու «ծանր սպառազինություն»։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում