Շոգի հետևանքով Ֆրանսիայում գրանցվել է շուրջ 1000 մահ

Եվրոպայի մի շարք երկրներում շարունակվող աննախադեպ շոգի ֆոնին Ֆրանսիայում արձանագրվել է շուրջ 1000 հավելյալ մահ։ Այս մասին հայտնել է երկրի հանրային առողջապահության գործակալությունը:
Շոգի հետևանքով մահացածների մեծ մասը տարեցներ են, իսկ վերջնական թիվը կարող է աճել, քանի որ դեռ հավաքագրվում են տվյալներ խնամքի հաստատություններից և մասնավոր բնակարաններից։
Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ կիրակի Գերմանիայի, Լեհաստանի և Իտալիայի որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի կամ կգերազանցի 40°C-ը, մինչդեռ Ֆրանսիայի մի շարք հատվածներում սկսվել են ամպրոպներ, որոնք նոր խափանումներ են առաջացրել տրանսպորտի և էլեկտրամատակարարման համակարգերում։
Գիտնականների գնահատմամբ՝ հունիսի 20-ին սկսված շոգի ալիքը Եվրոպայում երբևէ գրանցված ամենաուժեղներից է։ Այն արդեն խաթարել է էլեկտրաէներգիայի արտադրությունը, վնասել ենթակառուցվածքները և ծանրաբեռնել առողջապահական համակարգերը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ ներկայումս շուրջ 150 միլիոն մարդ ապրում է ծայրահեղ շոգի պայմաններում, հարյուրավոր մարդիկ մահացել են, փակվել են դպրոցներ, իսկ էլեկտրացանցերը ծանրաբեռնված են։











