Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է ընտրական իրավունքների սահմանափակման նախագծերի հանրային քննարկումը։
Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից մի քանի օր անց Քաղաքացիական պայմանագրի պատգամավորները շրջանառության մեջ դրեցին օրենսդրական նոր նախագիծ, որ Ազգային ժողովի ընտրություններին և հանրաքվեին մասնակցելու իրավունք ունենան միայն նրանք, որոնք այդ տարվա ընթացքում շուրջ վեց ամիս ապրել են Հայաստանում:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից նշում են, որ չնայած միջազգային փաստաթղթերի համաձայն՝ պետությունն ունի ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունքների շրջանակը որոշելու հայեցողություն՝ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող դերակատարները մտահոգություններ ունեն նախագծերով առաջարկվող նշված կարգավորումների` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ։
«Նկատի ունենալով վերը նշվածը և այն, որ իրավունքների սահմանափակմանն առնչվող ցանկացած նախաձեռնություն ազդեցություն է ունենում մարդու իրավունքների ընդհանուր համակարգի տեսանկյունից` Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է, որպեսզի նախագծերի առնչությամբ իրականացվեն հանրային քննարկումներ շահագրգիռ դերակատարների մասնակցությամբ»,- հայտնում են ՄԻՊ գրասենյակից։












