Գլխավոր Լրահոս

Ազգային ժողովը սահմանափակեց ընտրություններին մասնակցելու իրավունքը

Ազգային ժողովը սահմանափակեց ընտրություններին մասնակցելու իրավունքը

Արտերկրում ապրող կամ Հայաստանից տևական ժամանակով բացակայող քաղաքացիներն այլևս չեն կարողանա մասնակցել Հայաստանի ընտրություններին, եթե վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանում չեն ապրել առնվազն մեկ տարի։ Հուլիսի 3-ին ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որն էապես խստացնում է քվեարկելու պայմանները՝ նպատակ ունենալով բացառել միայն քվեարկության համար արտերկրից Հայաստան զանգվածաբար ժամանելու պրակտիկան:

Նոր իրավակարգավորումների համաձայն՝ Ազգային ժողովի ընտրություններին կամ հանրաքվեներին քվեարկելու համար 18 տարին լրացած քաղաքացին պետք է վերջին երկու տարվա (730 օրվա) ընթացքում Հայաստանում փաստացի գտնված լինի 366 և ավելի օր։ Ընդ որում, ընտրության նախաշեմին կամ բուն քվեարկության օրը երկիր ժամանելը բավարար չէ. ընտրելու իրավունք ստանալու համար քաղաքացին պետք է վերադարձած լինի հերթական ընտրություններից առնվազն 48 օր, իսկ արտահերթ ընտրությունների դեպքում՝ 28 օր առաջ:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ալխաս Ղազարյանի, Արուսյակ Մանավազյանի, Հասմիկ Հակոբյանի և Արուսյակ Ջուլհակյանի հեղինակած նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նման սահմանափակում մտցնելու առիթը հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններն էին, երբ նկատվել էր արտերկրից քաղաքացիների զանգվածային ժամանում հատկապես քվեարկությանը մասնակցելու նպատակով։

Նույնպիսի խիստ բնակության ցենզ է սահմանվում նաև Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար։ Այս դեպքում քաղաքացիները, բացի վերջին երկու տարում մեկ տարի Հայաստանում ապրելուց, պետք է նաև մինչև քվեարկության օրն առնվազն 6 ամսվա հաշվառում ունենան տվյալ համայնքի բնակչության ռեգիստրում։

Օրենքը միաժամանակ սահմանում է հստակ բացառություններ այն քաղաքացիների համար, որոնց երկարատև բացակայությունը հարգելի է համարվում և չի հանգեցնում ընտրական իրավունքի կորստի։ Այդ խմբում են արտասահմանյան բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող ուսանողները, ծառայողական նպատակներով արտերկրում գտնվող հանրային ծառայողները, ինչպես նաև դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում աշխատողներն ու նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի անդամները։

Ընտրական օրենսգրքում և «Հանրաքվեի մասին» օրենքում կատարված այս օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակման հաջորդ օրը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում