«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ձերբակալումն ու նրա ընկերությունների նկատմամբ ճնշումները մի քանի հազար մարդու ստիպել են պարապուրդի մատնվել, կարծում է Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրի դիմաց հուլիսի 7-ին հավաքվել էին Ծառուկյանի ընկերություններում աշխատողները, նրա աջակիցներն ու թիմակիցները, ինչպես նաև Ծառուկյանի դուստրերը։
ՔԿ-ն հայտարարում է, որ Ծառուկյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կազմակերպելու համար։ Նրա փաստաբանը, իր հերթին, պնդում է, որ գործը քաղաքական ենթատեքստ ունի, իսկ Ծառուկյանը պետք է ճանաչվեր տուժող, ոչ թե մեղադրյալ։





