Գլխավոր Լրահոս

Վրացի տղամարդու և ռուսախոս կանանց միջև բախումը քննարկումների ալիք է առաջացրել սոցցանցերում

Վրացի տղամարդու և ռուսախոս կանանց միջև բախումը քննարկումների ալիք է առաջացրել սոցցանցերում

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Վրաստանի ոստիկանությունը Թելավիի հյուրանոցներից մեկում զբոսաշրջիկ կնոջը հարվածելու համար ձերբակալել է մի տղամարդու։ Դեպքին նախորդել էր թեժ վիճաբանություն։ Տեսանյութը լայն տարածում է գտել սոցիալական ցանցերում, իսկ կնոջ ընկերուհին պնդում էր, որ միջադեպը սկսվել է իրենց՝ ռուսերեն խոսելու պատճառով։ Մյուս կողմը հերքել է այդ վարկածը՝ պնդելով, որ կանայք կոպիտ են պահել իրենց, խանգարել ձերբակալվածի եղբոր հարսանիքը և պատշգամբից հեղուկներ նետել հյուրերի վրա։

Միջադեպը, որը այլ պարագայում, հավանաբար, կդիտարկվեր որպես գենդերային բռնության արդեն չափազանց ծանոթ դեպք, արագ վերածվեց Վրաստանում ռուսաստանցիների ներկայության շուրջ լայն քննարկումների առիթի։

Ոմանք դատապարտեցին տղամարդու գործողությունները՝ նշելով, որ կնոջը հարվածելու համար որևէ արդարացում չի կարող լինել։ Մյուսները պաշտպանեցին նրան՝ մատնանշելով կանանց ենթադրյալ սադրանքը։

Շատերը դեպքը դիտարկեցին նաև ավելի լայն համատեքստում՝ խոսելով, իրենց բնորոշմամբ, Վրաստանում ռուսաստանցի զբոսաշրջիկների ամբարտավան պահվածքի մասին, որը նախկինում ևս երկրի տարբեր հատվածներում բախումների պատճառ էր դարձել։

Հուլիսի 18-ի երեկոյան տեղի ունեցած միջադեպի տեսանյութը սոցիալական ցանցերում հրապարակել է Պոլինա Կուրտան, որը հյուրանոցային համարում կանանցից մեկն էր։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է մի տղամարդ, որը հետագայում նույնականացվեց որպես 30-ամյա Գիորգի Չիղլաձե, համարի մուտքի մոտ վիճում մի կնոջ հետ, որի անունը, ըստ տեղեկությունների, Ալյոնա Նեստերյուկ է, ապա հարվածում նրա դեմքին և հեռանում։

Տեսանյութի շարունակությունում երևում է Նեստերյուկը՝ արյունահոսող քթով, ինչպես նաև բուժաշխատողները, որոնք տեղում օգնություն են ցուցաբերում նրան։ Instagram-ում միլիոնավոր դիտումներ հավաքած տեսանյութի նկարագրությունում Կուրտան պնդել էր, որ Չիղլաձեն «ներխուժել է համար», երբ «լսել է», որ ներսում գտնվողները ռուսերեն են խոսում, հարձակվել Նեստերյուկի վրա «ռուսերեն խոսելու համար»։

Չիղլաձեին կարճ ժամանակ անց ձերբակալեցին և մեղադրանք առաջադրեցին «առողջությանը դիտավորությամբ թեթև վնաս պատճառելու» հոդվածով։ Սակայն դատախազությունը նախնական կալանք չպահանջեց և միջնորդեց միայն գրավ կիրառել։

Ավելի ուշ պարզվեց, որ միջադեպից առաջ հյուրանոցի պատշգամբում հարսանիք էր ընթանում, իսկ Չիղլաձեն փեսայի եղբայրն էր։ Նրա փաստաբան Լաշա Կապանաձեն, որը նույնպես մասնակցում էր հարսանիքին, դեպքը բնութագրեց որպես «սադրանք», իսկ Չիղլաձեին՝ դրա «զոհ»։ Նա նաև հրապարակեց լուսանկար, որում երևում էին Չիղլաձեի պարանոցի քերծվածքները, որոնք, ըստ պնդման, հասցրել էր այն կինը, որին նա հարվածել էր։

Facebook-ում հրապարակած ծավալուն գրառման մեջ Կապանաձեն նշել է, որ միջադեպը սկսվել, երբ երրորդ հարկի պատշգամբում ռուսախոս կանայք հարսանեկան ընդունելության ժամանակ ռուսերենով «համբուրվեք» են բղավել հարսի ու փեսայի հասցեին։ Փաստաբանի պնդմամբ՝ անտեսված մնալուց հետո կանայք սկսել են հեղուկներ նետել ու թքել հյուրերի վրա, վնասել ձայնային սարքավորումները և ժամանակավորապես դադարեցնել երաժշտությունը։

Կապանաձեի խոսքով՝ հյուրերը կանանց խնդրել են դադարեցնել, սակայն նրանք փոխարենը վիրավորել են Վրաստանին և հարսանիքի մասնակիցներին։ Թեև հյուրանոցի աշխատակիցները խոստացել էին միջամտել, խանգարումները, ըստ նրա, շարունակվել են, ինչից հետո Չիղլաձեն գնացել է կանանց համար և ասել, որ նրանք փաստացի փչացրել են հարսանիքը։

«Ի պատասխան՝ հյուրանոցային համարում գտնվող կինը անգլերենով ասել է, որ նա գտնվում է իր սենյակում և պահանջել, որ իր հետ ռուսերեն խոսի»,- գրել է փաստաբանը։ Նրա պնդմամբ՝ Չիղլաձեն անգլերենով պատասխանել է, որ կինն իր երկրում է։

Կապանաձեն պնդել է, որ դրանից հետո կինը բռնել է Չիղլաձեի պարանոցից և քերծել նրան, ինչից հետո տղամարդը հետ է քաշվել և հայհոյել նրան։ Վիճաբանությունը շարունակվել է և ավարտվել լայն տարածում գտած տեսանյութում երևացող դրվագով։

Հուլիսի 19-ին տարածած հայտարարությունում Agarani Estate-ը նշել է, որ «խորապես ցավում է» կատարվածի համար և հայտնել, որ հյուրանոցի աշխատակիցները միջամտել ու ոստիկանություն են զանգահարել, երբ կողմերի միջև լարվածությունը մեծացել է։

«Մեր թիմը օգնություն է ցուցաբերել միջադեպում ներգրավված անձանց, ապահովել է բոլոր տեղեկությունների արձանագրումը և շարունակել լիարժեք համագործակցել իրավասու մարմինների հետ»,- ասված էր հայտարարությունում։

Հյուրանոցը նաև կոչ էր արել հանրությանը չմոլորվել իր հասցեին հնչող «ոչ ճշգրիտ տեղեկություններից ու կեղծ մեղադրանքներից»՝ հավելելով, որ ընդունում է հյուրերի ամբողջ աշխարհից և մերժում «խտրականությունը, ատելությունն ու բռնությունը ցանկացած ձևով»։

Հայտարարությունը Facebook-ում բազմաթիվ բացասական արձագանքներ ստացավ։ Շատերը հյուրանոցին մեղադրեցին վիճաբանության սկզբնական փուլում չմիջամտելու համար։

Նույն օրը՝ կիրակի, սոցիալական ցանցերում տարածվեց նաև հարսանիքի ընթացքում նկարահանված տեսանյութ։ Դրանում մի մարդ, որը, ենթադրաբար, հյուրերից մեկն էր, ռուսերենով պատշգամբում գտնվող կանանց ասում է, որ նրանք իրենց տանը չեն, և հորդորում է լռել ու վերադառնալ համար։

Նույն օրը տարածած կարճ հաղորդագրությունում ոստիկանությունը վկայակոչեց ականատեսների ցուցմունքներ, որոնք մոտ էին Կապանաձեի ներկայացրած վարկածին։

Ավելի ուշ ոստիկանությունը հայտնել է, որ վարչական վարույթ է սկսվել նաև հարսանիքի մեկ այլ մասնակցի՝ Ալեքսանդրե Մրելաշվիլիի նկատմամբ։ Ոստիկանության տվյալներով՝ նա հրաժարվել է մինչև վերջ մնալ հարցաքննությանը, վիրավորել է ոստիկաններին և վնասել պահարանի դուռը։

Mtis Ambebi լրատվամիջոցը հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են ոստիկանները Մրելաշվիլիին հետ մղում բաժանմունքի ներս։ Նա ուշ գիշերին դուրս է եկել բաժանմունքից՝ առանց մեկնաբանություն տալու։

Նեստերյուկը հերքում է մեղադրանքները

Միջադեպից հետո Instagram-ում հրապարակած մի քանի story-ներից մեկում Կուրտան նշել է, որ ծնվել է Ուկրաինայում, սակայն ապրում է Ռուսաստանում և ռուսերեն է խոսում։

«Իմ ընկերուհիները Ուկրաինայից են և ռուսերեն են խոսում»,- գրել է նա՝ ավելացնելով. «Ես հոգնել եմ այս ցեղասպանությունից»։ Ըստ ամենայնի՝ նա նկատի ուներ ռուսախոսների նկատմամբ ենթադրյալ հետապնդումները։

Նա նաև հարցրել է. «Ինչո՞ւ պետք է որևէ մեկը իրավունք ունենա մեկ ուրիշին ծեծելու լեզվի պատճառով»։

Ռուսական լրատվամիջոցները, այդ թվում՝ իշխանամետ պարբերականները, կանանց ներկայացրել են որպես ռուսաստանցի զբոսաշրջիկներ։

Հուլիսի 20-ին ռուսաստանաբնակ, կրեմլամետ և վրացական ծագման գործարար Մամուկա Պիպիան հրապարակեց Նեստերյուկի հետ հարցազրույց։

Նեստերյուկի խոսքով՝ համարում հինգ կին է եղել՝ ներառյալ ինքը։ Նա ընդունել է, որ «հնարավոր է՝ որոշ բանավոր փոխանակում եղել է», սակայն պնդել է, որ կանայք «կոպիտ բառապաշար» չեն օգտագործել։ Նրա խոսքով՝ առաջինը հայհոյել է մյուս կողմը։

Նեստերյուկը նաև ասել է, որ ինքն ու ընկերուհիները ծննդյան օր էին նշում։ Նա չի բացառել, որ շամպայն բացելիս որոշ կաթիլներ կարող էին հասնել հարսանիքի հյուրերին, սակայն հերքել է, թե նրանք միտումնավոր հեղուկ են լցրել մարդկանց վրա կամ թքել նրանց ուղղությամբ։ Նրա խոսքով՝ ինքը միջադեպին միջամտել է միայն ընկերուհիներին օգնելու համար։

Նեստերյուկը հավելել է, որ թեև հյուրանոցի աշխատակիցները «չեն նպաստել» կատարվածին, սակայն «շատ լուրջ սխալներ» են թույլ տվել, օրինակ՝ կանանց հորդորելով դուրս չնայել և մնալ սենյակում։

Ռուսաստանի քաղաքացիների ներկայության հարցը Վրաստանում հատկապես արդիական դարձավ 2022-ին՝ Ռուսաստանի՝ Ուկրաինա լայնածավալ ներխուժումից հետո։ Պատերազմի մեկնարկը, ինչպես նաև նույն տարվա ընթացքում նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարած մասնակի զորահավաքը զգալիորեն մեծացրին Վրաստան ժամանող ռուսաստանցիների թիվը, որոնցից շատերը երկար ժամանակ մնացին երկրում։

2025-ին Վրաստան այցելած ռուսաստանցիների թիվը հասավ ռեկորդային՝ գրեթե 1,6 միլիոնի։ Միաժամանակ, 2024-ի մարդահամարի տվյալներով՝ երկրում բնակվող Ռուսաստանի քաղաքացիների թիվը հասել էր 37,715-ի՝ 2014-ի 7,620-ի դիմաց։ Ոմանք կասկածի տակ են դնում մարդահամարի մեթոդաբանությունը՝ պնդելով, որ երկրում փաստացի բնակվող ռուսաստանցիների թիվը կարող է ավելի մեծ լինել։

2022-ից ի վեր Ռուսաստանի քաղաքացիները Վրաստանում գրանցել են տասնյակ հազարավոր ընկերություններ և գնել հազարավոր բնակարաններ։ Սա հաճախ նշվում է անշարժ գույքի գների աճին նպաստած գործոնների թվում։

Կազմակերպություն

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում