Դաղստանի Կասպիյսկ քաղաքի նախկին քաղաքապետը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Բորիս Գոնցովը
Պաշտոնական լուսանկար
Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Դաղստանի Կասպիյսկ քաղաքի նախկին քաղաքապետ Բորիս Գոնցովը ձերբակալվել է բազմաբնակարան շենքի շահագործման թույլտվությունը ապահովելու դիմաց կաշառք ստանալու կասկածանքով։
Ռուսաստանի Քննչական կոմիտեն նրա ձերբակալության մասին հայտնել է հուլիսի 21-ին։ Գերատեսչության տվյալներով՝ Գոնցովը կաշառքը ստացել է անունը չհրապարակված առևտրային ընկերության տնօրենից։
Քննչական կոմիտեի պնդմամբ՝ կաշառքը տրամադրվել է հինգ բնակարանի տեսքով, որոնց ընդհանուր շուկայական արժեքը գերազանցում է 18 միլիոն ռուբլին (230 հազար դոլար)։
Գոնցովին մեղադրում են նաև Կասպիյսկի քաղաքային վերահսկողության վարչության ղեկավարի հետ հանցավոր համաձայնության գալու մեջ։ Վերջինիս անունը չի հրապարակվել։
Ենթադրյալ կաշառքի նպատակը բազմահարկ բնակելի շենքը շահագործման հանձնելու թույլտվություն ստանալն էր։ Ըստ քննության՝ շենքը կառուցվել էր շինարարության թույլտվությունների և հաստատված նախագծային փաստաթղթերի խախտումներով։
Քննչական կոմիտեի տվյալներով՝ ապօրինի վճարումը թաքցնելու համար բնակարանները գրանցվել էին երրորդ անձանց անուններով։
Մեղավոր ճանաչվելու դեպքում Գոնցովին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում։
Քննչական կոմիտեն նշել է, որ նույն գործով ավելի վաղ քրեական վարույթներ էին սկսվել նաև քաղաքային վերահսկողության վարչության ղեկավարի և ընկերության տնօրենի նկատմամբ։
Գոնցովը Կասպիյսկի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է 2020-ի նոյեմբերից մինչև 2026-ի հունիսը։ Քաղաքային ժողովը նրան ընտրել էր մրցութային գործընթացից հետո, որին սկզբում մասնակցում էր 20 թեկնածու։
Նրա նշանակումը լայնորեն կապվում էր Սերգեյ Մելիքովի հետ, որը դրանից առաջ դարձել էր Դաղստանի ղեկավար։
2025-ի նոյեմբերին Գոնցովը վերընտրվել էր երկրորդ ժամկետով։ Սակայն, ի տարբերություն 2020-ի առաջին ընտրության, այս անգամ քվեարկությունը միաձայն չէր․ քաղաքային խորհրդի 23 անդամներից 19-ը կողմ էին քվեարկել նրա թեկնածությանը։
2026-ի հունիսին Գոնցովը պաշտոնաթող եղավ մինչև լիազորությունների ժամկետի ավարտը՝ որպես պատճառ նշելով անձնական հանգամանքները։
Մինչև տեղական քաղաքականություն մտնելը Գոնցովը երկար տարիներ աշխատել էր Ռուսաստանի ուժային կառույցներում։ Նա ավարտել էր Ներքին գործերի նախարարության Սանկտ Պետերբուրգի բարձրագույն ռազմական հրամանատարական ուսումնարանը, ապա՝ Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան։
Գոնցովը հասել էր գեներալ-մայորի կոչման և զբաղեցրել Ռուսաստանի Ազգային գվարդիայի Արևելյան օկրուգի հրամանատարի առաջին տեղակալի պաշտոնը։
Պաշտոնավարման գրեթե վեց տարիների ընթացքում բնակիչները բազմիցս բողոքել են քաղաքային ենթակառուցվածքների վատթարացումից։
Գոնցովի պաշտոնը ստանձնելուց ընդամենը մի քանի օր անց Կասպիյսկում խմելու ջրի լուրջ ճգնաժամ էր առաջացել։ Հեղեղումների հետևանքով ծորակի ջուրը գունափոխվել և տհաճ հոտ էր ստացել, իսկ մի շարք թաղամասերի բնակիչներ հայտնել էին նաև ջրածածկումների մասին։ Քաղաքի ջրամատակարարման խնդիրները շարունակվեցին նրա պաշտոնավարման ողջ ընթացքում։
2026-ի հունվարին մի քանի փողոցների բնակիչներ ավելի քան երկու շաբաթ հոսող ջուր չունեին։ Միաժամանակ քաղաքում լուրջ խնդիրներ կային նաև աղբահանության հետ։ Բնակիչները բողոքում էին նաև էլեկտրաէներգիայի հաճախակի անջատումներից, ջեռուցման խափանումներից և կոյուղու խնդիրներից։
Դաղստանի այն ժամանակվա ղեկավար Մելիքովը ևս հրապարակայնորեն քննադատել էր Գոնցովին՝ նշելով, որ քաղաքային վարչակազմը բավարար արդյունավետությամբ չի լուծում այդ խնդիրները։
Գոնցովի հրաժարականից հետո նրան այլ պաշտոնում նշանակելու մասին որևէ պաշտոնական հայտարարություն չի եղել։
Կազմակերպություն
Թեմա











