Գլխավոր Լրահոս

Չեչնիայի Գերագույն դատարանն ուժի մեջ է թողել Զարեմա Մուսաևայի դատավճիռը

Զարեմա Մուսաևան

Զարեմա Մուսաևան

Լուսանկարը՝ TASS-ի

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Չեչնիայի Գերագույն դատարանն ուժի մեջ է թողել չեչեն ընդդիմադիր ակտիվիստներ Աբուբակար, Իբրահիմ և Բայսանգուր Յանգուլբաևների մոր՝ Զարեմա Մուսաևայի նկատմամբ կայացված դատավճիռը։ 56-ամյա կինը ևս երեք տարի կմնա ազատազրկված՝ քրեակատարողական ծառայության աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։

Ինչպես հայտնում է «Խոշտանգումների դեմ թիմը» (Team Against Torture), դատարանը հուլիսի 20-ին մերժել է Մուսաևայի բողոքը։

Խոսքը 2024-ի օգոստոսին Շալիի քաղաքային դատարանի կայացրած վճռի մասին է, որով Մուսաևան մեղավոր էր ճանաչվել քրեակատարողական հիմնարկի աշխատանքը խոչընդոտելու համար։

Մեղադրանքի համաձայն՝ նա հիվանդանոց տեղափոխելու ընթացքում հարձակվել էր Դաշնային քրեակատարողական ծառայության (FSIN) աշխատակցի վրա։

Դատարանը նրան դատապարտել էր երեք տարի 11 ամիս ազատազրկման։ Հետագայում, Ռուսաստանի օրենսդրության փոփոխություններից հետո, պատժաչափը կրճատվել էր մեկ ամսով։

Պաշտպանական կողմը պնդում է, որ մեղադրանքը չի հիմնավորվում գործով ապացույցներով։

Մուսաևան ամբողջությամբ հերքում է մեղադրանքները և համոզված է, որ քրեական հետապնդումը վրեժ է իր որդիների գործունեության համար, որոնք տարիներ շարունակ հրապարակայնորեն քննադատել են Չեչնիայի ղեկավարությանը։

Դատավարության ընթացքում պաշտպանները բազմիցս նշել են, որ ենթադրյալ հանցագործության համար որևէ համոզիչ շարժառիթ չի ներկայացվել, իսկ մեղադրանքի վկաների ցուցմունքներում առկա են էական հակասություններ։

Գերագույն դատարանի որոշմամբ դատավճիռն այժմ մտել է օրինական ուժի մեջ։

Այն այսուհետ կարող է բողոքարկվել միայն վճռաբեկ վարույթի շրջանակում։

«Սա դատական որոշում չէ, այլ կատարյալ անհեթեթություն՝ թելադրված վախով և ատելությամբ։ Ռուսաստանի դատական համակարգից արդարություն ակնկալելու որևէ հույս չունեմ։ Այլ արդյունք չէի սպասում, թեև հույս ունեի, որ վերադաս ատյաններում գոնե մեկը կարեկցանք կցուցաբերի անմեղ կնոջ նկատմամբ, համարձակություն կունենա ճիշտ որոշում կայացնելու և վերջապես նրան ազատ արձակելու։ Այսօրվա Չեչնիայում դա պարզապես անհնար է»,- OC Media-ին ասել է Մուսաևայի ավագ որդին՝ Աբուբակար Յանգուլբաևը։

Քրեակատարողական ծառայության աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու գործը Մուսաևայի դեմ հարուցված երկրորդ քրեական գործն էր։

2023-ի հուլիսին Գրոզնիի Ախմատովսկի շրջանի դատարանը նրան դատապարտել էր հինգուկես տարվա ազատազրկման՝ խարդախության և ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքներով։

Ավելի ուշ Չեչնիայի Գերագույն դատարանը պատժաչափը կրճատել էր մինչև հինգ տարի։

Եթե նոր քրեական գործը չհարուցվեր, Մուսաևան պետք է ազատ արձակվեր 2025-ին։

Նրա քրեական հետապնդումը սկսվել էր 2022-ի հունվարին, երբ չեչեն ուժայինները նրան Նիժնի Նովգորոդի բնակարանից տեղափոխել էին Գրոզնի։

Պաշտոնական վարկածով՝ նրան բերում էին որպես վկայի հարցաքննության։

Այդ ժամանակ Մուսաևան արդեն տառապում էր երկրորդ տիպի շաքարախտով և, ըստ հարազատների, պարբերաբար ինսուլինի կարիք ուներ։ Նրանք պնդել են, որ տեղափոխման ընթացքում նրան զրկել են անհրաժեշտ բուժօգնությունից։

Ձերբակալությունից մի քանի օր անց Մուսաևայի դեմ քրեական գործ հարուցվեց։ Քննիչների պնդմամբ՝ նա քննչական փաստաթղթերի ձևակերպման ընթացքում քերծել էր ոստիկանության աշխատակցին։

Ավելի ուշ նրան նաև մեղադրանք առաջադրվեց խարդախության համար՝ սոցիալական նպաստներ ապօրինի ստանալու ենթադրյալ դեպքի առնչությամբ։

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները բազմիցս հայտարարել են, որ Մուսաևայի քրեական հետապնդումը քաղաքական դրդապատճառներ ունի։

Amnesty International-ը նրան ճանաչել է խղճի բանտարկյալ, իսկ ռուսական «Մեմորիալ» իրավապաշտպան կազմակերպությունը՝ քաղբանտարկյալ։

Երկու կազմակերպություններն էլ նրա հետապնդումը կապել են որդիների գործունեության հետ։

Աբուբակար Յանգուլբաևը ևս OC Media-ին ասել է, որ իր մայրը անմեղ է, իսկ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի վարչակարգը նրան օգտագործում է որպես օրինակ՝ այլախոհներին վախեցնելու համար։

Յանգուլբաևների ընտանիքը 2022-ի սկզբին, հանրապետության իշխանությունների հետ տարիներ տևած հակամարտությունից հետո, լքել էր Չեչնիան։

Յանգուլբաև եղբայրները բազմիցս քննադատել են Կադիրովին և չեչեն ուժային կառույցներին։

Մուսաևայի առևանգումից հետո Կադիրովը հրապարակայնորեն հայտարարել էր, որ Յանգուլբաևների ընտանիքի անդամներին պետք է «գտնել և ոչնչացնել», իսկ պատգամավոր Ադամ Դելիմխանովը սպառնացել էր «կտրել նրանց գլուխները»։

Գրոզնիի կենտրոնում անցկացվել էր նաև Յանգուլբաևների ընտանիքի դեմ հանրահավաք, որի ընթացքում նրանց լուսանկարները այրել, ոտնատակ էին տվել և պատռել։

Մուսաևան հետևողականորեն հերքել է իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները։

Դատավարության ողջ ընթացքում նա պնդել է, որ բռնություն չի գործադրել իրավապահների նկատմամբ, և հայտարարել, որ քրեական հետապնդման նպատակը իր ընտանիքի վրա ճնշում գործադրելն է։

Նրա փաստաբանները բազմիցս դատարանի ուշադրությունն են հրավիրել նաև Մուսաևայի առողջական վիճակի վրա։

Շաքարախտից բացի նա տառապում է մի շարք քրոնիկական հիվանդություններով, որոնք պահանջում են մշտական բժշկական հսկողություն։

Պաշտպանության կողմը պնդում է, որ կալանքի պայմանները բազմիցս հանգեցրել են նրա առողջության վատթարացման։

2024-ի մայիսին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ էր կայացրել հօգուտ Մուսաևայի՝ պարտավորեցնելով Ռուսաստանին նրա ձերբակալության համար վճարել 52 հազար եվրո (55 հազար դոլար) փոխհատուցում։

Կազմակերպություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում