Գլխավոր Լրահոս

Չեչնիայում կնոջը մեղադրել են կախարդությամբ զբաղվելու մեջ

Ադամ Էլժուրկաևը

Ադամ Էլժուրկաևը

Լուսանկարը՝ «Չեչնյա սեգոդնյա»-ի

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Չեչնիայի Իսլամական բժշկության կենտրոնի գլխավոր մասնագետ Ադամ Էլժուրկաևը հրապարակայնորեն հանդիմանել է Ուրուս-Մարտան քաղաքի մի բնակչուհու, որին ուժայինները ձերբակալել էին օկուլտ ծառայություններ մատուցելու մեղադրանքով։

Միջադեպի մասին հուլիսի 21-ին հայտնել է տեղական Instagram-յան էջերից մեկը՝ հրապարակելով տեսանյութ, որում երևում է պետական Grozny TV հեռուստաընկերության տարբերանշանը։

Կնոջ ինքնությունը չի բացահայտվում։

Տեսանյութում նա մի սենյակում է, որի պատին կախված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիմանկարը։ Կինը նստած է Էլժուրկաևի կողքին, որը նրան մեղադրում է կախարդությամբ զբաղվելու մեջ և կոչ անում հրաժարվել նման գործունեությունից։

Զրույցին մասնակցում է նաև անվտանգության ծառայության համազգեստ հիշեցնող հագուստով մի տղամարդ։ Նրա տարբերանշանները տեսանելի չեն, իսկ հեռուստաընկերությունը չի հայտնում նրա ինքնությունը։ 

Զրույցի ընթացքում կինը ընդունում է, որ իրեն օգնության համար դիմած մարդկանց է ընդունել։ Նա ասում է, որ աղոթքներ է կարդացել և կրոնական ծեսեր կատարել, սակայն հերքում է, թե զբաղվել է կախարդությամբ այն իմաստով, ինչպես իրեն են մեղադրում։

Չնայած դրան՝ Էլժուրկաևը պնդում է, որ նման գործունեությունը հակասում է իսլամին և մեղք է։

Սեղանին դրված են բազմաթիվ լուսանկարներ և իրեր, որոնք ներկայացվում են որպես օկուլտ գործունեության ապացույցներ, այդ թվում՝ կախովի կողպեքներ։

«Նույնիսկ սարսափելի է այս սենյակում գտնվելը. այստեղ ամեն ինչ լի է կախարդությամբ»,- կադրից դուրս ասում է հեռուստալրագրողը։

Հեռուստաընկերությունը չի պարզաբանում, թե ինչ իրավական հիմքով է կինը ձերբակալվել, արդյոք նրա նկատմամբ հարուցվել է քրեական կամ վարչական վարույթ, ինչպես նաև չի նշում նրա դատավարական կարգավիճակը։

Ռեպորտաժը չի հրապարակվել Grozny TV-ի պաշտոնական կայքում կամ սոցիալական ցանցերի էջերում։

Իսլամական բժշկության կենտրոնը, որտեղ աշխատում է Էլժուրկաևը, գործում է Չեչնիայի իշխանությունների աջակցությամբ։

Կենտրոնի ներկայացուցիչները պարբերաբար մասնակցում են կախարդության, գուշակության, օկուլտ գործունեության կամ, իշխանությունների բնորոշմամբ, «ոչ ավանդական բուժմամբ» զբաղվելու մեջ մեղադրվող անձանց դեմ ուղղված հանրային արշավներին։

Նման դեպքերում պետական հեռուստատեսությունը հաճախ հեռարձակում է տեսանյութեր, որոնցում ձերբակալվածները խոստովանում են, որ իրենց գործունեությունը սխալ է եղել, և խոստանում են հրաժարվել դրանից։

Չեչնիայում ենթադրյալ կախարդների դեմ արշավը շարունակվում է դեռևս 2010-ականների վերջից։

Իրավապաշտպան կազմակերպությունները բազմիցս քննադատել են այս քաղաքականությունը՝ նշելով, որ նման հրապարակային «խոստովանությունները» կարող են կորզված լինել ճնշման ներքո, իսկ դրանց հեռարձակումը խախտում է մարդու արժանապատվության և անմեղության կանխավարկածի իրավունքները։

Չեչնիայի իշխանությունները հերքում են այս մեղադրանքները՝ հայտարարելով, որ պայքարում են այնպիսի գործունեության դեմ, որը, իրենց կարծիքով, մոլորեցնում է մարդկանց և հակասում իսլամական ուսմունքին։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի օրենսդրությամբ «կախարդությունը» քրեական կամ վարչական իրավախախտում չէ։

Կազմակերպություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում