Գլխավոր Լրահոս

Հետաքննություն․ Ադամ Կադիրովի գումարտակը «Ուկրաինա է մեկնել ընդամենը երկու անգամ»

Բեկխան Չալաևը և Ադամ Կադիրովը

Բեկխան Չալաևը և Ադամ Կադիրովը

Լուսանկարը՝ սոցիալական ցանցերից

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

«Նովայա գազետա Եվրոպա»-ի հետաքննության համաձայն՝ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի 18-ամյա որդու՝ Ադամ Կադիրովի վերահսկած, Ռուսաստանի ազգային գվարդիայի չեչենական գումարտակը գրեթե չի մասնակցել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ պատերազմի մարտական գործողություններին։

Անկախ լրատվամիջոցը հայտնել է, որ Բայսանգուր Բենոևսկու անվան գումարտակը հիմնականում տեղակայված է մնացել Գրոզնիում։

Հրապարակման համաձայն՝ Բայսանգուր Բենոևսկու անվան գումարտակը ստեղծվել է 2023-ին՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության ենթակայությամբ գործող Շեյխ Մանսուրի անվան գումարտակի հետ միաժամանակ։ Պաշտոնապես երկու ստորաբաժանումներն էլ ստեղծվել էին Ուկրաինայում մարտերին մասնակցելու համար, սակայն հետագայում նրանց դերերը զգալիորեն տարբերվել են։

«Նովայա գազետա Եվրոպա»-ին հաջողվել է հաստատել գումարտակի զինծառայողների՝ Ուկրաինա ընդամենը երկու մեկնում։ 2024-ի գարնանը հրամանատար Բեկխան Չալաևի գլխավորությամբ շուրջ 20 հոգանոց խումբը մեկնել է Զապորոժիեի շրջան։ Սակայն պարբերականը որևէ ապացույց չի գտել, որ նրանք մասնակցել են մարտական գործողությունների։

Հետաքննության հեղինակները առաջին մեկնումը բնութագրում են որպես «էքստրեմալ ֆոտոզբոսաշրջություն»՝ այդ եզրակացությանը հանգելով հրամանատարի՝ սոցիալական ցանցերում հրապարակած գրառումներից։

Երկրորդ անգամ գումարտակը ռազմաճակատ է մեկնել 2025-ի օգոստոսին, այս անգամ՝ առանց հրամանատարի։ Լրագրողները նշում են, որ մարտական գոտի այլ ուղևորությունների որևէ ապացույց չեն հայտնաբերել։

Հետաքննության համաձայն՝ գումարտակը, սակայն, զգալիորեն ավելի լավ պայմաններ է ունեցել, քան չեչենական բազմաթիվ այլ ստորաբաժանումներ։ Գրոզնիի կենտրոնում դրա համար նոր զորանոցներ են կառուցվել, հատկացվել են առանձին վարժահրապարակներ, ժամանակակից զենք և սեփական ավտոպարկ։

Լրագրողները ստորաբաժանումը բնութագրում են որպես «էլիտար» և նշում, որ այստեղ ընդունվելու պահանջները զգալիորեն ավելի խիստ են եղել, քան Շեյխ Մանսուրի անվան գումարտակում։

Վերջինս ձևավորվել էր որպես Պաշտպանության նախարարության կամավորական ստորաբաժանում և ընդունում էր մարդկանց՝ առանց տարիքի, առողջական վիճակի կամ նախկին դատվածության վերաբերյալ խիստ սահմանափակումների։

Հետաքննության համաձայն՝ Շեյխ Մանսուրի անվան գումարտակը կազմավորումից անմիջապես հետո ուղարկվել էր առաջնագիծ։

Հետաքննությունն անդրադառնում է նաև գումարտակի ֆինանսավորմանը։

«Նովայա գազետա Եվրոպա»-ի տվյալներով՝ Բայսանգուր Բենոևսկու անվան գումարտակի զինծառայողները առնվազն մեկ տարվա պայմանագրեր են կնքել և ստացել զինվորական ծառայության անցնելու համար նախատեսված 195 հազար ռուբլու (2500 դոլար) դաշնային միանվագ վճարը, որը տրամադրվում է Ուկրաինայում կռվելու նպատակով պայմանագիր ստորագրողներին։

Միաժամանակ, պարբերականը նշում է, որ գումարտակն իր ժամանակի մեծ մասն անցկացրել է Չեչնիայում։

Այս հետաքննությունը «Նովայա գազետա Եվրոպա»-ի ավելի լայն նախագծի մաս է, որի վրա լրագրողները աշխատել են շուրջ մեկ տարի։

Հեղինակների խոսքով՝ նրանք հարցազրույցներ են անցկացրել պատերազմում զոհված չեչեն զինծառայողների 178 ընտանիքների, ինչպես նաև չեչենական ստորաբաժանումների գործող և նախկին անդամների հետ։

Նրանք եզրակացնում են, որ թեև Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո Չեչնիայում ստեղծվել են նոր գնդեր և գումարտակներ, հանրապետության ղեկավարությանը առավել հավատարիմ համարվող ստորաբաժանումները հիմնականում պահպանվել են, մինչդեռ մարտերի հիմնական ծանրությունը կրել են այլ կատեգորիաների զինծառայողները։

Կազմակերպություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում