Սոցիալական ցանցերում ու լրատվամիջոցներում տարածվել են տեղեկություններ, թե «Անապահովության գնահատման» նոր համակարգով Սյունիքի մարզում 869 ընտանիք զրկվել է անապահովության նպաստներից:
Առաջինը դրա մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքից պատգամավոր Իրինա Յոլյանը. «Ընդամենը մեկ տարում իշխանությունը 869 ընտանիքի (նպաստառուների 71%-ին՝ 1219-ից հասցնելով 350-ի) զրկել է ապրուստի նվազագույն միջոցից»։
Անապահովության գնահատման նոր համակարգը կառավարության որոշմամբ ներդրվել է 2025-ի հունվարին: Այն որպես պիլոտային ծրագիր գործարկվել է Կոտայքի ու Սյունիքի մարզերում 2025-ի մարտից, իսկ ամբողջ Հայաստանի տարածքում սկսել է գործել 2026-ի հուլիսի 1-ից՝ արդեն որոշակի փոփոխություններով:
#CivilNetCheck-ը ուսումնասիրել է, թե ինչ պատկեր է ձևավորվել Սյունիքում և Կոտայքում պիլոտային ծրագրի ներդրումից հետո, և ինչ է իրենից ներկայացնում նոր համակարգը:
Արդյո՞ք 869 ընտանիք զրկվել է նպաստից. ի՞նչ արդյունքներ են գրանցվել Սյունիքում և Կոտայքում
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստացված տվյալների համաձայն՝ մինչ պիլոտային ծրագրի մեկնարկը՝ 2025-ի մարտը, երկու մարզերում նպաստ էր ստանում 7500 ընտանիք՝ 5451-ը Կոտայքում և 2049-ը՝ Սյունիքում։ 2026-ի հուլիսի 1-ի դրությամբ անապահովության նպաստ ստացողների թիվը նվազել է մինչև 1309. Կոտայքում 1051, Սյունիքում՝ 258 ընտանիք։
Այսինքն՝ Սյունիքում նպաստառու ընտանիքների թիվը նվազել է ոչ թե 1219-ից 350-ի, ինչպես նշել էր Իրինա Յոլյանը, այլ 2049-ից 258-ի՝ ըստ նախարարության տվյալների։
Միաժամանակ, ըստ նախարարության, երկու մարզերում 184 ընտանիք ստանում է եռամսյա հրատապ օգնություն, իսկ շուրջ 3200 ընտանիք օգտվում է կրթական, առողջապահական, կոմունալ և այլ արտոնություններից։
Նոր և հին համակարգերի տարբերությունը. ինչպե՞ս է գործել պիլոտային ծրագիրը
Նոր և հին համակարգերի հիմնական տարբերությունը ընտանիքի անապահովությունը գնահատելու ձևն է։ Նախկինում հաշվի էին առնվում ընտանիքի անդամների կարգավիճակները՝ օրինակ՝ թոշակառու կամ հաշմանդամություն ունեցող լինելը, և հատուկ բանաձևով հաշվարկվում էր անապահովության միավոր։ Նոր համակարգում ընտանիքի եկամուտը համեմատվում է սահմանված դրամական շեմի հետ։ 2025-ի պիլոտային փուլում այդ շեմը մեկ անձի հաշվով 34,581 դրամ էր, իսկ 2026-ից՝ 35,875 դրամ։ Եթե ընտանիքի ընդհանուր ամսական եկամուտը բաժանած անդամների թվին գերազանցում է այդ շեմը, ընտանիքը նպաստ չի ստանում։
Նոր համակարգում ընտանիքի անդամների թիվը նույնպես պարզ թվաբանությամբ չի հաշվարկվում։ Յուրաքանչյուր չափահաս համարվում է 1 հաշվարկային անդամ, իսկ երեխաների համար կիրառվում են ավելի փոքր գործակիցներ՝ 0-9 տարեկանների համար՝ 0.45, 10-14 տարեկանների՝ 0.55, 15-17 տարեկանների՝ 0.7։ Ընտանիքի ընդհանուր եկամուտը բաժանվում է այսպես հաշվարկված անդամների թվի վրա։
Ինչպես նաև ներդրվել են «բացառող գործոններ», որոնցից նույնիսկ մեկի առկայության դեպքում նպաստը զրոյացվում է։ Պիլոտային փուլում մերժման հիմք էին դառնում 2015-ից հետո արտադրված ավտոմեքենա ունենալը, անշարժ գույքի (տարեկան 4200 դրամ) կամ մեքենայի գույքահարկի (տարեկան 12 000 դրամ) շեմը գերազանցելը, անհատ ձեռներեց կամ առևտրային կազմակերպության հիմնադիր լինելը, կոմունալ ծախսերի չափաքանակների գերազանցումը, ինչպես նաև որոշ վարկային կամ երաշխավորության պարտավորություններ ունենալը։
Մեկ այլ առանձնահատկություն է «վերագրվող եկամուտը»․ եթե ընտանիքում կա աշխատունակ, բայց փաստացի եկամուտ չունեցող չափահաս անդամ, համակարգը նրա համար հաշվարկում է պայմանական նվազագույն եկամուտ՝ այն ներառելով ընտանիքի ընդհանուր հաշվարկային եկամուտում։ Սա նշանակում է, որ ընտանիքի մեկ հաշվարկային անդամի եկամուտը կարող է բարձր գնահատվել ոչ միայն փաստացի, այլ նաև այս պայմանական եկամտի հաշվին։
Համակարգի բաղկացուցիչ մաս է նաև սոցիալական աշխատողների տնայցը, որի ընթացքում ուսումնասիրվում է ընտանիքի տան գույքն ու կենցաղային պայմանները․ եթե դրանց գնահատման արդյունքում ընտանիքի բարեկեցության միավորը գերազանցում է 0.7-ը, նպաստ ստանալու դիմումը կարող է մերժվել:
Ի՞նչ փոխվեց համահանրապետական ներդրման փուլում
Պիլոտային փուլի համեմատությամբ հուլիսի 1-ից գործող համակարգում որոշ «բացառող գործոններ» մեղմացվել են։ Կոմունալ ծախսերն այժմ գնահատվում են դրամական շեմով՝ 1-2 անդամ ունեցող ընտանիքի համար մինչև 40 000 դրամ, իսկ յուրաքանչյուր հաջորդ անդամի համար շեմն ավելանում է 10 000 դրամով։ Փոխվել են նաև վարկերի հետ կապված կանոնները։ Ամսական մարումը նպաստից զրկելու հիմք չի լինի, եթե վարկերի ընդհանուր մայր գումարը չի գերազանցում 10 մլն դրամը։ Երաշխավորության թույլատրելի չափը 100 000 դրամից բարձրացվել է 1 մլն դրամի, իսկ ավտոմեքենայի դեպքում բացառող շեմ է սահմանվել 2016-ը։
Որոշ խմբերի համար այլևս չի հաշվարկվում պայմանական՝ «վերագրվող եկամուտ»։ Այդ բացառությունը վերաբերում է ուսանողներին, 30 շաբաթականից բարձր հղիներին, մինչև 2 տարեկան երեխա խնամողներին, ինչպես նաև նոր զորացրվածներին և ազատազրկումից վերադարձածներին՝ առաջին վեց ամիսների ընթացքում։
Որքա՞ն նպաստ էին ստանում նախկինում և հիմա
Հին ու նոր համակարգերում ընտանեկան նպաստի չափը ձևավորվում է տարբեր տրամաբանությամբ․ նախկինում, եթե ընտանիքը հավաքում էր պահանջվող անապահովության միավորը, ստանում էր ֆիքսված նպաստ, որի միջին չափը տարեցտարի տատանվել է մոտ 16-29 հազար դրամի սահմանում։
Նոր համակարգում նպաստը հաշվարկվում է այնպես, որ լրացնի ընտանիքի պակասող եկամուտը․ որքան քիչ է ընտանիքի եկամուտը, այնքան մեծ է նպաստի չափը։ Եթե, օրինակ, մեկ անձի համար սահմանված շեմը 35 875 դրամ է և քաղաքացու եկամուտը զրո է, պետությունը նրան վճարում է ամբողջ գումարը։ Իսկ եթե, օրինակ, ամսական 20 000 դրամ եկամուտ ունի, պետությունը վճարում է միայն տարբերությունը՝ 15 875 դրամ նպաստ:
Առավել խոցելի ընտանիքներին հիմնական նպաստից բացի տրվում է նաև հավելում՝ յուրաքանչյուր հաշվարկային անդամի համար մինչև մոտ 10 762 դրամ ներկայումս սահմանված շեմերով։
Նպաստի նվազագույն չափը 3 500 դրամ է։ Նպաստի իրավունք չստացած, բայց աջակցության կարիք ունեցող ընտանիքներին կարող է տրամադրվել եռամսյա հրատապ օգնություն՝ ամսական 20 000 դրամ, ինչպես նաև 25 000 դրամ միանվագ աջակցություն՝ երեխայի առաջին դասարան ընդունվելու դեպքում։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ Սյունիքում և Կոտայքում նոր համակարգով հաշվարկված նպաստի միջին չափը կազմել է շուրջ 80 000 դրամ, իսկ առավելագույնը՝ մոտ 280 000 դրամ։ Վճարի չափը հատկապես մեծանում է եկամուտ չունեցող և բազմամարդ ընտանիքների դեպքում։
Բերենք օրինակ. եթե 3 անձից բաղկացած ընտանիքը (ծնողներն ու անչափահաս երեխան) չունի որևէ եկամուտ, ապա նրանց հիմնական նպաստը միայն կկազմի մոտ 87 890 դրամ։ Իսկ մինչև 280 000 դրամ առավելագույն շեմը ստացվում է բազմամարդ ընտանիքների դեպքում. եթե 6 երեխա մեծացնող ծնողները (ընդհանուր 8 անձ) եկամուտ չունեն, նրանց հիմնական նպաստը կազմում է 287 000 դրամ (իսկ հավելումներով՝ շուրջ 373 000 դրամ)։
Նախարարության հիմնավորումներն ու ընտանիքի անդամների գործակցի հաշվարկը
#CivilNetCheck-ի հետ զրույցում աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Լուսինե Քոչարյանը նշեց, որ նոր համակարգի նպատակն է փոխել նպաստառուների վարքագիծը և մարդկանց դուրս բերել աջակցությունից կախվածության վիճակից: Փոխնախարարի խոսքով՝ նոր մոդելն ուղղված է ծայրահեղ աղքատության մեջ գտնվողներին:
Լուսինե Քոչարյանը պնդեց, որ նախկինում գործող համակարգում գնահատման մոդելը այլ տրամաբանությամբ էր։
«Նախկին համակարգը թիրախային չէր[...]. «Փարոս» ծրագիրը գնահատում էր ոչ թե այդ ընտանիքների եկամուտը, այլ գնահատում էր, թե ինչ կարգավիճակ ունեն ընտանիքի անդամները [...]։ Բնականաբար, կտրուկ թիվը նվազել է, որովհետև երբ գնահատման համակարգը դառնում է թիրախային, այն բոլոր անձինք, որոնք այդ պահին ունեն սահմանված շեմից բարձր եկամուտ, իրենք դուրս են մնում համակարգից»,- ասաց փոխնախարարը:
Փոխնախարարի խոսքով՝ շատ ահազանգեր են ստացել, որ տուֆակերտ տուն կամ նույնիսկ նոր ավտոմեքենա ունեցող ընտանիքները տարիներով նպաստ են ստանում այդ համակարգով։
Այսպիսով, թեև շրջանառվող տեղեկություններում նշվում էր Սյունիքում նպաստից զրկված 869 ընտանիքի մասին, պաշտոնական տվյալներով նպաստառու ընտանիքների թիվը նվազել է 1791-ով՝ 2049-ից հասնելով 258-ի։ Նախարարությունը դա բացատրում է նոր համակարգի՝ եկամուտների հաշվարկի և աշխատանքի խրախուսման տրամաբանությամբ, սակայն նոր չափանիշները զգալիորեն խստացրել են նպաստ ստանալու պայմանները։
Արմեն Մկրտչյան
CivilNetCheck











