«Ուժեղ Հայաստանը» հրաժարվելու է պատգամավորական պարգևավճարներից։ Այս մասին հուլիսի 24-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավոր Նարեկ Կարապետյանը։
«Ես աշխատավարձ չեմ ստանալու, հրաժարվելու եմ, ինչպես նաև պարգևավճարից։ Մեր ամբողջ խմբակցությունը չի ստանալու պարգևավճար, որովհետև այնպես չէ, որ ժողովրդի համար այնպիսի մեծ բան է արվել, որ Ազգային ժողովը մի հատ էլ պարգևավճար ստանա»,- ասել է նա։
Նա նշեց, որ միջոցները կուղղվեն բարեգործական նպատակների։
Լրագրողների հարցին ի պատասխան՝ Կարապետյանը շեշտեց, որ իրենց քաղաքական ուժը չի բացառում Ազգային ժողովի փոխնախագահի թեկնածու առաջադրելը, սակայն վերջնական որոշում դեռ չկա։
Ինչ վերաբերում է խմբակցության ղեկավարի և քարտուղարի թեկնածություններին, ապա, նրա խոսքով, վերջնական որոշում չի կայացվել։ Կարապետյանը չբացառեց իր թեկնածությունը՝ խմբակցության ղեկավարի պաշտոնում։












