Գլխավոր Լրահոս

ԵՄ-ն կրկին պատժամիջոցներ է սահմանել ինգուշ միլիարդատեր Միխայիլ Գուցերիևի նկատմամբ

Միխայիլ Գուցերիևը

Միխայիլ Գուցերիևը

Լուսանկարը՝ Gutserievmedia.ru-ի

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Ինգուշեթիայից միլիարդատեր, Ռուսաստանի նավթարդյունաբերության խոշոր գործարարներից Միխայիլ Գուցերիևի նկատմամբ։

Հուլիսի 23-ին հայտարարված նոր պատժամիջոցների փաթեթն ընդգրկում է 48 ֆիզիկական անձ և 35 կազմակերպություն, ինչպես նաև լրացուցիչ սահմանափակումներ է նախատեսում գրեթե 100 նավի նկատմամբ, որոնք, Բրյուսելի գնահատմամբ, Ռուսաստանի այսպես կոչված «ստվերային նավատորմի» մասն են կազմում։

Փաթեթը ներառում է նաև սահմանափակումներ Ռուսաստանի ֆինանսական և էներգետիկ ոլորտների նկատմամբ և խստացնում է երկակի նշանակության ապրանքների արտահանման վերահսկողությունը։

ԵՄ-ի պատժամիջոցների ցանկում ընդգրկված մյուս ռուսաստանցիների թվում են սպորտի նախարար Միխայիլ Դեգտյարյովը, նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, Շախմատի միջազգային ֆեդերացիայի (FIDE) նախագահ Արկադի Դվորկովիչը և երգիչ Ալեքսանդր Մարշալը։

ԵՄ խորհուրդը հայտարարել է, որ Գուցերիևը ռուս խոշոր գործարար է, որն աշխատում է նավթարդյունաբերության ոլորտում, իսկ այդ ոլորտը զգալի եկամուտներ է ապահովում Ռուսաստանի պետբյուջեի համար։

Բրյուսելի գնահատմամբ՝ նրա ընկերությունների գործունեությունը նպաստում է այն ֆինանսական ռեսուրսների պահպանմանը, որոնք Ռուսաստանն օգտագործում է Ուկրաինայի դեմ լայնածավալ պատերազմը շարունակելու համար։

Գուցերիևը վերահսկում է Safmar Group-ը, որի կազմում են RussNeft («Ռուսական նավթ») և Neftisa նավթային ընկերությունները, ինչպես նաև անշարժ գույքի, հյուրանոցային բիզնեսի, արդյունաբերության և մեդիայի ոլորտներում գործող ակտիվներ։

Forbes-ի տվյալներով՝ նա տարիներ շարունակ ընդգրկվում է Ռուսաստանի ամենահարուստ գործարարների ցանկում։

Սա առաջին դեպքը չէ, երբ Գուցերիևը հայտնվում է ԵՄ պատժամիջոցների ցանկում։

2021-ին Եվրամիությունը նրա նկատմամբ պատժամիջոցներ էր սահմանել Բելառուսի իշխանությունների հետ ունեցած գործարար կապերի պատճառով։

Սակայն 2026-ի մայիսին ԵՄ ընդհանուր դատարանը չեղարկել էր այդ պատժամիջոցները՝ եզրակացնելով, որ ԵՄ խորհուրդը բավարար ապացույցներ չի ներկայացրել, որոնք կհիմնավորեին դրանց պահպանման անհրաժեշտությունը։

Գուցերիևը ծնվել է 1958-ին Ղազախստանում՝ աքսորված ինգուշների ընտանիքում։

Ընտանիքի Հյուսիսային Կովկաս վերադառնալուց հետո նա մեծացել է Գրոզնիում և 1980-ականների վերջին սկսել զբաղվել բիզնեսով։ 2000-ականների սկզբին նա արդեն Ռուսաստանի նավթարդյունաբերության առաջատար գործիչներից էր։

Գուցերիևը մասնակցել է նաև Ինգուշեթիայում իրականացվող խոշոր ներդրումային ծրագրերի։ Նրա ընկերությունները ֆինանսավորել են բնակարանաշինության, սոցիալական ենթակառուցվածքների և արդյունաբերական նախագծեր։ Ինգուշեթիայի ղեկավար Մախմուդ-Ալի Կալիմատովը բազմիցս նրան անվանել է հանրապետության խոշորագույն մասնավոր ներդրողներից մեկը։

2007-ին Գուցերիևը լքել էր Ռուսաստանը, երբ նրա դեմ քրեական գործ էր հարուցվել ապօրինի ձեռնարկատիրության և հարկերից խուսափելու մեղադրանքով։

Նա մինչև 2010-ը ապրում էր Միացյալ Թագավորությունում, իսկ գործի կարճումից հետո վերադարձավ Ռուսաստան և վերականգնեց վերահսկողությունն իր բիզնես ակտիվների նկատմամբ։

Ռուսաստանի՝ Ուկրաինա լայնածավալ ներխուժման մեկնարկից ի վեր Գուցերիևը գրեթե հանդես չի եկել պատերազմի վերաբերյալ հրապարակային հայտարարություններով։ Նրա ընկերությունները շարունակում են գործունեությունը Ռուսաստանում։

Եվրամիությունը շարունակում է ընդլայնել ռուս պաշտոնյաների, զինվորականների, գործարարների և կազմակերպությունների նկատմամբ կիրառվող պատժամիջոցները՝ հայտարարելով, որ դրանք վերաբերում են այն անձանց ու կառույցներին, որոնք աջակցում են Ռուսաստանի պատերազմին Ուկրաինայի դեմ կամ օգուտ են ստանում ռուսական տնտեսությունից։

Ռուսաստանի իշխանությունները պատժամիջոցներն անվանում են անօրինական և պնդում, որ դրանք չեն փոխի երկրի քաղաքականությունը։

Հոդվածի հրապարակման պահին Գուցերիևը հրապարակայնորեն չէր մեկնաբանել իր նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին Եվրամիության որոշումը։

Կազմակերպություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում