Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում ընդգծել է, որ Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամագրվելու հարցով հանրաքվեի անցկացումը գործնականում հնարավոր է միայն ԵՄ-ին անդամակցության պաշտոնական դիմում հղելուց և թեման առարկայական դարձնելուց հետո։
Կառավարության աշխատակազմից հայտնում են, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների օրակարգի, մասնավորապես, երկկողմ տնտեսական հարաբերություններում առաջացած խնդիրների վերաբերյալ։
Ըստ աղբյուրի՝ վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ հայաստանյան ծագման ապրանքների՝ ՌԴ շուկա արտահանման սահմանափակումները հակասում են Հայաստան–Ռուսաստան իրավապայմանագրային շրջանակին ու Եվրասիական տնտեսական միության կարգավորումներին, և խնդրել է միջոցներ ձեռնարկել՝ այս խնդիրները կարգավորելու ուղղությամբ։
«Ինչ վերաբերում է Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամագրվելու հարցով ՀՀ–ում հանրաքվե անցկացնելուն, ինչի մասին ասվում է ԵԱՏՄ անդամ չորս երկրների ղեկավարների մայիսի 29–ին ընդունված համատեղ հայտարարության մեջ, վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ հանրաքվեի անցկացումը գործնականում հնարավոր է միայն ԵՄ–ին անդամագրման համար Հայաստանի կողմից Եվրոպական միությանը պաշտոնական դիմում հղելուց և թեման առարկայական դարձնելուց հետո։
Միևնույն ժամանակ, վարչապետ Փաշինյանն ընդգծել է բաց, գործընկերային և բարեկամական երկխոսության միջոցով նշված հարցերը լուծելու Հայաստանի Հանրապետության Կառավարության պատրաստակամությունը»,- նշված է հայտարարության մեջ։
Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությունն էլ հայտնել է, որ հեռախոսազանգը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։
Ըստ աղբյուրի՝ Վլադիմիր Պուտինը վերահաստատել է հավատարմությունը 2026-ի մայիսի 29-ին Աստանայում ԵԱՏՄ գագաթնաժողովում Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի ղեկավարների ընդունած համատեղ հայտարարությանը՝ Եվրոպական միությանն անդամակցելուն ուղղված Հայաստանի գործողությունների վերաբերյալ։ Մասնավորապես, ընդգծվել է Հայաստանում հնարավորինս սեղմ ժամկետներում ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ կազմում մնալու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը։
Հայաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից մեծ է: ՌԴ-ն շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր շուկան ու առևտրա-տնտեսական գործընկերը: Ըստ Հայաստանի վիճակագրական կոմիտեի 2026-ի հունվար-մարտ ամիսների տվյալների՝ 2026-ի առաջին եռամսյակում Հայաստանի արտահանումները ՌԴ կազմել են 36,3 տոկոս, իսկ ԵՄ՝ 14,1 տոկոս։ Ընդ որում, արտահանման ծավալները ավելացել են 2022-ի ռուս-ուկրաինական պատերազմից հետո։ Այս տարվա մայիսի 29-ին Եվրասիական տնտեսական միության չորս երկրները հայտարարեցին, որ Հայաստանի անդամակցության հարցը կքննարկվի դեկտեմբերին։ Նրանք Հայաստանի իշխանությանը հորդորեցին սեղմ ժամկետներում Եվրամիությանն անդամակցելու կամ ԵԱՏՄ-ում մնալու հարցով հանրաքվե անցկացնել: Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ԵԱՏՄ-ի կանոնակարգերով անդամ երկրի դուրս գալու որոշումը կարող է ընդունվել միայն տվյալ պետության կողմից։
Նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ զգուշացրել էր, որ հարաբերությունների հետագա վատթարացման դեպքում Հայաստանը կարող է ունենալ ՀՆԱ-ի «առնվազն 14 տոկոս» անկում և էներգակիրների գների կտրուկ աճ։ Ընտրություններից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ չի շնորհավորել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։











