ԱԺ նոր կայքից անհետացել են պատգամավորների մասին տվյալները. խորհրդարանի պարզաբանումը

Ազգային ժողովի պաշտոնական կայքի թարմացումից հետո որոնողական համակարգերում չեն արտացոլվել կամ դեռ չեն ներառվել պատգամավորների վերաբերյալ տվյալները։ Խորհրդարանի լրատվության բաժնից ՍիվիլՆեթին վստահեցրին, որ խնդիրը տեխնիկական է և ժամանակավոր՝ հավելելով, որ խնդրի մասին տեղեկացրել են նաև Գուգլ որոնողական համակարգին։
Ազգային ժողովի պաշտոնական կայքէջը գործարկվել է նոր տեսքով։ Փոփոխության արդյունքում, սակայն, որոնողական համակարգերի միջոցով որոնելիս պարզվում է, որ կայքից անհետացել են պատգամավորների մասին տվյալները, իսկ նրանց անհատական էջերը ներկայում բացակայում են հարթակից։
Որոնողական համակարգերում, օրինակ, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի անունով որոնում իրականացնելիս Վիքիպեդիայից հետո համակարգն առաջարկում է պաշտոնական կայքի հղումը, սակայն այն բացելիս պարզվում է, որ էջն այլևս գոյություն չունի։ Տարիներ շարունակ խորհրդարանի կայքում պահպանվող հազարավոր պատգամավորների վերաբերյալ տեղեկություններն այժմ անհասանելի են դարձել։
Ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍիվիլՆեթը պարզաբանում խնդրեց Ազգային ժողովից։ Լրատվության բաժնից հայտնեցին, որ սա ժամանակավոր բնույթ է կրում, և կայքի ամբողջական գործարկումը նախատեսվում է առաջիկայում։
«Այդ տվյալներն առկա են կայքում, սակայն դրանք դեռևս արտացոլված չեն որոնողական համակարգերում։ Ինֆորմացիայի միգրացիայի ընթացքում այնպես ենք արել, որ որևէ տվյալի կորուստ տեղի չունենա։ Կայքն ամբողջությամբ կսկսի գործել ԱԺ առաջին նիստից (նոր խորհրդարանն իր գործունեությունը կսկսի օգոստոսի 2-ից - Գ․Թ․)։ ԱԺ նոր կայքի գործարկման փուլում՝ միգրացիոն ժամանակահատվածում, հնարավոր է լինեն որոշակի տեխնիկական խնդիրներ, սակայն դրանք կկրեն ժամանակավոր բնույթ»,- նշեցին ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից՝ հավելելով, որ խնդրի մասին տեղեկացրել են նաև Գուգլ որոնողական համակարգին։ Ուշագրավ է, որ օրեր առաջ ԱԺ-ն արդեն իսկ պաշտոնապես հայտարարեց, որ նոր կայքը գործարկվել է։
Պատասխանատուները վստահեցրին, որ տեխնիկական խնդիրների կարգավորումից հետո բոլոր տվյալները կրկին հասանելի կլինեն օգտատերերին։
ԱԺ կայքի նորացման ծրագիրն իրականացվել է երկու փուլով․ առաջինում ֆինանսավորումն ապահովել են դոնոր կազմակերպությունները, իսկ երկրորդում Ազգային ժողովը՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համատեղ, հանդես է եկել որպես համաֆինանսավորող կողմ։
Ազգային ժողովի կայքը ստեղծվել է 1997-ին, այն թարմացվել է 2003-ին, սակայն դրանք չէին ազդել կայքի բովանդակության վրա։
Գևորգ Թոսունյան











