Գլխավոր Լրահոս

Սյունիքում և Երևանում կստեղծվեն մաքսային-լոգիստիկ կենտրոններ՝ ՎԶԵԲ-ի ֆինանսավորմամբ

Սյունիքում և Երևանում կստեղծվեն մաքսային-լոգիստիկ կենտրոններ՝ ՎԶԵԲ-ի ֆինանսավորմամբ

Սիրանուշ Ադամյան

Հայաստանի կառավարությունը հուլիսի 30-ի նիստում նախատեսում է հաստատել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ երեք դրամաշնորհային համաձայնագրերի կնքման որոշումները։ Դրանք վերաբերում են Երևանի և Սյունիքի մաքսային ու լոգիստիկ կենտրոնների ծրագրերի իրականացման տեխնիկական աջակցությանը և «կանաչ» հավաստագրման խորհրդատվությանը։

Խոսքը վերաբերում է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի ծրագրի իրականացման աջակցությանը, Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի ծրագրի իրականացման աջակցությանը, ինչպես նաև երկու կենտրոնների համար կանաչ հավաստագրման խորհրդատվական ծառայություններին։ Փաստաթղթերում նշվում է, որ այդ համաձայնագրերը չեն ֆինանսավորում շինարարությունը, այլ ուղղված են ծրագրերի արդյունավետ կառավարմանը, գնումների կազմակերպմանը, տեխնիկական վերահսկողությանը, բնապահպանական և սոցիալական պահանջների պահպանմանը և միջազգային բնապահպանական չափանիշներին համապատասխանության ապահովմանը։

Սյունիքի և Երևանի մաքսային ու լոգիստիկ կենտրոնների կառուցման վերաբերյալ հիմնական վարկային և դրամաշնորհային համաձայնագրերը Հայաստանի և ՎԶԵԲ-ի միջև ստորագրվել են համապատասխանաբար 2024-ի մայիսին և 2025-ի սեպտեմբերին։ Սյունիքի ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը կազմում է շուրջ 12 մլն եվրո, որից 10 մլն եվրոն՝ վարկ, 2 մլն եվրոն՝ դրամաշնորհ։ Երևանի կենտրոնի համար նախատեսված է շուրջ 45 մլն եվրոյի ֆինանսավորում, այդ թվում՝ 39 մլն եվրո վարկ և 6 մլն եվրո դրամաշնորհ։

Սյունիքի կենտրոնը նախատեսվում է կառուցել Շաքի գյուղի հարևանությամբ՝ Սիսիանից մոտ 7 կմ հեռավորության վրա, իսկ Երևանի կենտրոնը՝ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում։ Երկուսն էլ գործելու են «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքով՝ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին տրամադրելով ժամանակակից մաքսային ծառայություններ և հիմնվելով թվային համակարգերի լայն կիրառման վրա։

Հիմնավորման համաձայն՝ կանաչ հավաստագրման խորհրդատվությունը ներառելու է էներգաարդյունավետության, ռեսուրսների խնայող օգտագործման, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և միջազգային բնապահպանական հավաստագրերի ստացմանն ուղղված մասնագիտական աջակցություն։

Որոշման նախագծին կից ամփոփաթերթում նշվում է, որ Արտաքին գործերի, Արդարադատության, Շրջակա միջավայրի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունները, ինչպես նաև Պետական եկամուտների կոմիտեն սկզբունքային առարկություններ չեն ներկայացրել։ 

Ֆինանսների նախարարությունը, սակայն, ուշադրություն է հրավիրել ՎԶԵԲ-ի ստանդարտ դրամաշնորհային պայմանագրերում առկա մի շարք դրույթների վրա, որոնք բանկին լայն լիազորություններ են տալիս որոշ դեպքերում դադարեցնելու ֆինանսավորումը։ Այդ առաջարկությունները չեն ընդունվել՝ նշելով, որ դրանք ՎԶԵԲ-ի չբանակցվող ստանդարտ պայմաններն են։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում