Եթե հայաստանյան ծագման ապրանքների՝ ՌԴ շուկա արտահանման սահմանափակումներն արագ չլուծվեն, դա կլինի ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը։ Այսպիսի կանխատեսում է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 29-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստից հետո լրագրողների հետ զրույցում։
«Այդ պրոբլեմը Հայաստանինը չէ, դա ԵԱՏՄ պրոբլեմն է, որովհետև փաստացի ստացվում է, որ ԵԱՏՄ-ն կաթվածահար է և չի աշխատում»,- ասել է վարչապետը։
Փաշինյանը նաև հայտարարել է, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու ծրագրեր չունի։
Հուլիսի 27-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ հայաստանյան ծագման ապրանքների՝ ՌԴ շուկա արտահանման սահմանափակումները հակասում են Հայաստան-Ռուսաստան իրավապայմանագրային շրջանակին ու Եվրասիական տնտեսական միության կարգավորումներին, և խնդրել է միջոցներ ձեռնարկել՝ այս խնդիրները կարգավորելու ուղղությամբ։
Փաշինյանը լրագրողների հայտնել է, որ այդ հեռախոսազրույցի ընթացքում ինքն ու Պուտինը մի շարք հարցերի շուրջ ընդհանուր ըմբռնման են եկել։ Նման հարցերի թվում է եղել նաև այն, որ Հայաստանը լեգիտիմ իրավունք ունի այլընտրանքներ ձևավորելու։
Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցի ժամանակ ՌԴ նախագահը կրկին անհրաժեշտ է համարել, որ Հայաստանում հնարավորինս սեղմ ժամկետներում ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ կազմում մնալու վերաբերյալ հանրաքվե անցկացնի։
«Ես չեմ պատկերացնում, որ մենք մեր քաղաքականության արդյունքում հայտնվենք մի իրադրության մեջ, երբ Հայաստանն այլընտրանքներ չունի։ Այստեղ խնդիրն այն է, թե այդ այլընտրանքը երբ պետք է իրացվի։ Ես ՌԴ նախագահին ասել եմ, որ հանրաքվեն չի կարող տեղի ունենալ առանց դրա առարկայի ներկայության։ Հետևաբար այդ հանրաքվեն անցկացնելուց առաջ մենք պետք է առնվազն դիմած լինենք Եվրամիությանն անդամագրվելու հարցով»,- ասել է վարչապետը։
2026-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին և դրանից հետո Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ սկսեց կիրառել տնտեսական ճնշումներ՝ հերթով սահմանափակելով հայկական ապրանքների մուտքը իր շուկա։
Ապրիլի վերջին ՌԴ սպառողների իրավունքների գործակալությունը՝ «Ռոսպոտրեբնադզորը», խնդիրներ գտավ «Ջերմուկ» հանքային ջրերում և սահմանափակեց ներմուծումը։ Ավելի ուշ սահմանափակումները տարածվեցին հայկական գյուղմթերքի, ծաղիկների, ալկոհոլային խմիչքների և այլ ապրանքների վրա։ Փորձագետները նշում են, որ այս պատժիչ քայլերը կապված են հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ, և Մոսկվան դրանով ցանկանում է հայ ընտրողներին կողմնորոշել քվեարկելու ռուսամետ թեկնածուների օգտին։












