Աբխազիայի հանրային գործիչները կոչ են անում հետաձգել Ուկրաինայում զոհված կամավորների հուշարձանի տեղադրումը

Աբխազ կամավորները Դոնբասում
Լուսանկարը՝ սոցիալական ցանցերից
Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Աբխազիայի մի խումբ հանրային գործիչներ դիմել են իշխանությանը՝ կոչ անելով հետաձգել Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ լայնածավալ պատերազմի ընթացքում զոհված աբխազ կամավորներին նվիրված հուշարձանի տեղադրումը։
Նրանք պնդում են, որ հուշարձանի տեղադրումը վաղաժամ է, և այդ հարցին պետք է վերադառնալ միայն պատերազմի ավարտից հետո։
Դիմումն ուղղված է նախագահ Բադրա Գունբային, Խորհրդարանին և Սուխումիի քաղաքապետարանին։
Նամակը ստորագրել են վեց անձ՝ նախկին պատգամավորներ Վալերի Կվարչիան, Ախրա Բժանիան, Իլյա Գունիան և Գուրամ Գումբան, նկարիչ Բատալ Ջապուան և դասախոս Ադգուր Կակոբան։
Նրանք ընդգծել են, որ դեմ չեն կամավորների հիշատակը հավերժացնելուն, սակայն նշել են, որ հուշարձանների կառուցումը «պահանջում է ժամանակի փորձությունն ու պատմական իրադարձությունների գնահատումը»։
«Ոչ ոք չգիտի, թե ինչպես, երբ և ինչ պայմաններում այս երկու սերտորեն կապված ժողովուրդները նախ կհասնեն փոխըմբռնման, ապա՝ հաշտեցման։ Սակայն դա անխուսափելիորեն տեղի կունենա։ Եվ միայն դրանից հետո, տարիներ անց, մենք կկարողանանք վերադառնալ այս պատմական իրադարձությանը նվիրված հուշարձանի հարցի քննարկմանը»,- ասվում է դիմումում։
Հանրային գործիչները նաև նշել են, որ Սուխումում մինչ օրս չկա 1992-1993-ի Աբխազիայի պատերազմի մասնակիցներին նվիրված հուշահամալիր։
«Եթե ցանկանում ենք սկսել պատմական հիշողության պահպանման գործընթացը, ապա պետք է սկսենք հենց նրանցից։ Հակառակ դեպքում վտանգում ենք չհասկացված մնալ ոչ միայն Աբխազիայի քաղաքացիների, այլև Հյուսիսային Կովկասում մեր բարեկամների և զոհված կամավորների ընտանիքների կողմից»,- նշվում է նամակում։
Նրանք նաև քննադատել են այն տեսակետը, որով աբխազների մասնակցությունը Ուկրաինայի դեմ պատերազմին նույնացվում է 1992-1993-ին պատերազմի ընթացքում Վրաստանի կողմից կռված ուկրաինացի կամավորների հետ։
«Կցանկանայինք հիշեցնել, որ նախկին Խորհրդային Միության այլ ժողովուրդների ներկայացուցիչներ նույնպես կռվել են Աբխազիայի դեմ, ընդ որում՝ շատ ավելի մեծ թվով»,- գրել են նրանք՝ հավելելով, որ ուկրաինացիներ նույնպես կամավոր կռվել են Աբխազիայի կողմում։
Դիմումի հեղինակները նաև ընդգծել են, որ «Աբխազիան պատերազմի մեջ չէ Ուկրաինայի հետ», և որ նման հուշարձանը կարող է ստեղծել այն տպավորությունը, թե Աբխազիան զինված հակամարտության կողմ է։
«Այդ դեպքում մեր քաղաքացիների մասնակցությունը պատերազմին նրանց անձնական ընտրությունից կվերածվի մեր պետության անունից կատարված հավաքական ընտրության»,- ասվում է դիմումում։
Ուկրաինայում զոհված Աբխազիայի բնակիչներին նվիրված հուշարձանի տեղադրման նախաձեռնությունը քննարկումների թեմա է դարձել հուլիսի սկզբից։
Աբխազիայի՝ Ռուսաստանում դեսպան Ալխաս Կվիցինիայի տվյալներով՝ 2025-ի հուլիսի դրությամբ հայտնի է պատերազմի ընթացքում զոհված Աբխազիայի 66 քաղաքացու մասին։ Հայտնի է, որ աբխազ կամավորները Ռուսաստանի կողմից Ուկրաինայում կռվում են առնվազն 2014-ից։
Սուխումում պարբերաբար անցկացվում են Դոնբասում կռված կամավորներին նվիրված միջոցառումներ, որոնց ընթացքում իշխանություններն ու հասարակական կազմակերպությունները նրանց ներկայացնում են որպես Ռուսաստանի հետ ընդհանուր պայքարի մասնակիցներ։
2025-ի մայիսին Սուխումում կրկին անցկացվել էր Դոնբասի կամավորի օրվան նվիրված պաշտոնական միջոցառում, որի ընթացքում հարգանքի տուրք էր մատուցվել 2014-ից ի վեր մարտերում զոհվածներին։
OC Media-ն չի օգտագործում «դե ֆակտո», «չճանաչված» կամ «մասնակի ճանաչված» ձևակերպումները Աբխազիայի, Լեռնային Ղարաբաղի և Հարավային Օսիայի հաստատությունների կամ քաղաքական պաշտոնների մասին խոսելիս։ Սա դրանց կարգավիճակի մասին դիրքորոշում չէ և արվում է ընթերցումը հեշտացնելու նպատակով։
Կազմակերպություն
Թեմա











