Գլխավոր Լրահոս

Ստիպված է լինելու հերքել․ Դրմեյանը՝ իր հասցեին վարչապետի մեղադրանքների մասին

Ստիպված է լինելու հերքել․ Դրմեյանը՝ իր հասցեին վարչապետի մեղադրանքների մասին

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար Լիպարիտ Դրմեյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին։

«Այսօր տեղեկացա, որ կառավարության նիստից հետո «Կառավարությունը ես եմ»-ը հիշել էր ինձ։ Մի կողմ թողնենք այն, որ ներկայացված փաստերը իրականության հետ ոչ մի աղերս չունեն և դրանք «Կառավարությունը ես եմ»-ը դեռ ստիպված է լինելու հերքել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Դրմեյանը։

Հուլիսի 30-ին կառավարությունում ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը հրապարակայնորեն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դրմեյանի դեմ, որից հետո Գլխավոր դատախազությունն ընթացք է տվել հաղորդմանը։ Վարչապետի անուղղակի «մեղադրանքի» հիմքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նախկին սեփականատերերի հետ արբիտրաժային վեճն է։ Ըստ վարչապետի՝ պաշտոնավարման ընթացքում Դրմեյանը հնարավոր է սպասարկել է մասնավոր ընկերության շահերը, տեղեկատվություն է արտահոսել լրատվական ու քաղաքական շրջանակներին և կազմել փաստաթղթեր, որոնք ուղղակիորեն հակասել են կառավարության պաշտոնական դիրքորոշմանը։

«Որևէ մեկի անմեղության կանխավարկածը չեմ ուզում խախտել, բայց ես կարծում եմ, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, իրավապահ մարմիններն էլ պետք է քննարկեն։ Ո՞նց կարող է պարզվել, որ այս շենքում մասնավոր ընկերության շահերը սպասարկող մարդ է եղել», - հայտարարել է Փաշինյանը։

Լիպարիդ Դրմեյանն ի պատասխան նշել է, որ իր պաշտոնավարման ժամանակ ինքը գործել է հանուն մեկ սուբյեկտի և այդ մեկ սուբյեկտը Հայաստանի Հանրապետությունն է։

«Զավեշտն այն է, որ այս ամենը հետևում է իմ քաղաքական ակտիվությանը։ Ավելին, այս ամենը հետևում է Սահմանադրական դատարանում մեր ներկայացրած փաստարկներին, որոնք ուղղակիորեն ցույց էին տալիս, թե ֆինանսական, ադմինիստրատիվ եւ ռեպրեսիվ ինչպիսի միջոցներ էին կիրառվել ՔՊ-ի կողմից ընտրությունների ամբողջ ընթացքում։

Իրավունքը և արդարությունը գերակայելու են, իսկ հանրությունը տեսնելու է, որ «Կառավարությունը դու չես»»,- գրել է Դրմեյանը։

Դրմեյանի և կառավարության միջև հակասությունը հրապարակային էր դարձել, երբ Դրմեյանի ղեկավարած գրասենյակը դիրքորոշում էր հայտնել, թե Ստոկհոլմի արտակարգ արբիտրի վճիռները պարտադիր կատարման ենթակա են: Վարչապետն էլ պնդել էր՝ կառավարությունը չի կատարելու ՀԷՑ-ի բռնագանձման քայլերն արգելող արբիտրաժի հրատապ որոշումը։

«Կառավարությունը ես եմ: Ոչ ոք չի կարող իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենալ: Եթե կառավարությունում մարդիկ կան, որ իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունեն, թող դիմում գրեն շենքից դուրս գան, եթե՝ ոչ, ես իրենց կհանեմ»,- 2025-ի օգոստոսին կառավարությունում ճեպազրույցի ժամանակ ասել էր Փաշինյանը։

Այս հայտարարությունից հետո վարչապետի որոշմամբ Դրմեյանն ազատվել էր պաշտոնից։

Լիպարիտ Դրմեյանը հունիսի 7-ին «Միասնության թևեր» կուսակցության ցուցակով մասնակցում էր խորհրդարանական ընտրություններին։ Այդ ուժին Փաշինյանն անվանում է «եռագլուխ կուսակցության պոչ»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում