Վաղ առավոտյան ուժայինները մտել են «Ուժեղ Հայաստան» դաշինքից ընտրված պատգամավոր Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են իրականացնում, հայտնում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։
Քննչական կոմիտեից հայտնում են, որ Կարապետյանի տանը քննչական գործողություններ են իրականացվում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Վարույթն առնչվում է «Մեր ձևով» ՀԿ հիմնադիր Ալիկ Ալեքսանյանին։ Նա կալանավորված է, այսօր նրա կալանքը ևս երկու ամսով երկարացվեց։ Ալեքսանյանը մեղադրվում է փողերի լվացման մեջ։
Ավելի վաղ Դատախազը հանրային քրեական հետապնդում էր հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելուն հարկադրելն անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ շանտաժի միջոցով, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացուման հատկանիշներով:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել էր Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ Դատախազության միջնորդությունը, իսկ նրան ազատությունից զրկելու միջնորդությունը հետ էր ուղարկել։ Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը և 1 մլրդ դրամ գրավ։












