Ազգային ժողովում ՔՊ խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ սեպտեմբերին պատերազմ չի սպասվում՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին։
Քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը բազմիցս ընտրությունները ներկայացրել էր որպես խաղաղության և պատերազմի միջև ընտրություն․ «Լինելու է պատերազմ սեպտեմբերին ու աղետաբեր պատերազմ, եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սահմանադրական մեծամասնություն չստանա»,- հայտարարել էր Փաշինյանը։
Հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիրը» չստացավ սահմանադրական մեծամասնություն։
Օգոստոսի 2-ին՝ ԱԺ 9-րդ գումարման առաջին նիստում Ռուբինյանն ասաց՝ ՔՊ-ն երբեք չի պնդել, թե պատերազմ կլինի միայն այն պատճառով, որ կուսակցությունը սահմանադրական մեծամասնություն չստանա։ Նա նշեց, որ իշխանությունը նախազգուշացրել էր պատերազմի վտանգի մասին այն դեպքում, եթե ընդդիմությունը գար իշխանության և իրականացներ իր հայտարարած քայլերը, այդ թվում՝ վերանայեր խաղաղության գործընթացի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները։
«Ոչ, սեպտեմբերին պատերազմ չի սպասվում, որովհետև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է վստահ մանդատ՝ շարունակելու խաղաղության գործընթացը։ Այո, սահմանադրական մեծամասնություն չենք ստացել, ինչը կարող է մի փոքր բարդացնել խաղաղության ապահովման մեր գործը, բայց ամենևին չի կանխի դա»,- ասաց Ռուբինյանը։
Ի պատասխան՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը պնդեց, որ Նիկոլ Փաշինյանի նախընտրական հայտարարությունը հստակ վերաբերում էր ՔՊ-ի սահմանադրական մեծամասնությանը․ «Չէր ասվում՝ եթե ընդդիմությունը գա իշխանության և այս կամ այն քայլն անի, պատերազմ կլինի։ Հայտարարությունը շատ հստակ էր»,- նշեց Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ Ռուբինյանի հայտարարությունն այն մասին, որ սեպտեմբերին պատերազմ չի սպասվում, ապացուցում է, որ իշխանությունը նախընտրական շրջանում պատերազմի վտանգով մոլորեցրել է քաղաքացիներին։
ՍիվիլՆեթը դեռ քարոզարշավի ընթացքում անդրադարձել էր ՔՊ-ի՝ «ես կամ պատերազմ» հռետորաբանությանը։










