ՀԱՊԿ առաջիկա նստաշրջանում կարող է քննարկվել Հայաստանի ձայնի իրավունքի կասեցումը․ ՌԴ մշտական ներկայացուցիչ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մարմիններում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին որոշումը կպահանջի անդամ պետությունների կոնսենսուս, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։
Վասիլևի փոխանցմամբ՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը նախատեսված է նոյեմբերի 11-ին Մոսկվայում, որտեղ պետությունների ղեկավարները, ամենայն հավանականությամբ, կքննարկեն տվյալ հարցը։ Նա ընդգծել է, որ որոշումը, եթե դրա անհրաժեշտությունը լինի, ընդունվելու է բացառապես կոնսենսուսով։
Ռուսաստանցի դիվանագետը պարզաբանել է, որ կազմակերպության Կանոնադրության 25-րդ հոդվածը նախատեսում է պետության քվոտային պաշտոններում քաղաքացիների առաջադրման, ինչպես նաև կազմակերպության մարմիններում ձայնի իրավունքի կասեցման հնարավորություն, եթե տվյալ երկիրը երկու տարվա ընթացքում չի կատարում կազմակերպության բյուջեի նկատմամբ ունեցած պարտավորությունները։
Ավելի վաղ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտնել էր, որ Հայաստանը 2025-ին անդամավճար չի փոխանցել ՀԱՊԿ-ին՝ մասնակցության համար՝ պատճառով, որ Հայաստանը մասնակցություն չի ունեցել այդ կազմակերպության գործունեությանը։
ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերությունները սրվեցին 2022-ի սեպտեմբերին՝ Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի զինուժի ապօրինի ներխուժումից հետո, երբ կազմակերպությունը ռազմական և քաղաքական աջակցություն չհայտնեց իր անդամ երկրին։
Հայաստանը 2024-ի փետրվարից հայտարարել է ՀԱՊԿ-ին իր մասնակցությունը սառեցնելու մասին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ն չի կատարել Հայաստանի նկատմամբ անվտանգային պարտավորությունները։











