Ըստ Բայրամովի՝ Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացում սպասվում են «լրացուցիչ զարգացումներ»

«Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր ենք համարում Հայաստանի Սահմանադրությունից Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ ներկայացնող դրույթի հանումից հետո». հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը օգոստոսի 4-ին Բաքվում Շվեյցարիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Իգնացիո Կասիսի հետ հանդիպմանը։
Ադրբեջանի արտգործնախարարի ելույթը հետևում է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի համանման հայտարարությանը, որը ադրբեջանա-թուրքական Haber Global-ին տված հարցազրույցում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը իր հերթին պայմանավորել է Հայաստանի Սահմանադրության փոփոխություններով։
Բայրամովը հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի ամենակարևոր կետը համարել է երկու երկրների միջև «դե ֆակտո»՝ փաստացի խաղաղության հաստատումը, որի համատեքստում ընդգծել է բանակցությունների համար երկկողմ ձևաչափի հանգամանքը։
«Այդ ձևաչափն իր արդյունավետությունը աշխարհին է ապացուցել, և Ադրբեջանը պատրաստ է շարունակել գործընթացը [կարգավորման] այդ ֆորմատում», - ասել է Բայրամովը։
Վերջինս խոսել է նաև Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում սպասվող հավելյալ մի շարք զարգացումների մասին, որոնց առանցքում առանձացրել է Թրամփի ուղի՝ TRIPP ծրագիրը։
«Մեր ակնկալիքն այն է, որ նախապատրաստական փուլի ավարտից հետո Հայաստանում կսկսվեն շինարարական աշխատանքները։ Ադրբեջանը մեծ մասամբ կատարել է իր պարտավորությունները», - ասել է Բայրամովը։
Արմենպրեսի հաղորդմամբ՝ Միացյալ Նահանգների իշխանությունները կրկնապատկել են TRIPP+ ձեռնարկատիրական ֆոնդի միջոցների ծավալը՝ 201 միլիոն դոլարից հասցնելով 402 միլիոնի: Այդ տվյալները ներկայացրել է ԱՄՆ կառավարության պաշտոնական ծախսերի շտեմարանը (USAspending.gov)՝ մատնանշելով, որ նախագծի իրականացման համար այս միջոցների համար որպես հիմնական օգտագործման վայր նշված է Հայաստանը։
Տեղեկատվության համաձայն՝ ֆինանսավորումը կապված է Trump Route for International Peace and Prosperity (TRIPP) հաղորդակցային նախաձեռնության հետ, որը նախատեսում է Հայաստանի Հանրապետության հարավով անցնող տրանսպորտային երթուղու զարգացում՝ Հարավային Կովկասը Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքին կապելու նպատակով։
2025-ի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Հայաստանի, Ադրբեջանի և Միացյալ Նահանգների ղեկավարների մասնակցությամբ ստորագրվեց համատեղ հռչակագիր, որի դրույթներից մեկը վերաբերում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացմանը։ Ծրագրի նպատակն է ապահովել Ադրբեջանի բուն տարածքի և նրա էքսկլավ Նախիջևանի միջև կապը, որն անցնելու է Հայաստանի հարավային մասով։
Կազմակերպություն











