ԳՇ պետն անակնկալ այցով ստուգել է «Հետք»-ի հոդվածում նշված մարտական դիրքի վիճակը

Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն անակնկալ այցելել է Սյունիքի մարզում տեղակայված բանակային մարտական դիրքերից մեկը: Այցի նպատակն է եղել տեղում ուսումնասիրել և ստուգել «Հետք» պարբերականի հրապարակած հոդվածում վարժական հավաքի մասնակցի կողմից մատնանշված խնդիրներն ու թերությունները, ինչպես նաև դրանց համապատասխան ընթացք տալը:
ԳՇ պետը հայտնել է, որ տեղում իրականացված ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ հրապարակման մեջ տեղ գտած դիտարկումների մի մասը չի համապատասխանում իրականությանը, թեև առկա են նաև որոշակի բնույթի թերություններ: Ըստ Թորոսյանի՝ չեն հաստատվել զինամթերքի անհամապատասխանության վերաբերյալ պնդումները, ըստ որոնց 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգերին հատկացվել են միայն 5,45 մմ փամփուշտներ: Տեղում ստուգվել են փամփուշտների պաշարները, որտեղ առկա են եղել ինչպես 5,45 մմ և 7,62 մմ տրամաչափերի փամփուշտներ, այնպես էլ ՌՊԳ-7 նռնականետերի և խոշոր տրամաչափի գնդացիրների զինամթերք:
Ասրյանը արզաբանել է, որ, եթե հերթապահության պահին խոշոր տրամաչափի որոշ զինատեսակներ անմիջականորեն դիրքում չեն գտնվում, դրանց համապատասխան փամփուշտներն ու արկերը մշտապես պահպանվում են տեղում՝ հերթափոխի կամ դիրքի ուժեղացման ժամանակ անհրաժեշտ կիրառությունն ապահովելու համար:
Անդրադառնալով դիրքի տեղակայմանն ու հակառակորդի կողմից կրակային խոցման տակ գտնվելու վերաբերյալ պնդումներին՝ ԳՇ պետը նշել է, որ շփման գծի ցանկացած հատվածում հակառակորդի և հայկական դիրքերը, ըստ զինատեսակների հասանելիության, գտնվում են փոխադարձ կրակային հասանելիության տիրույթում:
ԳՇ պետը հերքել է «Հետք» հրապարակման մեջ տեղ գտած այն պնդումը, թե հայկական դիրքը գտնվում է ադրբեջանական զինուժի անմիջական ճնշող կրակային ներգործության տակ, կամ որ հակառակորդի դիրքն ունի գերիշխող դիրք ու վերահսկողություն հայկական կողմի նկատմամբ:
Միևնույն ժամանակ, տեղում արձանագրվել է թաքստոցների առկայությունը, ինչպես նաև ինժեներական կահավորման հետ կապված խնդիրները:
«Պետք է հաշվի առնել, որ այս դիրքը գտնվում է 2000 մետր և ավելի բարձր ուղղության վրա, այստեղ նաև այս տարի եղել է շատ լուրջ սառը ձմեռ, որը կարելի է ասել երկու, երկուս ու կես ամիս առաջ է, որ ձմեռը հետ է քաշվել, և ինժեներական կահավորման աշխատանքները միանշանակ պլանավորված են ու իրականացվելու են։ Կան թերություններ, որոնք, այո, իրականությանը համապատասխանում են»,- ասել է Ասրյանը։
Այցի ավարտին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ արձանագրված թերությունները սահմանված ժամկետներում վերացնելու և մարտական դիրքի կահավորման աշխատանքները պատշաճ մակարդակով իրականացնելու ուղղությամբ:
Կազմակերպություն
Տեղադրություն











