Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը գրեթե մնացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի մակարդակին՝ կազմելով շուրջ 9,57 մլրդ դոլար, սակայն առևտրի կառուցվածքը էական փոփոխություններ է կրել: Պաշտոնական վիճակագրությունը վկայում է Եվրամիության և Չինաստանի հետ առևտրի կտրուկ աճի և, հակառակը՝ Ռուսաստանի ու Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) հետ ծավալների նկատելի կրճատման մասին:
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-հունիսին Հայաստանից արտահանումը նվազել է 6,7%-ով՝ հասնելով 3 մլրդ 431 մլն դոլարի, մինչդեռ ներմուծումն աճել է 4%-ով՝ կազմելով 6,1 մլրդ դոլար: Ըստ այդմ, առևտրի հաշվեկշռի բացասական մնացորդը խորացել է՝ հասնելով -2,7 մլրդ դոլարի:
Ապրանքային խմբերի տատանումները
Արտահանման ընդհանուր անկումը մեծապես պայմանավորված է թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, մետաղների (վերա)արտահանման կտրուկ՝ ավելի քան կիսով չափ կրճատմամբ: Ուկրաինական պատերազմի ֆոնին Ռուսաստանից Հայաստանով դեպի Հոնկոնգ և ԱՄԷ ոսկու ու թանկարժեք քարերի վերաարտահանման ծավալների կտրուկ աճին վերջին մեկ տարում փոխարինել է նույնքան շեշտակի անկումը
Այս ապրանքատեսակի արտահանումը նախորդ տարվա առաջին կիսամյակի ավելի քան 1,2 մլրդ դոլարից նվազել է մինչև 588 մլն դոլար: Փոխարենը, մոտ 80,3%-ով աճ է գրանցել հանքահումքային արտադրանքի արտահանումը՝ հասնելով 931 մլն դոլարի:
Նկատելի փոփոխություններ են արձանագրվել հիմնական առևտրային գործընկերների ցանկում: Ռուսաստանի Դաշնությունը, որն ավանդաբար հանդիսանում է Հայաստանի գլխավոր առևտրային գործընկերը, շարունակում է պահպանել բացարձակ առաջատարի դիրքը, սակայն երկկողմ առևտրաշրջանառությունը կրճատվել է շուրջ 20,9%-ով՝ կազմելով 2,6 մլրդ դոլար` նախորդ տարվա առաջին կիսամյակի 3,4 մլրդ դոլարի դիմաց: Ընդ որում, ՌԴ-ից ներմուծումը (ըստ ապրանքի ծագման երկրի) նվազել է էականորեն՝ 31,4%-ով, իսկ հայկական ապրանքների արտահանումը դեպի Ռուսաստան կրճատվել է ընդամենը 4,2%-ով՝ կազմելով 1,2 մլրդ դոլար:
Ի հակադրություն սրա, Հայաստանը զգալիորեն ավելացրել է իր առևտուրը դեպի արևմտյան և ասիական շուկաներ:
Եվրամիության հետ առևտրաշրջանառությունն աճել է 46,2%-ով՝ հասնելով 1,7 մլրդ դոլարի: Շեշտակի է բարձրացել հատկապես արտահանման ցուցանիշը. դեպի ԵՄ արտահանումն աճել է 80,2%-ով՝ կազմելով 516 մլն դոլար: Այս աճը մեծապես պայմանավորված է դեպի Բուլղարիա (արտահանումն աճել է 6,1 անգամ), Լեհաստան (աճել է 2,4 անգամ) և Բելգիա (աճել է 2,1 անգամ) արտահանումների էական ավելացմամբ:
Նմանատիպ վերելք է նկատվում նաև Չինաստանի ուղղությամբ: Առևտրաշրջանառությունն այս երկրի հետ աճել է 22,9%-ով` հասնելով 1,4 մլրդ դոլարի, ընդ որում Հայաստանից Չինաստան արտահանումը ցուցադրել է 82,6% աճ՝ հասնելով շուրջ 526,5 մլն դոլարի:
Մերձավոր Արևելք. կտրուկ անկում և աճ
Մերձավորարևելյան ուղղություններում պատկերը խիստ հակադիր է: Ամենակտրուկ անկումը գրանցվել է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) հետ առևտրում: Եթե նախորդ տարի այս երկիրը Հայաստանի առանցքային գործընկերներից էր, ապա 2026թ. առաջին կիսամյակում ԱՄԷ-ի հետ առևտրաշրջանառությունը կազմել է նախորդ տարվա ծավալի ընդամենը 27,2%-ը` 1,1 մլրդ դոլարից նվազելով մինչև 307 մլն դոլար: Արտահանումը դեպի Էմիրություններ ուղղակի փլուզվել է՝ նախորդ տարվա 1,08 մլրդ դոլարից նվազելով մինչև 280 մլն դոլար (անկումը՝ 74.3%), ինչը նախևառաջ պայմանավորված է ոսկու և թանկարժեք քարերի վերաարտահանման ծավալների կրճատմամբ:
Միաժամանակ, հարևան Իրանի հետ տնտեսական կապերը պահպանել են դրական դինամիկան. առևտրաշրջանառությունն աճել է 8,4%-ով՝ կազմելով 371 մլն դոլար: Այս աճը գերազանցապես ապահովվել է Իրանից ներմուծման 10,6% ավելացման հաշվին (հասնելով 328 մլն դոլարի), մինչդեռ արտահանումը դեպի Իրան նվազել է 6%-ով՝ կազմելով շուրջ 42.8 մլն դոլար:
Արշալույս Մղդեսյան











