Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով վավերացվում է Աբխազիայի հետ կնքված համաձայնագիրը՝ 2026-2030-ը Աբխազիայի «սոցիալ-տնտեսական» զարգացման պետական ծրագրի իրականացման վերաբերյալ։ Փաստաթուղթը սահմանում է ռուսական ֆինանսական աջակցության տրամադրման շրջանակը։
Ֆինանսական աջակցությունը կարող է օգտագործվել տարբեր ոլորտներում, այդ թվում՝ կրթության, երիտասարդության զարգացմանն առնչվող այլ ծրագրերի, զբոսաշրջության, մշակութային փոխանակումների և այլ ուղղությունների համար։
Բացի այդ, միջոցները կարող են ուղղվել նաև աբխազ պետական ծառայողների աշխատավարձերի և այլ վճարումների ֆինանսավորմանը։
Պուտինի ստորագրությունը հաջորդել է 2026-ի ապրիլին Աբխազիայի խորհրդարանի կողմից համաձայնագրի վավերացմանը։
Այդ ժամանակ խորհրդարանում նախագահի ներկայացուցիչ Դմիտրի Շամբան հայտարարել էր, որ համաձայնագրով նախատեսված ֆինանսավորումը 2026-ի համար կազմում է 6 միլիարդ ռուբլի (74 միլիոն դոլար)։
Այդ գումարից 4,5 միլիարդ ռուբլին (55 միլիոն դոլար) կհատկացվի սոցիալ-տնտեսական զարգացմանը, 1,3 միլիարդ ռուբլին (16 միլիոն դոլար)՝ բյուջետային ներդրումներին, իսկ 200 միլիոն ռուբլին (2,5 միլիոն դոլար)՝ տնտեսության տարբեր ճյուղերին աջակցելուն։
Պուտինը նաև ստորագրել է օրենք, որով վավերացվում է Ռուսաստանի և Աբխազիայի միջև գիտական աստիճանների փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրը։
Այն հնարավորություն է տալիս Ռուսաստանում կամ Աբխազիայում գիտական աստիճան ստացած անձանց երկու կողմերում էլ շարունակել կրթությունը կամ աշխատանքի անցնել։
Այս հոդվածում օգտագործված բոլոր տեղանուններն ու տերմինները բացառապես հեղինակինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն OC Media-ի խմբագրության դիրքորոշումը։












