Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժման» նախկին պաշտոնյան մեղադրվում է պետական դավաճանության մեջ

Գիորգի (Գիա) Բարամիձեն
Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի/ OC Media
Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
«Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախկին պաշտոնյային պետական դավաճանության մեջ են մեղադրում՝ 1992-1993-ի պատերազմի ժամանակ վրացիների կողմից աբխազ ռազմագերիների սպանությունների մասին հայտարարությունից հետո։
Վրաստանի նախկին պաշտոնյա, ներկայում ընդդիմադիր գործիչ Գիորգի (Գիա) Բարամիձեն դարձել է առաջին հայտնի քաղաքական գործիչը, որի նկատմամբ հետապնդում է սկսվել Վրաստանում վերականգնված պետական դավաճանության հոդվածով։ Դրա պատճառը նրա հայտարարությունն է, թե 1992-1993-ի պատերազմի ընթացքում վրացիները սպանել են աբխազ ռազմագերիների։
Հետաքննությունը վերաբերում է ընդդիմադիր քաղաքական գործիչ Յագո Խվիչիայի «Վրաստանի ծնունդը» («Sakartvelos Dabadeba») հաղորդման ժամանակ Բարամիձեի արած հայտարարություններին։
Հուլիսի 18-ին հրապարակված հաղորդմանը Բարամիձեն, որը նախկինում մի շարք պաշտոններ է զբաղեցրել «Միացյալ ազգային շարժման» (ՄԱԿՄ) իշխանության տարիներին, խոսում է պատերազմի ժամանակ ռազմագերիների փոխանակման մասին։ Նա պնդում է, որ պատերազմի ինչ-որ փուլում աբխազական կողմը դադարեցրել է վրացի ռազմագերիների փոխանակումը, քանի որ վրացի մարտիկները սպանում էին աբխազական կողմից գերեվարվածներին։
«Ինչո՞ւ էր դա անհրաժեշտ»,- հարցնում է Խվիչիան Բարամիձեին։
«Իհարկե, անհրաժեշտ չէր, բայց երբ ինչ-որ մեկը սպանում է քո զարմիկին, եղբորը, ընկերոջը, այդ իրավիճակում շատ դժվար է զսպել զգացմունքները»,- պատասխանում է նա։
Հարցին՝ արդյոք աբխազական կողմը նույնպես սպանում էր պատերազմի ժամանակ գերեվարվածներին, Բարամիձեն բացասական պատասխան է տվել։
«Այնտեղ կարգապահություն կար։ Որովհետև այնտեղ ռուսական կարգապահություն էր, և նրանք գերիներ էին վերցնում»,- ասել է նա։
Մինչև իրեն մեղադրանք առաջադրելը Բարամիձեն Facebook-ում տեսաուղերձ էր հրապարակել՝ հայտարարելով, որ իր խոսքերը «խեղաթյուրվել են լրատվամիջոցների կողմից», «հանրությունը դրանք ճիշտ չի ընկալել», և դրանք սխալ են մեկնաբանվել։
«Շատերն անգամ չեն դիտել այս հարցազրույցը և սկսել են քննարկել տարածվածը՝ առանց այն վերլուծելու»,- ասել է նա՝ շեշտելով, որ նկատի չի ունեցել, թե Վրաստանի բանակը ռազմագերիների մահապատիժներ էր իրականացնում։
««Նրանց սպանում էին» չի նշանակում, որ մեր պետությունը և վրացական բանակն էին սպանում [ռազմագերիներին]։ Մենք թշնամու դեմ կենաց-մահու պայքար էինք մղում և պարզապես գերի չէինք վերցնում։ Սա սովորական պատմություն է. երբ մարդու հորը, որդուն կամ զարմիկին սպանում են, զարմանալի չէ, որ նա թշնամուն չի խնայի»։
Օգոստոսի 8-ին Բարամիձեն քննադատել է իրեն առաջադրված մեղադրանքը՝ Վրաստանի գլխավոր դատախազությանը հայտարարելով, որ «չի վախենում» հետապնդումից։
«Ես չեմ վախենում ձեր հետապնդումից, առավել ևս՝ ձեր կեղտոտ քարոզչությունից։ Ես միշտ ազնիվ եմ եղել հայրենիքի, Աստծո և իմ խղճի առաջ, և ոչ ոք չի կարող ինձնից խլել այդ ճշմարտությունը»,- ասել է նա։
ՄԱԿՄ-ի իշխանության տարիներին Բարամիձեն զբաղեցրել է պաշտպանության և ներքին գործերի նախարարների պաշտոնները։ Նա նաև եղել է եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերով պետական նախարար և փոխվարչապետ։
Վրաստանում «պետական դավաճանության» հոդվածը հակասական է
Բարամիձեն առաջին անձն է, որին պետական դավաճանության մեղադրանք է առաջադրվել այն բանից հետո, երբ «Վրացական երազանքը» 2025-ին այն կրկին ներառեց Քրեական օրենսգրքում որպես առանձին հանցագործություն։
ՄԱԿՄ-ն 2007-ին Վրաստանի Քրեական օրենսգրքից հանել էր պետական դավաճանության մասին հոդվածը, սակայն դրանով նախատեսված արարքները շարունակում էին պատժելի մնալ օրենսգրքի այլ դրույթներով։
Երբ «Վրացական երազանքը» պետական դավաճանության հոդվածը վերադարձրեց Քրեական օրենսգիրք, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հայտարարեցին, որ այդ քայլն «իրավական իմաստ չունի»։
ՄԱԿՄ-ն պնդում էր, որ հոդվածի վերականգնումը քաղաքական դրդապատճառներ ունի, և որ «Վրացական երազանքը» ցանկանում է այդ դրույթն օգտագործել ընդդիմախոսներին դավաճան պիտակավորելու համար։
«Վրացական երազանքի» ներկայացուցիչներն իրենց հերթին այն ժամանակ հայտարարում էին, որ հոդվածի վերականգնումը իրավական հետևանքներ չի ունենա։
Մինչ հոդվածի չեղարկումը մի քանի մարդ պետական դավաճանության համար դատապարտվել էր։ Նրանց թվում էր Բաթումիում տեղակայված 25-րդ մոտոհրաձգային բրիգադի նախկին հրամանատար Ռոման Դումբաձեն։ Նա հակադրվել էր Աջարիայի Ինքնավար Հանրապետության նախկին ղեկավար Ասլան Աբաշիձեին և 2003-ի Վարդերի հեղափոխությունից հետո հրաժարվել էր կատարել նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հրամանները։ 2005-ին Դումբաձեն դատվել էր պետական դավաճանության մեղադրանքով։
Պետական դավաճանության մեղադրանք առաջադրված վրացի այլ բարձրաստիճան գործիչների թվում է Կոդորի կիրճի ապստամբության կազմակերպիչ Էմզար Կվիցիանին։
Կվիցիանին փախել էր Ռուսաստան և Վրաստան վերադարձել 2014-ին՝ «Վրացական երազանքի» իշխանության գալուց հետո։ Նույն տարում դատարանը նրան մեղավոր էր ճանաչել խռովության համար, սակայն 2015-ի հունվարին նա ազատ էր արձակվել Գլխավոր դատախազության հետ կնքված դատավարական համաձայնության արդյունքում։
2006-ի սեպտեմբերին անվտանգության նախկին նախարար Իգոր Գիորգաձեի 13 կողմնակիցներ ձերբակալվել էին դավադրության կամ խռովության մեղադրանքներով, որոնք այդ ժամանակ որակվում էին որպես պետական դավաճանություն։ 2007-ի օգոստոսին դատարանը նրանց ազատազրկման էր դատապարտել, երբ պետական դավաճանության մասին հոդվածն արդեն ուժը կորցրած էր ճանաչվել։
Ընթերցանությունը հեշտացնելու համար Աբխազիայի, Լեռնային Ղարաբաղի և Հարավային Օսիայի հաստատությունների կամ քաղաքական պաշտոնների մասին խոսելիս մենք չենք օգտագործում այնպիսի բնորոշումներ, ինչպիսիք են «դե ֆակտո», «չճանաչված» կամ «մասամբ ճանաչված»։ Սա չի նշանակում որևէ դիրքորոշում դրանց կարգավիճակի վերաբերյալ։
OC Media-ն չի օգտագործում «դե ֆակտո», «չճանաչված» կամ «մասնակի ճանաչված» ձևակերպումները Աբխազիայի, Լեռնային Ղարաբաղի և Հարավային Օսիայի հաստատությունների կամ քաղաքական պաշտոնների մասին խոսելիս։ Սա դրանց կարգավիճակի մասին դիրքորոշում չէ և արվում է ընթերցումը հեշտացնելու նպատակով։











