Գլխավոր Լրահոս

ԵԱՏՄ-ն ակնկալում է, որ Հայաստանը մինչև դեկտեմբեր կհայտարարի հանրաքվեի մասին․ Գալուզին

ԵԱՏՄ-ն ակնկալում է, որ Հայաստանը մինչև դեկտեմբեր կհայտարարի հանրաքվեի մասին․ Գալուզին

Հայաստանը մինչև 2026-ի դեկտեմբեր պետք է որոշում կայացնի Եվրոպական միությանը միանալու կամ Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) անդամակցությունը պահպանելու վերաբերյալ համազգային հանրաքվե անցկացնելու հարցում։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։

Գալուզինը հստակեցրել է, որ իր նշած ժամկետը պայմանավորված է նրանով, որ այդ ժամանակ ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների հանդիպմանը քննարկվելու է Երևանի նկատմամբ հնարավոր հետագա քայլերի հարցը։

«Ակնհայտ է, որ եթե մինչև այդ պահը հանրաքվեի կոչը չլսվի, ղեկավարները հաշվի կառնեն այդ փաստը համապատասխան հետագա համատեղ քայլերը որոշելիս», - նշել է նա։

ՌԴ փոխարտգործնախարարը հիշեցրել է, որ մայիսի 29-ին Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահների՝ Հայաստանի եվրոպական ձգտումների վերաբերյալ համատեղ հայտարարության մեջ նշվել է երկրում ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ կազմում մնալու հարցով համազգային հանրաքվե հնարավորինս սեղմ ժամկետներում անցկացնելու անհրաժեշտության մասին՝ առանց կոնկրետ ամսաթիվ նշելու։

«Ընդ որում՝ արդեն իսկ նշագծված է, որ տվյալ հարցը կրկին կքննարկվի Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի դեկտեմբերյան նիստի ընթացքում, երբ պետությունների ղեկավարներին պետք է ներկայացվի զեկույց՝ Հայաստանի նկատմամբ 2014-ի մայիսի 29-ի ԵԱՏՄ պայմանագրի գործողությունը կասեցնելու հնարավոր հետևանքների մասին», - ասել է Գալուզինը։

Օգոստոսի 7-ին Ղրղզստանում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում վարչապետ Նիկոլ փաշինյանը հայտարարել էր, որ անհարգալից է ժողովրդին կանգնեցնել ընտրության առաջ, որոնցից մեկը գոյություն չունի։ 

Միևնույն ժամանակ Փաշինյանն ընդգծել է, որ անհնար է ԵՄ-ին անդամակցելու հարցը դնել Հայաստանի քաղաքացիների որոշմանը՝ առանց նախնական ինստիտուցիոնալ աշխատանքի։ Նա պարզաբանել է, որ սկզբում հարկավոր է Եվրամիությանը դիմել անդամակցության պաշտոնական հայտով, այնուհետև ստանալ միանալու թեկնածուի կարգավիճակ, և առանց այս փուլերի հանրաքվեի անցկացումը կլինի անբովանդակ։


Այս տարվա մայիսի 29-ին Եվրասիական տնտեսական միության չորս երկրները հայտարարեցին, որ Հայաստանի անդամակցության հարցը կքննարկվի դեկտեմբերին։ Նրանք Հայաստանի իշխանությանը հորդորեցին սեղմ ժամկետներում Եվրամիությանն անդամակցելու կամ ԵԱՏՄ-ում մնալու հարցով հանրաքվե անցկացնել: Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ԵԱՏՄ-ի կանոնակարգերով անդամ երկրի դուրս գալու որոշումը կարող է ընդունվել միայն տվյալ պետության կողմից։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տարբեր առիթներով ընդգծվել է Հայաստանում հնարավորինս սեղմ ժամկետներում ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ կազմում մնալու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում