Գլխավոր Լրահոս

Մայրաքաղաքի մատույցներում

Փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից հետո առաջացած ներքաղաքական ճգնաժամը հարթելու ճանապարհները դեռևս հստակեցված չեն: Այս ուղղությամբ հանրային բանավեճը ծավալվում է երեք գործոնների շուրջ՝ հրապարակային պայքար, Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից ընտրությունների արդյունքները վիճարկելու հայցը Սահմանադրական դատարանում և Երևանի քաղաքապետի ընտրություններ: Առաջին երկու գործոնները այս պահին փոխլրացնում են միմյանց, քանի որ ընտրությունների պաշտոնական արդյունքները չճանաչելու համաժողովրդական բողոքի ակցիաներին զուգահեռ՝ խնդիրը իրավական հարթությունում լուծելու փորձերը ամենևին ավելորդ չեն: Այլ հարց է, որ Հայաստանում գործող արդարադատության համակարգից որևէ արդարացի լուծման սպասելը քաղաքական ռոմանտիզմ է: Սակայն Սահմանադրական դատարանի վճռին սպասելը ևս մեկ հնարավորություն է հանրությանը ավելի մեծ չափով մոբիլիզացնելու համար և դրանով իսկ որոշակի ճնշումներ բանեցնելու Սահմանադրական դատարանի վրա:

Մյուս կողմից՝ այս ընթացքում քաղաքական օրակարգում հայտնվեց Երևանի ավագանու ընտրությունների խնդիրը: Այս հանգամանքը կարող է երկակի ազդեցություն ունենալ ներկայիս քաղաքական իրավիճակի վրա: Այն կարող է շեղել ուշադրությունը հետընտրական իրավիճակից դեպի բնույթով ավելի քիչ քաղաքական Երևանի ավագանու ընտրությունների վրա: Սա իշխանությունների համար խիստ շահեկան զարգացում է, քանի որ գործող նախագահը իրեն ավելի վստահ է զգալու ՀՀ նախագահի աթոռին: Արդյունքում հիասթափված ու հուսալքված հասարակությունը Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ի վիճակի չի լինելու փետրվարի 18-ի ընտրությունների նման անակնկալ մատուցել իշխանություններին:

Սակայն մյուս կողմից՝ Երևանի քաղաքապետի ընտրությունները կարելի է օգտագործել հետընտրական բողոքի ալիքի մասշտաբները մեծացնելու համար, եթե հաջողվի այդ ընտրությունները քաղաքականացնել և դժգոհությունների ալիքը երկու ամիս պահելով՝ հասցնել մինչև մայիսի 5: Դրա համար ոչ իշխանական ազդեցիկ քաղաքական ուժերը պետք է ունենան գործողությունների մարտավարություն և կարողանան անմիջական կապ ցույց տալ փետրվարի 18-ի նախագահական և մայիսի 5-ի Երևանի ավագանու ընտրությունների միջև: Այս տրամաբանության հանրային վստահություն վայելող գործողությունների շարքի կազմակերպումը բավական դժվար է լինելու, սակայն հաջողության դեպքում իշխանությունը ստիպված է լինելու հանձնել մայրաքաղաքը:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում