Այսօր և առաջիկայում կլինեն կադրային փոփոխություններ Ռազմական ոստիկանությունում, Զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչությունում։ Այս մասին կառավարությունում ճեպազրույցի ժամանակ հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով բանակում խաղաղ պայմաններում մահերի հարցին։
Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ այսօր՝ օգոստոսի 13-ին, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով։
«Առավոտյան իրադրությունը քննարկել ենք պաշտպանության նախարարի հետ։ Այսօր և առաջիկայում կլինեն որոշակի կադրային լուծումներ այն մարմիններում, որոնք անմիջապես պատասխանատու են այդ խնդրի վերաբերյալ։ Ես որոշումը կայացրել եմ արդեն։ Ռազմական ոստիկանությունում փոփոխություն կունենանք, Զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչությունում փոփոխություն կունենանք։ Մանրամասն կվերլուծենք, թե ինչու այդ ուղղությամբ մեր գործադրած ջանքերը մեզ համար ցանկալի արդյունքներ չեն տալիս և հետևությունների կգանք»,- ասել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ այս հարցում պետք է անհատական պատասխանատվություն պետք է լինի։
Վարչապետի գնահատմամբ, այս խնդրի լուծման համար ԳՇ պետը և Պաշտպանության նախարարը բավարար ջանքեր են գործադրում։
2026-ին 8 ամսվա ընթացքում ոչ մարտական պայմաններում բանակում 8 մահ է արձանագրվել։












