2026-ի սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված երեխաների ծննդյան միանվագ նպաստի չափը կսահմանվի 500,000 դրամ, և այն այլևս փոխկապակցված չի լինի երեխայի կարգաթվի հետ։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության՝ օգոստոսի 13-ի նիստում։
Մինչև 2026-ի օգոստոսի 31-ը ներառյալ ծնված երեխաների համար կպահպանվեն գործող կարգավորումները և կարգաթվով պայմանավորված չափերը։
Գործող օրենքով ընտանիքում ծնված առաջին և երկրորդ երեխայի համար տրվում է 300,000 դրամ, 1,000,000 դրամ՝ երրորդ և չորրորդ երեխայի համար, 1,500,000 դրամ՝ հինգերորդ և հաջորդ երեխաների համար։
Փոփոխություններով նախատեսվում է երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակել բացառապես առցանց եղանակով՝ Ծառայությունների ազգային հարթակի միջոցով։ Անհրաժեշտ տվյալների առկայության դեպքում համակարգը նպաստը կնշանակի ինքնաշխատ եղանակով։
Առցանց դիմելու պահանջից կգործեն բացառություններ, մասնավորապես՝ արտերկրում գրանցված ծնունդների, դիվանագիտական կառույցներում աշխատողների, խնամակալների կամ շտեմարանների տվյալների անբավարարության դեպքերում։
Նպաստ նշանակելու համար դիմելու ժամկետ է սահմանվում մինչև երեխայի մեկ տարին լրանալու ամսվա վերջին օրը։












