ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մերձավոր Արևելքի հարցերով բանագնաց Ջարեդ Քուշները ժամանել է Իսրայել՝ հանդիպելու Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, հայտնում է BBC-ն։ Այս այցը տեղի է ունենում այն բանից հետո, երբ Քուշները հազվադեպ հանդիպում է ունեցել ՀԱՄԱՍ-ի հետ՝ քննարկելու ԱՄՆ-ի աջակցությամբ ստեղծված Գազայի խաղաղության պլանը։
Անցյալ ամիս Թրամփի գլխավորած Խաղաղության խորհուրդը հայտարարել էր, որ համաձայնություն է ձեռք բերվել Գազայում ՀԱՄԱՍ-ի և զինված այլ խմբավորումների լիակատար զինթափման շուրջ։ Սակայն անցյալ շաբաթ Իսրայելը մերժել էր Թրամփի առաջարկած 15-կետանոց պլանը։ Այդ պլանը նախատեսում է նաև իսրայելական զորքերի դուրսբերում և Գազայի վերակառուցում նոր պաղեստինյան քաղաքացիական վարչակազմի օրոք։ Նախօրեին մուսուլմանական ութ երկիր հայտարարություն էր տարածել՝ դատապարտելով Իսրայելի կողմից պլանի մերժումը։
Խաղաղության խորհուրդը գլխավորում է Դոնալդ Թրամփը։ Այն ստեղծվել է որպես միջազգային կազմակերպություն, որի նպատակն էր սկզբում խաղաղություն հաստատել Գազայում, իսկ հետո ընդլայնվել էր՝ ներառելով նաև այլ հակամարտություններ ողջ աշխարհում։ Պաղեստինցի պաշտոնյան BBC-ին հայտնել է, որ կիրակի օրը Եգիպտոսում Թրամփի փեսա Ջարեդ Քուշները հանդիպել է ՀԱՄԱՍ-ի նոր առաջնորդ Խալիլ ալ-Հայայի գլխավորած պատվիրակության հետ։
Հանդիպումից հետո ՀԱՄԱՍ-ը կոչ է արել միջնորդներին և Խաղաղության խորհրդին ստիպել Իսրայելին ընդունել հետագա քայլերի ճանապարհային քարտեզը։ Միևնույն ժամանակ, Իսրայելի վարչապետ Նեթանյահուն հոկտեմբերին դժվարին ընտրությունների առաջ է կանգնելու՝ իշխանությունը պահպանելու համար, քանի որ նրա կոալիցիան ներառում է նախարարներ, որոնք պահանջում են ավելի կոշտ քաղաքականություն վարել Գազայի նկատմամբ։












