Գլխավոր Լրահոս

Ռուսաստանը Բաթումում գործող հակապատերազմական խմբին ճանաչել է «անցանկալի կազմակերպություն»

«Ռուսները Բաթումում» կազմակերպության բողոքի ակցիան Բաթումում

«Ռուսները Բաթումում» կազմակերպության բողոքի ակցիան Բաթումում

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Ռուսաստանը «անցանկալի կազմակերպություն» է ճանաչել արևմտյան Վրաստանի Բաթում քաղաքում բնակվող ռուսաստանցի արտագաղթյալների «Ռուսները Բաթումում» միավորումը։ Կազմակերպությունը ստեղծվել է 2022-ի մարտին՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից կարճ ժամանակ անց։ Այդ ժամանակից ի վեր այն հակապատերազմական ցույցեր է կազմակերպում և աջակցում քաղաքում բնակվող ուկրաինացի փախստականներին։

Այս կարգավիճակը փաստացի արգելում է կազմակերպության գործունեությունը Ռուսաստանում։ «Անցանկալի կազմակերպությունների» մասին օրենքն ընդունվել է 2015-ին և Ռուսաստանի իշխանություններին հնարավորություն է տալիս արգելել այն կազմակերպությունների գործունեությունը, որոնք, իրենց գնահատմամբ, սպառնալիք են երկրի անվտանգությանը, պաշտպանությանը կամ սահմանադրական կարգին։

«Ռուսները Բաթումում» կազմակերպությունը համաձայն չէ որոշման հետ և հայտարարել է, որ իր գործունեությունը չի վնասում ո՛չ Ռուսաստանին, ո՛չ Ռուսաստանի քաղաքացիներին։ Խումբը նշել է, որ շարունակելու է աջակցել Ռուսաստանում քաղաքական հայացքների համար կալանավորված անձանց և նվիրատվություններ հավաքել այն նախաձեռնությունների համար, որոնք կարևոր է համարում։

«Այս որոշմամբ Ռուսաստանի իշխանությունները մեզ ասում են, որ այժմ արգելված է ռուս լինել, ապրել Բաթումում և մեր երկրի համար լուսավոր ապագա ցանկանալ, քանի որ հենց դա է մեզ բոլորիս միավորում»,- հայտարարել է կազմակերպությունը։

Խումբը Ռուսաստանում գտնվող կամ այնտեղ մեկնել պատրաստվող Ռուսաստանի քաղաքացիներին զգուշացրել է, որ կազմակերպությանը աջակցելը կամ դրա գործունեությունը տարածելը կարող է վարչական կամ քրեական հետապնդման պատճառ դառնալ։

«Այս պայմաններում պատերազմի և Պուտինի ռեժիմի դեմ հանդես եկող ցանկացած ազնիվ մարդու համար Ռուսաստան մեկնելն անվտանգ չէ, և բոլորին խորհուրդ ենք տալիս զերծ մնալ այնտեղ մեկնելուց»,- հայտարարել է կազմակերպությունը։

Այն նշել է, որ խմբին նվիրատվություններ կատարելը, դրա հրապարակումները վերահրապարակելը, սքրինշոթներ կամ հղումներ հրապարակելը և տեսանյութերը տարածելը կարող են Ռուսաստանում իրավական հետևանքներ ունենալ։ Կազմակերպությունը հատկապես խորհուրդ է տվել Ռուսաստան չմեկնել այն մարդկանց, որոնք նախկինում մասնակցել են իր միջոցառումներին, տարածել հրապարակումները, միացել քննարկումներին կամ նվիրատվություններ կատարել։

«Այն փաստը, որ Ռուսաստանի իշխանությունները մեզ ներառել են անցանկալի կազմակերպությունների ցանկում, նշանակում է, որ մենք ամեն ինչ ճիշտ ենք անում, և անցանկալի ենք միայն նրանց համար»,- հայտարարել է խումբը։

Ռուսաստանը նախկինում ևս մի շարք արտասահմանյան կազմակերպություններ է ճանաչել «անցանկալի», այդ թվում՝ ԱՄՆ-ում գործող Կոմունիզմի զոհերի հիշատակի հիմնադրամը և Remembrance Society-ն, Իտալիայում Ազատ ռուսների ասոցիացիան, ինչպես նաև Գերմանիայի Բրեմենի համալսարանի Արևելյան Եվրոպայի անկախ գրականության և հասարակական շարժումների հետազոտական կենտրոնը։

Ցանկում ընդգրկվել է նաև 2005-ին ԱՄՆ-ում հիմնադրված Human Rights Foundation-ը։ 2012-ից հիմնադրամը ղեկավարել է ընդդիմադիր գործիչ Գարի Կասպարովը, իսկ 2024-ին նրան փոխարինեց հանգուցյալ ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի այրին՝ Յուլիա Նավալնայան։

Կազմակերպություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում