Սիրանուշ Ադամյան
Հայաստանը նախատեսում է մինչև 2027-ի ավարտն ընտրել նոր ատոմային էներգաբլոկի տեխնոլոգիան։ Այս դրույթն ամրագրված է կառավարության 2026-2031 թվականների ծրագրում, ըստ որի՝ մեկնարկելու է նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ծրագիրը՝ «մինչև 2027-ի ավարտն իրականացնելով առնվազն էներգաբլոկի տեխնոլոգիայի ընտրությունը»։
Ծրագրում չի նշվում ապագա էներգաբլոկի հզորությունը, տեխնոլոգիան կամ հնարավոր մատակարարը։ Այս հարցերը Հայաստանում արդեն մի քանի տարի քննարկման առարկա են։ Կառավարությունը դիտարկում է ինչպես փոքր մոդուլային ռեակտորները (SMR), այնպես էլ ավելի ավանդական ատոմակայանների տարբերակները։
Հայաստանի պաշտոնյաները նախկինում նախապատվություն են տվել համեմատաբար փոքր հզորությամբ ատոմակայանի գաղափարին, որն ավելի համապատասխան կլինի երկրի էլեկտրաէներգետիկ համակարգի չափերին։ Հնարավոր հիմնական տարբերակներից մեկը փոքր մոդուլային ռեակտորներն են, սակայն այս տեխնոլոգիան դեռ համեմատաբար նոր է և առևտրային կիրառություն չունի։
Ատոմակայանի տեխնոլոգիայի և մատակարարի ընտրությունն ունի նաև աշխարհաքաղաքական նշանակություն։ Ռուսաստանի պետական «Ռոսատոմ» կորպորացիան Հայաստանին առաջարկել է կառուցել մեծ կամ միջին հզորության ատոմակայան՝ մեկ կամ երկու էներգաբլոկով։ Հայաստանը, իր հերթին, համագործակցություն է դիտարկում նաև Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Չինաստանի և Հարավային Կորեայի հետ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այս տարվա սկզբին հայտարարել էր, որ ուսումնասիրվում են մոտ մեկ տասնյակ ընկերությունների առաջարկներ։
Վերջին ամիսներին Միացյալ Նահանգներն ավելի նկատելի հավանական գործընկեր է դարձել։ Փետրվարին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան այցի ընթացքում Երևանն ու Վաշինգտոնը ստորագրեցին քաղաքացիական միջուկային համագործակցության «123 համաձայնագիրը»։ Այն իրավական հիմք է ստեղծում, որը կարող է ամերիկյան ընկերություններին հնարավորություն տալ ներգրավվելու Հայաստանի ապագա միջուկային ծրագրում։
Հայաստանը նախկինում քննարկել է ամերիկյան նախագծմամբ՝ յուրաքանչյուրը մոտ 300 Մվտ հզորությամբ մոդուլային ռեակտորների կառուցումը՝ որպես խորհրդային տարիներին կառուցված Մեծամորի ատոմակայանին փոխարինելու հնարավոր տարբերակ։
ՀԱԷԿ-ի շահագործման երկարացում
Կառավարության նոր ծրագիրը նաև նախատեսում է ամբողջությամբ իրականացնել ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի՝ 2026-2036 թվականների երկարացման ծրագիրը։ Սա Երևանին լրացուցիչ ժամանակ կտա նոր էներգաբլոկի տարբերակն ընտրելու և այն կառուցելու համար։
Մեծամորի ատոմակայանն այժմ ապահովում է Հայաստանի տարեկան էլեկտրաէներգիայի արտադրության մինչև 30 տոկոսը։ Հայաստանը 2023-ին «Ռոսատոմի» հետ ստորագրել է $65 մլն-ի արդիականացման համաձայնագիր՝ խորհրդային նախագծմամբ ռեակտորը մինչև 2036-ը շահագործելու նպատակով։
Խուդաթյանը հունիսին հայտարարել էր, որ ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման ծրագիրը Հայաստանին թույլ է տալիս չշտապել նոր ատոմակայանի վերաբերյալ որոշման հարցում։ Նա նշել էր, որ որոշումը կարող է հետաձգվել մինչև 2027-ը։ Կառավարության նոր ծրագիրն այժմ պաշտոնապես 2027-ի ավարտն է սահմանում որպես առնվազն տեխնոլոգիայի ընտրության վերջնաժամկետ։












