Գլխավոր Լրահոս

Ձեր քննադատությունը «տարօրինակ կերպով անհամոզիչ է»». Աճեմօղլուն՝ The Economist-ին

Ձեր քննադատությունը «տարօրինակ կերպով անհամոզիչ է»». Աճեմօղլուն՝ The Economist-ին

Տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Տարոն Աճեմօղլուն կոշտ է պատասխանել բրիտանական The Economist-ին՝ պնդելով, որ հանդեսի՝ իր գիտական աշխատանքի վերաբերյալ քննադատությունը հիմնված է թույլ փաստարկների, անանուն կարծիքների և ընտրողաբար ներկայացված առարկությունների վրա։

Օգոստոսի 21-ին հրապարակված նամակում Աճեմօղլուն անդրադարձել է The Economist-ի՝ նախորդած ուրբաթ շաբաթվա համարում հրապարակված «Աշխարհի ամենաազդեցիկ տնտեսագետը տարօրինակ կերպով անհամոզիչ է» (The world’s most influential economist is oddly unconvincing) վերնագրով հոդվածին։

«Ձեր՝ իմ մասին վերջին հոդվածը աչքի էր ընկնում ոչ այնքան իմ աշխատանքի նկատմամբ թշնամական վերաբերմունքով, որքան պնդումների թուլությամբ», - գրել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) պրոֆեսոր Աճեմօղլուն։

Նրա խոսքով՝ իր հետազոտությունների և հիմնական գաղափարների քննադատությունը ողջունելի է։ Աճեմօղլուն նշում է, որ կարելի է հիմնավոր վիճարկել իր մոտեցումները՝ ինստիտուտներից և գաղութատիրության ժառանգությունից մինչև ավտոմատացում ու արհեստական բանականության հետևանքներ։ Սակայն, նրա գնահատմամբ, The Economist-ի հոդվածը «իրար հետ թույլ կապված դժգոհություններ է հավաքում՝ ստեղծելով ոչ վստահելի գիտական աշխատանքի ակնարկ»։

Օգոստոսի 17-ի հոդվածում The Economist-ը Աճեմօղլուին ներկայացնում էր որպես ժամանակակից տնտեսագիտության ամենաազդեցիկ ներկայացուցիչներից մեկը, սակայն հարցականի տակ էր դնում նրա որոշ աշխատանքների արժանահավատությունը։ Հանդեսը հիշեցնում էր, որ 2024-ին Աճեմօղլուն Սայմոն Ջոնսոնի և Ջեյմս Ռոբինսոնի հետ ստացել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակ՝ ինստիտուտների և երկրների բարեկեցության միջև կապի վերաբերյալ ուսումնասիրությունների համար։ Այն Աճեմօղլուին անվանում էր տնտեսագիտության «հսկա»՝ նշելով նրա հարյուրավոր գիտական հոդվածները, յոթ գրքերը և տնտեսագետների շրջանում բացառիկ բարձր մեջբերվածությունը։

Այդուհանդերձ, հոդվածի հիմնական պնդումն այն էր, որ Աճեմօղլուի հեղինակությունն ու ազդեցությունը միշտ չէ, որ համարժեք են նրա որոշ հետազոտությունների համոզչությանը։ Հենց այդ գնահատականին է Աճեմօղլուն այժմ հակադարձում։

Նրա առաջին առարկությունը վերաբերում է հոդվածի աղբյուրներին։ Աճեմօղլուի խոսքով՝ The Economist-ն իր «տարօրինակ կերպով անհամոզիչ» լինելու եզրակացությունը մասամբ հիմնավորում է անանուն տնտեսագետների կարծիքներով, որոնք, ըստ հանդեսի, ավելի անկեղծ են խոսել «մի քանի բաժակ ալկոհոլից հետո»։

«Այդ ճշմարտությունը ստանալու համար խմիչք հյուրասիրված մարդկանցից ոչ մեկը չի նշվում անունով»,- գրել է Աճեմօղլուն։ Նա հարց է տալիս՝ արդյոք The Economist-ը կհրապարակե՞ր մի նամակ, որտեղ ինքը կպնդեր, որ մի քանի բաժակից հետո մարդկանց մեծ մասն իրեն ասում է, թե հանդեսին այլևս «չարժե բաժանորդագրվել»։

Աճեմօղլուն նաև նշում է, որ հոդվածում իր աշխատանքի վերաբերյալ նման գնահատականով անունով մեջբերված միակ անձը տնտեսագիտական բլոգեր Նոա Սմիթն է։ «Բավական թույլ հիմք է ամբողջ կյանքի ակադեմիական աշխատանքը գնահատելու համար», - գրել է նա։

Երկրորդ առարկությունը վերաբերում է Աճեմօղլուի համահեղինակած Baby busts and growth booms հետազոտությանը, որտեղ ուսումնասիրվում է ծնելիության նվազման և տնտեսական աճի կապը։

The Economist-ը հղում էր արել Փենսիլվանիայի համալսարանի տնտեսագետ Խեսուս Ֆեռնանդես-Վիլյավերդեի սոցիալական ցանցում արած դիտարկմանը, ըստ որի՝ անցյալի տվյալներով ստացված արդյունքները կարող են կիրառելի չլինել ապագայի համար։

Աճեմօղլուն պատասխանում է, որ հենց այդ սահմանափակումը հեղինակներն իրենք բացահայտ արձանագրել են հետազոտության եզրակացությունում։

Հանդեսը, ըստ Աճեմօղլուի մեջբերման, գրել էր, որ նման վերապահումները կարող են «կորչել» և պարզունակ թվալ Աճեմօղլուի «մաթեմատիկայի հսկայական ծավալի» կողքին։ Աճեմօղլուն նաև նշում է, որ հոդվածի հեղինակները Ֆեռնանդես-Վիլյավերդեի հետ չեն զրուցել։

Նրա երրորդ քննադատությունն այն է, որ հանդեսն ընտրողաբար և «անկանոն» է հավաքել իր աշխատանքի դեմ փաստարկները։ Նա մասնավորապես հիշատակում է տնտեսագետ Թայլեր Քոուենի և քաղաքագետ Ֆրենսիս Ֆուկույամայի քննադատությունները՝ նշելով, որ նման տարաձայնությունները կարող են և նախկինում արդեն դարձել են արդյունավետ ակադեմիական քննարկումների հիմք։

«Ես ողջունում եմ նման քննարկումը, և կարծում եմ՝ ձեր հեղինակները գիտեն, որ նման տարաձայնությունները առողջ ակադեմիական բանավեճի մաս են»,- գրել է նա։

Վեճ նաև արհեստական բանականության շուրջ

Աճեմօղլուն հարցեր է բարձրացրել նաև հրապարակման ժամանակի վերաբերյալ։ The Economist-ի քննադատական հոդվածը լույս է տեսել նրա նոր՝ What Happened to Liberal Democracy? գրքի հրատարակման հետ միաժամանակ։ Հանդեսն այդ նույն ժամանակ հրապարակել է նաև գրքի առանձին գրախոսություն։

Աճեմօղլուի խոսքով՝ գիրքը վերաբերում է լիբերալ փիլիսոփայությանը, լիբերալ ժողովրդավարության անցյալի հաջողություններին, ներկայիս ճգնաժամին և այն հարցին, թե կառավարման ինչ նոր փիլիսոփայություն կարող է վերակենդանացնել լիբերալիզմը։

Մինչդեռ The Economist-ի գրախոսությունը գիրքը ներկայացրել է որպես աշխատանք, որը քննարկում է, թե ինչպես է արհեստական բանականությունը ձևավորելու ապագան։ Աճեմօղլուն հակադարձում է, որ AI-ին և ժողովրդավարությանը նվիրված է ընդամենը կես գլուխ։

«Դժվար է սա չընկալել որպես ռազմավարական շրջանակավորում, որի նպատակն է մթագնել իմ գրքի ուղերձը և այն բերել The Economist-ի սիրելի թեմային՝ AI-ի պաշտպանությանը և խթանմանը»,- գրել է նա։

Աճեմօղլուն իր պատասխանը եզրափակում է՝ The Economist-ի վերնագրային բնորոշումը շրջելով հենց հանդեսի դեմ։

«Եթե սա լավագույնն է, որ կարող եք անել 33 տարվա աշխատանքը գնահատելիս, ապա հենց ձեր քննադատությունն է «տարօրինակ կերպով անհամոզիչ»»,- գրել է նա։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում