Գլխավոր Լրահոս

Միջազգային ցանցին ինտեգրվելու համար Փաշինյանն ակնկալում է ռուսական կողմի ճկունությունը

Միջազգային ցանցին ինտեգրվելու համար Փաշինյանն ակնկալում է ռուսական կողմի ճկունությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դիմելով Ռուսաստանի Դաշնության գործընկերներին, խնդրել է ճկունություն ցուցաբերել և երկաթուղու կոնցեսիայի իրավունքը վաճառել Հայաստանի և Ռուսաստանի համար ընդունելի երրորդ երկրի, որպեսզի հնարավոր լինի խուսափել պատժամիջոցային ռիսկերից և Հայաստանը լիարժեքորեն ինտեգրել միջազգային երկաթուղային ցանցին։ Այս մասին վարչապետը հայտարարել է օգոստոսի 24-ին՝ Ազգային ժողովում կառավարության 2026-2031 թվականների ծրագրի ներկայացման ժամանակ։

Փաշինյանն անդրադարձել է Երասխ-Ախուրիկ երկաթուղային հատվածին՝ ընդգծելով, որ այն Հայաստանի լիարժեք սեփականությունն է և գտնվում է ռուսական կառավարման ներքո, ինչի հետ հայկական կողմը որևէ խնդիր չունի՝ մեծագույն հարգանքով վերաբերվելով Ռուսաստանի Դաշնությանն ու նրա շահերին։

«Հասկանալի է, որ Հայաստանը ոչ մի առնչություն և ազդեցություն չունի Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների հարցում։ Հասկանալի է, որ մենք խնդիր չունենք նաև այն փաստի հետ, որ Հայաստանի երկաթուղին գտնվում է ռուսական երկաթուղիների կառավարման ներքո։ Սա մեզ համար որևէ խնդիր չի եղել և մենք երբեք այս թեմային չենք անդրադարձել։ Ընդ որում, էլի ուզում եմ կրկնել, որ երկաթուղին Հայաստանի սեփականությունն է և ընդամենը գտնվում է ռուսական երկաթուղիների կառավարման ներքո, ու մենք ոչ մի խնդիր չունենք այս փաստի հետ։ Մենք մեծագույն հարգանքով ենք վերաբերվում Ռուսաստանի Դաշնությանը և նրա շահերին»,- ասել է վարչապետը։

Միևնույն ժամանակ վարչապետը նշել է, որ միջազգային ներդրողներն ու բեռնափոխադրողները խուսափում են աշխատել ռուսական կառավարման ներքո գտնվող ենթակառուցվածքների հետ՝ պայմանավորված Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներով և Արևմուտքի հետ բարդ հարաբերություններով։

Նրանք փորձում են շրջանցել Երասխ-Ախուրիկ հատվածը, ինչի հետևանքով Հայաստանը վտանգում է կորցնել մեծ եկամուտներ, ներդրումներ, աշխատատեղեր և զարգացման հնարավորություններ։

«Իսկ Ռուսաստանի և արևմուտքի բարդ հարաբերությունները, Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները, միջազգային ներդրողներին, բեռնափոխադրողներին և առևտրի մասնակիցներին ստիպում են խուսափել, դա ռիսկ համարել և ռիսկի չդիմել ուղղակի կամ անուղղակի պատժամիջոցային սահմանափակումների կամ նման ռիսկ ունեցող ենթակառուցվածքի հետ աշխատելով, այսինքն նրանք համարում են, որ աշխատելով նման ենթակառուցվածքների հետ ռիսկի են դիմում...»,- ասել է վարչապետը։

Ըստ Փաշինյանի՝ Հայաստանը չի կարող թույլ տալ կորցնել միջազգային երկաթուղային ցանցին ինտեգրվելու պատմական հնարավորությունը։

«Այս է պատճառը, որ Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերներին խնդրում ենք ճկունություն ցուցաբերել և կոնցեսիայի իրավունքը վաճառել Հայաստանի և Ռուսաստանի համար ընդունելի երրորդ երկրի։ Կրկնում եմ, Հայաստանի և Ռուսաստանի համար ընդունելի երրորդ երկրի»,- ասել է Փաշինյանը։

2008-ին ռուսական պետական «Ռոսիյսկիե ժելեզնիե դորոգի» (ՌԺԴ) ընկերության հետ կնքած պայմանագրով Հայաստանի կառավարությունն իր երկաթուղային ցանցը 30 տարով հանձնել է ՌԺԴ-ի հավատարմագրային կառավարմանը՝ ևս 10 տարի երկարաձգման իրավունքով:


Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հայկական երկաթուղու կառավարման շուրջ ստեղծված իրավիճակում Հայաստանը Ռուսաստանի հետ ձգտում է բացառապես բարեկամական և փոխադարձ ըմբռնման վրա հիմնված լուծման՝ բացառելով միակողմանի կտրուկ քայլերն ու պայմանագրի միակողմանի խզումը:

Փետրվարին վարչապետն իր պատկերացումն էր ներկայացրել երկաթգծի կառավարման մասին, ըստ որի կարող է Հայաստանի ու Ռուսաստանի հետ բարեկամ որևէ երկիր գնի ՌԴ-ից կառավարման իրավունքը։

Հունվարին Փաշինյանը դիմելով Ռուսաստանին՝ խնդրել էր հրատապության կարգով որոշում կայացնել Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքների կարևոր հատվածների վերականգնման հարցում։

Հայաստանն ակընկալում է, որ օր առաջ վերականգնվեն ռուսական կոնցեսիայի ներքո գտնվող Ախուրիկի հատվածում Հայաստան-Թուրքիա սահմանից մինչև գործող երկաթուղային հատվածը, Հայաստան-Նախիջևան սահմանից մինչև Երասխ հատվածը, Տավուշի հատվածում՝ մինչև Իջևան երկաթուղային կայարանը ներառյալ։

Դեկտեմբերին Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է սեփական միջոցներով վերականգնել երկաթուղային ենթակառուցվածքների կարևոր հատվածները, եթե ռուսական կողմը պատշաճ ժամկետներում չիրականացնի այդ աշխատանքները։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում