Գլխավոր Լրահոս

Հայաստանն առաջիկայում կսկսի ԵՄ-ին անդամագրվելու պաշտոնական դիմում ներկայացնելու գործընթացը․ վարչապետ

Հայաստանն առաջիկայում կսկսի ԵՄ-ին անդամագրվելու պաշտոնական դիմում ներկայացնելու գործընթացը․ վարչապետ

Հայաստանն առաջիկայում կսկսի Եվրոպական Միությանն անդամագրվելու պաշտոնական դիմում ներկայացնելու գործընթացը։ Այս մասին օգոստոսի 24-ին Ազգային ժողովում Կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը ներկայացնելիս հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս հարցերին որևէ պատասխան ունենալը կարևոր է ոչ միայն ընթացակարգային առումով, այլև հանրաքվեի ընթացքում ժողովրդի կողմից ուղղվող հարցերի գոնե մոտավոր պատասխաններ ունենալու համար։ Իսկ այս հարցերի պատասխանների շուրջ աշխատելու համար Հայաստանը նախ պետք է անդամագրվելու պաշտոնական դիմում ներկայացնի Եվրոպական Միությանը։ Սա նույնպես ծավալուն աշխատանք պահանջող գործընթաց է և առաջիկայում մենք թերևս կսկսենք այս գործընթացը, առավել ևս ԵԱՏՄ մեր գործընկերների հորդորներին ականջալուր լինելով»,- ասել է վարչապետը։

Մայիսի 29-ին Եվրասիական տնտեսական միության չորս երկրները հայտարարել էին, որ Հայաստանի անդամակցության հարցը կքննարկվի դեկտեմբերին։ Նրանք Հայաստանի իշխանությանը հորդորել են սեղմ ժամկետներում Եվրամիությանն անդամակցելու կամ ԵԱՏՄ-ում մնալու հարցով հանրաքվե անցկացնել: Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ԵԱՏՄ-ի կանոնակարգերով անդամ երկրի դուրս գալու որոշումը կարող է ընդունվել միայն տվյալ պետության կողմից։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տարբեր առիթներով ընդգծվել է Հայաստանում հնարավորինս սեղմ ժամկետներում ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ կազմում մնալու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը։

Վարչապետը պարզաբանել է, որ ԵՄ-ին անդամակցելու կամ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կազմում մնալու վերաբերյալ հանրաքվեն իմաստ կունենա անցկացնել այն ժամանակ, երբ պաշտոնական դիմումին կհաջորդի համապատասխան արձագանք, և պարզ կլինեն անհրաժեշտ բարեփոխումների ժամկետները։ Նա նաև հավելել է, որ այս հարցում ԵԱՏՄ գործընկերների հայտարարությունը հայկական կողմն ընկալում է որպես բարեկամական ժեստ։

«Ուշադրության արժանի է ԵԱՏՄ անդամ չորս երկրների ղեկավարների սույն թվականի մայիսի 29-ի համատեղ հայտարարությունը, որտեղ նրանք ասում են, մեջբերում եմ. «Կիսում ենք Հայաստանի Հանրապետությունում հնարավոր կարճ ժամկետներում Եվրոպական Միության անդամագրվելու կամ Եվրոպական տնտեսական միության կազմում մնալու վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե անելու անհրաժեշտ մասին դիրքորոշումը»։ Սա մենք ընկալում ենք որպես բարեկամական ժեստ, որը բարձր ենք գնահատում և վստահ եմ Հայաստանում նման հանրաքվե անպայման տեղի կունենա»,- ասել է վարչապետը։

Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը և տնտեսությանը՝ Փաշինյանն ընդգծել է, որ դիվերսիֆիկացիան ու այլընտրանքների ձևավորումը պետական անվտանգության և ինքնիշխանության պահպանման հարց են, քանի որ այլընտրանքներ չունենալը հնարավորություն է տալիս այլ պետությունների՝ Հայաստանին պարտադրել ցանկացած որոշում։

«Անկախությունը, քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ, և նավթամթերքի շուկան այս բանաձևի կիրառման փայլուն օրինակ է։ 2024-ից 2026 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում նավթամթերք են ներմուծվել 20 տարբեր երկրներից, 20 տարբեր երկրներից: Սա իրական դիվերսիֆիկացիա է, հավասարակշռված կշռման և հավասարակշռված քաղաքականություն, և այդ քաղաքականությունը պետք է տարածել տնտեսական բոլոր ոլորտների վրա»,- ասել է Փաշինյանը։

Որպես այլընտրանքների բացակայության հետևանք՝ կառավարության ղեկավարը մատնանշել է Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների, մասնավորապես՝ վարդերի արտահանման նկատմամբ կիրառվող սահմանափակումները։ Փաշինյանը դա որակել է ոչ թե Հայաստանի, այլ անմիջապես ԵԱՏՄ-ի ճգնաժամ՝ հավելելով, որ հայկական կողմի համար դա նոր գնորդներ ու շուկաներ գտնելու հնարավորություն է։

«Հարգելի ներկաներ, սիրելի ժողովուրդ, առիթ ունեցել եմ ասելու, որ Հայաստանյան ապրանքների արտահանման նկատմամբ Ռուսաստանի Դաշնության կողմից կիրառվող սահմանափակումները հակասում են Եվրասիական տնտեսական միության կարգավորումներին։ Դա ըստ էության ճգնաժամ է ԵԱՏՄ-ի համար, որի շուրջ քննարկումները մենք արդեն սկսել ենք կազմակերպության ներսում»,- նշել է վարչապետը։

Միևնույն ժամանակ, որպես հաջողված դիվերսիֆիկացիայի օրինակ, նա նշել է նավթամթերքի շուկան, քանի որ չնայած գլոբալ մատակարարման ճգնաժամերին, Հայաստանը խուսափեց վառելիքի պակասորդից, հատկապես որ 2025-ից սկսվել են նաև ներմուծումներ Ադրբեջանից։

«Հորմուզի նեղուցում և Ռուսաստանի Դաշնությունում նավթամթերքի մատակարարումների հետ կապված ճգնաժամի հետևանքով Հայաստանը բենզինային ճգնաժամի առաջ չկանգնեց, որովհետև 2018-ի հեղափոխությունից առաջ և մինչ այդ հստակ վերահսկվող նավթամթերքի շուկան ազատականացվեց, իսկ 2025-ին սրան գումարվեց նաև Ադրբեջանից նավթամթերք ներմուծելու հանգամանքը»,- ասել է Փաշինյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում