Գլխավոր Լրահոս

ՀԱՊԿ-ի նկատմամբ հետաքրքրությունը սպառված է․ Փաշինյան

ՀԱՊԿ-ի նկատմամբ հետաքրքրությունը սպառված է․ Փաշինյան

Հայաստանն առաջիկա հինգ տարում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) աշխատանքներն ակտիվացնելու կամ կազմակերպություն վերադառնալու որևէ պլան չունի։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ օգոստոսի 24-ին Ազգային ժողովում պատասխանելով Կառավարության 2026-2031-ի ծրագրի վերաբերյալ պատգամավորների հարցերին։

Վարչապետն ընդգծել է, որ կառույցին ուղղված բոլոր հարցերը մնացել են անպատասխան, և ՀԱՊԿ-ի նկատմամբ հետաքրքրությունը սպառված է։

«Մեր նախընտրական ծրագրում հստակ գրված է, որ առաջիկա հինգ տարում մենք ՀԱՊԿ վերադառնալու ոչ մի պլան չունենք, ես կարող եմ վստահ ասել, որ մենք ՀԱՊԿ-ում մեր աշխատանքները չենք ակտիվացնելու»,- ասել է Փաշինյանը։

Նա հավելել է, որ եթե կազմակերպությունը որոշի Հայաստանին հեռացնել շարքերից, դա կթեթևացնի որոշումների կայացման գործընթացը։

«Ես շատ գոհ կլինեմ, եթե կազմակերպությունը որոշի Հայաստանի Հանրապետությանը հեռացնել հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, մեզ համենայն դեպս կազատի դուրս գալ չգալու երկընտրանքից»,- նշել է նա։

Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներին՝ վարչապետը շեշտել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի հետ անհրաժեշտ է հաստատել խաղաղություն և կայունություն։ Նրա խոսքով՝ երկիրը պետք է ունենա սեփական ուժերով գոյատևելու կարողություն՝ անկախ արտաքին ուղղություններից։

«Մենք պետք է ունենանք առանց արտաքին օգնության մեր տարածաշրջանում ապրելու կարողություն։ Արտաքին նշանակում է արտաքին, կապ չունի հյուսիսային արտաքին, թե արևմտյան արտաքին։ Մենք պետք է ունենանք պաշտպանունակ բանակ և մենք պետք է ունենանք խաղաղություն»։

Վարչապետի հավաստմամբ՝ անվտանգության հայեցակարգը պետք է հիմնված լինի լեգիտիմության, փոխկապվածության և երկարաժամկետ կանխատեսելիության վրա։

***

Օգոստոսի սկզբին ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը «ՌԻԱ Նովոստի»-ին ասել էր, որ Հայաստանին կազմակերպության մարմիններում ձայնի իրավունքից զրկելու համար անհրաժեշտ է կոնսենսուս։ Նրա խոսքով՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի է ունենալու նոյեմբրի 11-ին Մոսկվայում, և մասնակից երկրների առաջնորդները, հավանաբար, կքննարկեն այս հարցը։

Ավելի վաղ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտնել էր, որ Հայաստանը 2025-ին անդամավճար չի փոխանցել ՀԱՊԿ-ին՝ մասնակցության համար՝ պատճառով, որ Հայաստանը մասնակցություն չի ունեցել այդ կազմակերպության գործունեությանը։

ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերությունները սրվեցին 2022-ի սեպտեմբերին՝ Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի զինուժի ապօրինի ներխուժումից հետո, երբ կազմակերպությունը ռազմական և քաղաքական աջակցություն չհայտնեց իր անդամ երկրին։

Հայաստանը 2024-ի փետրվարից հայտարարել է ՀԱՊԿ-ին իր մասնակցությունը սառեցնելու մասին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ն չի կատարել Հայաստանի նկատմամբ անվտանգային պարտավորությունները։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում