Գլխավոր Լրահոս

Ռոբերտ Քոչարյանին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե՝ Փաշինյանի հետ որդու բանավեճից հետո

Ռոբերտ Քոչարյանին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե՝ Փաշինյանի հետ որդու բանավեճից հետո

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին օգոստոսի 25-ի վաղ առավոտյան իրավապահները տարել են Հակակոռուպցիոն կոմիտե։ Միաժամանակ խուզարկություն է սկսվել նրա որդու՝ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի բնակարանում։

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ նախկին նախագահին քննչական մարմինները տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե։ Կատարվածը նա որակել է «իշխանությունների հերթական գրոհ» Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ։ 

Թե ինչ քրեական վարույթի շրջանակում է Քոչարյանը տարվել Հակակոռուպցիոն կոմիտե և ինչ կարգավիճակ ունի, առայժմ պաշտոնապես չի հաղորդվել։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանն էլ հայտնել է, որ առավոտյան ժամը 07:00-ի սահմաններում իրավապահները մտել են Լևոն Քոչարյանի տուն։ «Ցուցումը լինում է ուղիղ ԱԺ ամբիոնից»,- ասել է Մանուկյանը՝ գործողությունը կապելով նախորդ օրը խորհրդարանում տեղի ունեցած բանավեճի հետ։ 

Իրավապահների գործողությունները հաջորդում են օգոստոսի 24-ին Ազգային ժողովում Լևոն Քոչարյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև կոշտ բանավեճին՝ քաղաքական հետապնդումների և Քոչարյանների ընտանիքի ունեցվածքի շուրջ։

Խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ Լևոն Քոչարյանը Փաշինյանին մեղադրեց դատարանների և քննչական մարմինների վրա քաղաքական ճնշում գործադրելու մեջ՝ ասելով, որ երկրի վարչապետը չի կարող խորհրդարանի ամբիոնից որոշել, թե ով պետք է ազատազրկվի կամ զրկվի ունեցվածքից։

«Եթե երկրի վարչապետն ասում է՝ այսինչը պետք է նստի, այսինչը պետք է ունեզրկվի, սա քաղաքական պատվեր է, սա նորմալ չի։ Սա հակասում է եվրոպական ստանդարտներին, ժողովրդավարությանը»,- ասաց Քոչարյանը։

Փաշինյանը պատասխանեց՝ հարցնելով, թե ինչ միջոցներով է Քոչարյանների ընտանիքը դարձել միլիոնատեր։ «Դուք ինչո՞ւ եք միլիոնատեր։ Դուք ինչի՞ հաշվին եք միլիոնատեր։ Ձեր ընտանիքը ինչի՞ հաշվին է միլիոնատեր»,- ասաց վարչապետը։

Փաշինյանը նաև հայտարարեց, որ այդ ունեցվածքը պետք է վերադարձվի պետությանը։ «Դուք պիտի հատիկ-հատիկ ամեն ինչը վերադարձնեք Հայաստանի Հանրապետությանը, և այո, դա իմ քաղաքական առաքելությունն է, պահանջն է և պարտավորությունն է, որ ես ստանձնել եմ ժողովրդի առաջ»,- ասաց նա։

Լևոն Քոչարյանը հակադարձեց, որ ժողովրդավարական երկրում գույքի օրինականության և այն վերադարձնելու հարցը պետք է որոշի դատարանը, ոչ թե վարչապետը։ Նրա խոսքով՝ վարչապետի նման հայտարարությունները, երբ զուգահեռ դատական գործընթացներ կան, «ուղիղ ճնշում են դատարանի վրա»։

Բանավեճի ավարտին Փաշինյանը, վկայակոչելով Նոր Կտակարանից «մի դատիր, որ չդատվես» արտահայտությունը, ասաց. «Այն, ինչ որ ես ձեզ ասեցի, ես այո՛, ձեզ դատում եմ և ես ձեզ դատելու եմ և պատրաստ եմ նույն դատով դատվել»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում