Արթուր Գրիգորյան, էկոլոգիական իրավունքի մասնագետ
2018-ի հեղափոխությունից ընդամենը երկու ամիս անց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) սեփականատիրական կառուցվածքում կարևոր փոփոխություն տեղի ունեցավ։ Հուլիսին Կիպրոսում գրանցված «Վոլնըրթ ֆայնենս լիմիթեդը» (Walnort Finance Limited) ձեռք բերեց ԶՊՄԿ-ի 12.5% բաժնեմասը վերահսկող «Մուն Մեթալս» (Moon Metals CJSC) ընկերությունը։ Գործարքին նախորդող և հաջորդող տարիներին «Վոլնըրթի» բաժնետերերը, տնօրեններն ու ֆինանսավորման աղբյուրները քանիցս փոխվեցին։ Սեփականատիրական և ֆինանսական շղթայի տարբեր օղակներում ի հայտ են գալիս ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ազգականների, ինչպես նաև նախկին նախագահ Սերժ Սարգսյանի դստեր ամուսին Միքայել Մինասյանի հետ կապվող անձանց ու ընկերությունների անուններ։ Այս պատմությունն այսօր այլևս միայն ԶՊՄԿ-ի բաժնեմասերի վերաբաշխման կամ ներքաղաքական հակասությունների հարց չէ։ Այն Հայաստանի դեմ ներկայացված 1,5 մլրդ դոլարի միջազգային արբիտրաժային պահանջի հիմքում է։
Հայաստանի դեմ ներկայացված արբիտրաժային հայցով «Վոլնըրթը» պնդում է, որ խախտվել են իր՝ որպես օտարերկրյա ներդրողի իրավունքները։ Ընկերությունն իր կրած ֆինանսական կորուստները գնահատել էր նախ 1.2, ապա 1.5 մլրդ դոլարի չափով։ Վեճի հիմքում ընկած է «Վոլնըրթի» պահանջը՝ ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի մեծ մասն իրեն վաճառելու վերաբերյալ։ 2019-ին գերմանական «Քրոնիմետ» ընկերությունների խումբը իրեն պատկանող 75% բաժնեմասը փոխանցել էր մայր կազմակերպությանը՝ ԶՊՄԿ-ին, որը 2021-ին վաճառվել էր ռուսաստանյան երկու ընկերությունների։ «Վոլնըրթը» ԶՊՄԿ-ի 12.5% բաժնեմասը ձեռք է բերել 2018-ին, ինչի հիման վրա այս ընկերությունը համարու է, որ ունի բաժնետոմսերի մնացած մասի նկատմամբ ձեռքբերման նախապատվության իրավունք։
Այս բաժնեմասի շուրջ տարիների ընթացքում ձևավորված սեփականատիրական և ֆինանսական շղթան անցնում է Կիպրոսում, Պանամայում, Բրիտանական Վիրջինյան կղզիներում և Դուբայում գրանցված ընկերություններով, որոնց բաժնետերերի և իրական շահառուների վերաբերյալ տվյալները մեծ մասամբ գաղտնագրված են (anonymised)։ Այդ շղթայի տարբեր օղակներում ի հայտ են գալիս ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ազգականների, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ կապվող անձանց և ընկերությունների անուններ։
Գործարքին իրենց մասնակցության վերաբերյալ միմյանց հակասող և հերքող հայտարարություններով են հանդես գալիս վարչապետ Փաշինյանը, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն ու նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը։ Չնայած գործարքի փաստական հանգամանքները պտտվում են այս եռանկյունու շուրջ, նրանք բոլորը կտրականապես ժխտում են իրենց շահագրգռվածությունը դրանում։
Վանեցյաններից՝ արբիտրաժ
2018-ի հուլիսի 20-ին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը թույլատրեց «Վոլնըրթի» և «Մուն Մեթալս» ՓԲԸ-ի համակենտրոնացումը, որի արդյունքում «Վոլնըրթը» դարձավ ԶՊՄԿ-ի 12.5% բաժնետեր։
Դրանից մոտ մեկ ամիս առաջ՝ 2018-ի հունիսի 26-ին, «Վոլնըրթ ֆայնենս լիմիթեդը» ձեռք էր բերել Ժան Ժակ Լուի Փոլ Բաֆֆե (Jean Jacques Louis Paul Buffet) անունով անձը։ Մինչ այդ ընկերության միակ բաժնետերը Պանամայում գրանցված Image Consolidated S.A.-ն էր։ Բաֆֆեի վերաբերյալ բաց աղբյուրներում գրեթե տեղեկություն չկա։ Հետաքննող լրագրողները նախկինում հարց են բարձրացրել, թե արդյոք նա ընկերության իրական շահառուն էր, թե հանդես էր գալիս որպես անվանական բաժնետեր։

«Վոլնըրթի» ֆինանսական փաստաթղթերի համաձայն՝ նույն օրը փոխվել էին ըներության տնօրենները և գրանցման հասցեն։ «Վոլնըրթը» վերագրանցվել էր Նիկոսիայի նույն հասցեում, որտեղ գրանցված էր Արմեն և Կարեն Վանեցյաններին պատկանող Triendotto Investments Limited-ը։ Երկու ընկերություններն ունեցել են նաև նույն տնօրենները։ Այդ ժամանակ Արթուր Վանեցյանը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրենն էր։


Կարճ ժամանակ անց՝ 2020-ի, փետրվարի 3-ին «Վոլնըրթի» բաժնետեր Բաֆեին փոխարինում է Ուկրաինայում Ռուսաստանի նախկին դեսպան, Ռուսաստանի առողջապահության և սոցիալական զարգացման հարցերի նախկին նախարար Միխաիլ Զուրաբովը։ Վերջինը Փաշինյանի հետ հանդիպմանը, ըստ պաշտոնական հաղորդագրության, նրան է ներկայացրել Հայաստանում նախատեսվող ներդրումային ծրագրերը։

Անհաջող բանակցություններից և դատական գործընթացներից հետո՝ 2023-ի հունիսի 21-ին, Միխայիլ Զուրաբովը ընկերության իր բաժնեմասը փոխանցել է Արմեն Վանեցյանին։ Արմեն Վանեցյանը ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հորեղբոր որդին է։ Նա և նրա եղբայր Կարեն Վանեցյանը բիզնես կապեր են ունեցել նաև Զուրաբովի հետ՝ որպես Exoil Group-ի համասեփականատերեր։


Դրանից մեկ ամիս էլ չանցած՝ 2023-ի հուլիսի 17-ին, Արմեն Վանեցյանը բաժնեմասը փոխանցել է «Բելլ Կապիտալ» (Bell Capital Switzerland S.A.) ընկերությանը, որից հետո արբիտրաժային հայց է ներկայացվել Հայաստանի դեմ, ինչն այս պահին ընթացքի մեջ է։ Փաստորեն, Արթուր Վանեցյանի կողմից ըներությության բաժնեմասի օտարմամբ «Վոլնըրթում» բաժնետերերի փոփոխման շղթան ավարտվում է։

Կիպրոսի ռեգիստրից ձեռք բերված փաստաթղթերից ունենք փաստական հանգամանքների հետևյալ շղթան.
1) «Վոլնըրթ ֆայնենս լիմիթեդ» ընկերությունը ԶՊՄԿ 12.5% բաժնեմասը ձեռք է բերել 2018-ի հուլիսին 20-ին ՏՄՊՊՀ իրականացրած համակենտրոնացման արդյունքում։
2) Ընկերության բաժնետերը, տնօրենները և գրանցման հասցեն փոփոխվել են ՏՄՊՊՀ-ի համակենտրոնացումից մոտ մեկ ամիս առաջ։
3) Ընկերության բաժնետեր Ժան Ժակ Լուիս Փոլ Բաֆֆեի անձի վերաբերյալ բաց աղբյուրներից կամ լրագրողական հետաքննական արդյունքում որևէ տեղեկատվություն հնարավոր չի եղել գտնել։
4) Բաֆեին փոխարինած Միխային Զուրաբովը այլ ընկերությունում եղել է Վանեցյանների բիզնես գործընկերը։ «Վոլնըրթի» բաժնեմասը «Բելլ Կապիտալին» վաճառելուց առաջ Զուրաբովը ըներության բաժնեմասը փոխանցել է Արմեն Վանեցյանին։
5) «Բելլ Կապիտալը» ընկերության բաժնեմասը ձեռք է բերել Արմեն Վանեցյանից և կարճ ժամանակ անց Հայաստանի դեմ ներկայացրել է արբիտրաժային հայց։
Այսպիսով, համակենտրոնացմանը նախորդող շաբաթներին փոխվել էին «Վոլնըրթի» բաժնետերը, տնօրենները և գրանցման հասցեն՝ կապեր ստեղծելով Վանեցյանների բիզնես կառույցների հետ։ Բաֆեին փոխարինած Զուրաբովը Վանեցյանների հետ նույնպես ուներ բիզնես կապեր՝ դրանով նույնպես փոխկապակցված լինելով նրանց հետ։ «Վոլնըրթի» բաժնեմասը մեկ այլ ընկերության վաճառելուց անմիջապես առաջ «Վոլնըրթի» բաժնեմասը մեկ ամսից էլ քիչ ժամկետով անցնում է Արմեն Վանեցյանին՝ արդեն ուղղակիորեն հիմնավորելով Վանեցյանների առնչությունը «Վոլնըրթի» հետ։
Այս փաստերը հաստատում են Վանեցյանների ընտանիքի անդամների և «Վոլնըրթի» միջև ինստիտուցիոնալ կապերի առկայությունը, սակայն դրանք ինքնին չեն ապացուցում, որ ԱԱԾ այն ժամանակվա տնօրեն Արթուր Վանեցյանն անձնական կամ նյութական շահ է ունեցել գործարքից։ Նրա հնարավոր ներգրավվածության հարցը պետք է դիտարկել հետագայում իր և Նիկոլ Փաշինյանի արած հրապարակային հայտարարությունների համատեքստում։
Օֆշորային ֆինանսավորումից դեպի Միքայել Մինասյան
«Վոլնըրթի» բաժնետերերի շրջանակը և այլ ինստիտուցիոնալ փոխկապակցվածությունները գնահատելուց հետո հաջորդ առանցքային գործոնը ֆինանսական աղբյուրներն են, որոնց միջոցով ձեռք է բերվել ԶՊՄԿ-ի 12.5% բաժնեմասը։ Դա թույլ կտա ամբողջականացնել փոխկապակցված անձանց և կազմակերպությունների շրջանակը։
ՏՄՊՊՀ-ի համակենտրոնացման մասին որոշման մեջ նշված է, որ բաժնեմասերի ձեռքբերման գործարքը, ինչպես նաև հետագա ներդրումներն իրականացվելու են արտասահմանյան բանկերից ներգրավված փոխառու միջոցների հաշվին։ «Վոլնըրթի» 2018-ի ֆինանսական հաշվետվությունից հետևում է, որ ընկերությունն այդ տարի մոտ 18 մլն դոլարի վարկային միջոցներ է ներգրավել երկու ընկերությունից՝ Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված Sokar Trade Corp-ից և Պանամայում գրանցված Image Consolidated S.A.-ից։ Վերջինը «Վոլնըրթի» բաժնետերն էր՝ նախքան 2018-ի հունիսի փոփոխությունները։
2021-ին «Վոլնըրթի»՝ այդ երկու ընկերությունների նկատմամբ ունեցած պարտավորությունները վարկի փոխանցման պայմանագրով անցել են մեկ այլ օֆշորային ընկերության՝ Zanzi Development S.A.-ին։


«Վոլնըրթի» վարկատու կազմակերպությունների բաժնետիրական կառուցվածքը փակ է։ Sokar Trade Corp-ի, Image Consolidated S.A.-ի և Zanzi Development S.A.-ի բաժնետիրական կառուցվածքի կամ իրական շահառուների վերաբերյալ հրապարակային տվյալներ գրեթե չկան։ Դրանց վերաբերյալ տեղեկատվություն անգամ վճարովի հիմունքներով դժվար է ձեռք բերել։

Ստացված վարկային միջոցներով «Վոլնըրթը» ներդրումներ է կատարել մի քանի ընկերություններում։ 2018-ի հուլիսի 6-ին այն 2,009.988 դոլարով (966 մլն դրամով), ձեռք է բերել «Մուն Մեթալս» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերը։ «Մուն Մեթալսի» միջոցով էլ վերահսկվում էր ԶՊՄԿ-ի 12.5% բաժնեմասը։ Հետագայում «Մուն Մեթալսը» փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում ներգրավվել է որպես Միքայել Մինասյանի հետ փոխկապակցվող ընկերություն։

Մի քանի օր անց՝ հուլիսի 12-ին, «Վոլնըրթը» շատ ավելի մեծ՝ 13 մլն դոլարով ձեռք է բերել Դուբայի ազատ տնտեսական գոտում գրանցված Metstream DMCC-ի 50% բաժնեմասը։ Metstream-ի գրանցված բաժնետերերից է Լեոնիդ Արևշատյանը, որին Հայաստանի իրավապահ մարմինները հրապարակված քրեական գործերի շրջանակում ներկայացրել են որպես Միքայել Մինասյանին պատկանող կազմակերպությունների փաստացի ղեկավար և գործունեության համակարգող։

Ձեռք բերված փաստաթղթերից հետևում է, որ 2016-ի հոկտեմբերից սկսած Metstream-ի մենեջերը և իրավական հարցերով ներկայացուցիչը Գերմանիայի քաղաքացի Մորից Հիլլն է (Moritz Jonathan Hieronymus Hill), որը եղել է ԶՊՄԿ-ի խորհրդի երկարամյա անդամ և Մինասյանի հետ փոխկապակցվող ընկերությունների մասնակից, ինչն առանձին ուսումնասիրության առարկա է։ Հետաքննական հրապարակումներում հիմնավորվել են նաև «Մուն Մեթալսի» նախկին բաժնետերերի փոխկապակցվածությունը Մինասյանի հետ։ Այդ կապերի և 2014-2017 թվականներին ԶՊՄԿ-ի բաժնեմասերի փոփոխությունների մանրամասն պատմությունը նույնպես կներկայացվի առանձին հրապարակմամբ։
Վարկատու և վարկառու ընկերությունների փոխկապակցվածությունը գնահատելու հարցում անկյունաքարային նշանակություն ունի մի հանգամանք. հիմնական վարկատու Sokar Trade Corp-ը նույն՝ 2021-ին գտնվել է լուծարման գործընթացում (liquidation)։

Հրապարակային աղբյուրներում լուծարման պատասխանատու նշվում է Հուլիո Պիրես Ֆրեյրը (Julio Pires Freire), որը 2023-ի օգոստոսին, ընկերությունը «Բելլ Կապիտալ»-ին վաճառելուց մեկ ամիս անց, նշանակվել է «Վոլնըրթի» տնօրեն։ Այս նշանակումից մոտ երկու ամիս անց՝ 2023-ի հոկտեմբերի 16-ին, Հայաստանի կառավարությանը ներկայացվել է արբիտրաժային վեճի մասին ծանուցումը, իսկ 2024-ի հունիսին սկսվել է արբիտրաժային վարույթը։

Այսպիսով, «Վոլնըրթի» կողմից ԶՊՄԿ 12.5% բաժնեմասի ձեռքբերման համար ներգրավված ֆինանսական միջոցների վերաբերյալ առկա են հետևյալ փաստական հանգամանքները.
1) 2018-ի հուլիսին կնքված գործարքի արժեքը, որով ձեռք է բերվել ԶՊՄԿ-ի 12.5% բաժնեմասը, կազմել է 966 մլն դրամ (մոտ 2 մլն դոլար)։
2) Այդ միջոցները ներգրավվել են տարբեր օֆշորային գոտիներում գրանցված ընկերություններից, որոնց բաժնետերերի և իրական շահառուների վերաբերյալ բաց աղբյուրներում ամբողջական տվյալներ չկան։
3) Ստացված վարկային միջոցներով «Վոլնըրթը» ձեռք է բերել նաև Դուբայում գրանցված Metstream DMCC ընկերության 50% բաժնեմասը, որի բաժնետերերը փոխկապակցված են Միքայել Մինասյանի հետ։
4) Հիմնական վարկատու Sokar Trade Corp ընկերությունը 2021-ին լուծարվում է՝ վարկային իրավունքները փոխանցելով Zanzi Development S.A. ընկերությանը։ Լուծարման գործընթացը կառավարում է Հուլիո Պիրես Ֆրեյրը, որը ընկերությունը «Բելլ Կապիտալ»-ին վաճառելուց մեկ ամիս անց նշանակվում է «Վոլնըրթի» տնօրեն։
5) Այս նշանակումից մոտ երկու ամիս անց՝ 2023-ի հոկտեմբերի 16-ին, Հայաստանի կառավարությանը ներկայացվել է արբիտրաժային վարույթի մասին ծանուցումը։
Այսպիսով, բաժնեմասերի ձեռքբերման գործարքն իրականացվել է ոչ թե արտասահմանյան բանկերից, այլ օֆշորային գոտիներում գրանցված ընկերություններից ներգրավված փոխառու միջոցներով, որոնց բաժնետերերի և իրական շահառուների մասին տվյալները փակ են։ Ներկայացված փաստերը ցույց են տալիս, որ շղթայի մաս կազմող ընկերություններն ունեն շարունակական ֆինանսական և կառավարչական փոխկապակցվածություն միմյանց, ինչպես նաև Միքայել Մինասյանի հետ առնչվող անձանց հետ։ Այնուհանդերձ, ամբողջ շղթայի իրական շահառուներին նույնականացնելու համար անհրաժեշտ են լրացուցիչ տվյալներ, որոնք օֆշորային փակ համակարգերը թույլ չեն տալիս։ Այդ տվյալները հնարավոր է ձեռք բերել պաշտոնական գործընթացների արդյունքում, ինչպիսիք են ՏՄՊՊՀ-ի համակենտրոնացման գործընթացը, իրական շահառուների բացահայտման պարտավորությունները կամ փողերի լվացման դեմ պայքարում միջպետական համագործակցությունը։ Նշված՝ 12.5% բաժնեմասի ձեռքբերման շուրջ տարիներ առաջ գլխավոր դատախազության կողմից հարցուցվել է քրեական հետապնդում, որը մինչև հիմա ընթացքի մեջ է։
Առկախված քրեական վարույթի հակասական տվյալները
2023-ի նոյեմբերին դատախազությունը հայտարարեց Կարեն Վանեցյանի նկատմամբ փողերի լվացման մեղադրանքով քրեական հետապնդում նախաձեռնելու մասին։ Ըստ հրապարակված մեղադրանքի՝ նա 2018-ի հուլիսին կիպրական ընկերության միջոցով ձեռք է բերել և տնօրինել ԶՊՄԿ-ի 12.5% բաժնետոմսերը, որոնք մինչ այդ պատկանել էին Միքայել Մինասյանին։
Քրեական վարույթի հրապարակված տվյալների և «Վոլնըրթի» կիպրական փաստաթղթերի միջև, սակայն, կան տարբերություններ, որոնք լրացուցիչ պարզաբանման կարիք ունեն։ Օրինակ՝ «Վոլնըրթի» 2018-ի ֆինանսական հաշվետվության համաձայն՝ «Մուն Մեթալսի» 100% բաժնեմասը ձեռք է բերվել 966 մլն դրամով՝ մոտ 2 մլն դոլարով։ Համաձայն պաշտոնական հաղորդագրության՝ Կարեն Վանեցյանն այդ բաժնեմասը ձեռք է բերել 1 մլրդ դրամով և 13 մլն դոլարով, մինչդեռ այն արժեր առնվազն 14,526.300 մլրդ դրամ։ Անհասկանալի է, թե ինչպես է վարույթն իրականացնող մարմինը գնահատել գույքի արժեքը, քանի որ գնահատված գումարի չափը (14,526.300 մլրդ դրամ) փոքր է անգամ ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի անվանական արժեքից։
Փաշինյան–Վանեցյան–Միքայել Մինասյան եռանկյունի
Այս գործարքում հնարավոր քաղաքական ազդեցությունները լիարժեք գնահատելու համար անհրաժեշտ է դիտարկել նաև շահառուների փոփոխության գործընթացում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներգրավվածության հանգամանքը։ ԶՊՄԿ-ի բաժնեմասերի փոփոխության բանալին վարչապետ Փաշինյանի, Արթուր Վանեցյանի և Միքայել Մինասյանի հրապարակային հայտարարություններում և ոչ հրապարակային գործողություններում է։ Թեև նրանցից յուրաքանչյուրը կտրականապես ժխտում է իր մասնակցությունը կամ անձնական շահագրգռվածությունն այս գործարքում, հրապարակայնորեն հաստատված հանգամանքներն ու իրավաբանական փաստերը պտտվում են բացառապես այս երեք անձանց շուրջ։
Վերլուծությունն ու իրավական գնահատականը ճշգրիտ փաստերի վրա կառուցելու համար նրանց փոխգործակցությանն առնչվող փաստերը ներկայացնում եմ ուղիղ մեջբերումներով։
Այսպես՝ 2020-ի ապրիլին վարչապետի այն ժամանակվա խոսնակ Մանե Գևորգյանը գրառում է կատարել այն մասին, որ Միքայել Մինասյանը կեղծ փայատերերի միջոցով ապօրինի փայաբաժիններ է ունեցել մի շարք ընկերություններում, այդ թվում՝ ԶՊՄԿ-ում, և որ դրանց մի մասը 2018-ի իշխանափոխությունից հետո վաճառվել է։ Գևորգյանը նաև պնդել էր, որ ԶՊՄԿ-ում Մինասյանի բաժնեմասն «առերևույթ պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ և կրկին կեղծ փայատերերի օգնությամբ ձեռք է բերել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը»։
Վանեցյանը նույն օրը պատասխանել էր. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ վարչապետ Փաշինյանը տեղյակ է իրականությանը, փայաբաժինների փոփոխության ողջ պատմությունը կատարվել է նրա անմիջական գիտությամբ։ Եվ ես որևէ անձնական հետաքրքրություն դրա մեջ չունեմ։ Կրկնում եմ՝ վարչապետը դա բոլորից լավ գիտի»։
Վանեցյանը հետագայում դատական հայց ներկայացրեց Մանե Գևորգյանի դեմ՝ նրա հայտարարությունները համարելով զրպարտություն։ 2021-ի հունիսին թիվ ԵԴ/16144/02/20 գործով կայացված վճռով դատարանը բավարարել էր հայցը, որը բովանդակային առումով մյուս դատական ատյաններն ամփոփոխ են թողել։ Այսպիսով, վարչապետի մամուլի քարտուղարի հրապարակած «վարչապետի աշխատակազմի տվյալները» դատարանում չեն հիմնավորվել։
2024-ին Փաշինյանը կրկին անդրադարձավ թեմային՝ խոսելով 2018-ին հրապարակված գաղտնալսված հեռախոսազրույցի ամբողջական տարբերակի մասին՝ նշելով. «Ի՞նչ կարող էր լինել այդ ձայնագրության մեջ, գուցե պարզվի, որ այնտեղ կարող էր խոսք լինել այն մասին, թե լինելով ԱԱԾ տնօրեն ու չունենալով որևէ թույլտվություն, նա բանակցում էր նախկին նախագահի փեսայի հետ` ԶՊՄԿ–ի մի մասը իր եղբոր անունով գրելու վերաբերյալ»։
Չնայած Փաշինյանն այստեղ խոսում է ոչ թե հաստատական, այլ հարցական նախադասություններով՝ խուսափելով ուղիղ պնդումներից, նրա դիրքորոշումը հստակ է։ Սրանով Փաշինյանը չի հերքում, որ ԱԱԾ տնօրենին գործուղել է Մինասյանի հետ ինչ-որ բաներ բանակցելու, բայց ոչ Քաջարանի հանքավայրի բաժնեմասի վերաբերյալ։ Վանեցյանն այս անգամ իրեն զրպարտելու համար դատարան չի դիմել և նոր հայտարարությամբ հանդես չի եկել։
Հետագա իրավական գործընթացների՝ այդ թվում արբիտրաժային վարույթի համար կարևոր է փաստել, որ ԶՊՄԿ-ի բաժնետերերի փոփոխության վերաբերյալ բանակցությունները վարվել են նախկին իշխանության օրոք աներկբա քաղաքական ազդեցություն ունեցող Միքայել Մինասյանի և այդ ժամանակ ի պաշտոնե քաղաքական ազդեցություն ունեցող ԱԱԾ տնօրենի միջև։
Միքայել Մինասյանն իր հերթին 2020-ին տեսաուղերձով պատմել է, որ 2019-ի փետրվարին Հռոմում հանդիպել է Վանեցյանի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ։ Նրա խոսքով՝ Վանեցյանն ասել էր. «Ես այստեղ եմ որպես ԱԱԾ տնօրեն, իրավասու եմ խոսել Նիկոլ Փաշինյանի անունից»։ Մինասյանը նաև նախկինում է հերքել իր առնչությունը ԶՊՄԿ-ի հետ կապվող որոշ ընկերությունների հետ։
Չնայած, որ Քաջարանի հանքավայրի բաժնեմասի խնդիրը Փաշինյան-Վանեցյան կոնֆլիկտի առանցքում է, մինչ այժմ հանրությանը չի ներկայացվում նաև Արթուր Վանեցյանին ԱԱԾ տնօրենի ազատման արժանահավատ պատճառը։ Փաշինյանի հայտարարության մեջ նշվում էր միայն, որ դա տեղի է ունեցել ԱԱԾ տնօրենի հետ մի քանի քննարկումների արդյունքում և փոխադարձ համաձայնությամբ։
Հրապարակված գաղտնալսումների, դրանց վերաբերյալ կիսատ և վերացական-հարցական նախադասություններով հայտարարությունների, փոխադարձ մեղադրանքների և առաձգական քրեական և այլ դատական վարույթների պրակտիկան հաստատում է առնվազն հետևյալ փաստական հանգամանքները.
1) 2019-ի փետրվարին տեղի են ունեցել այդ ժամանակվա ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և նախկինում քաղաքական ազդեցություն ունեցող ՄԻքայել Մինասյանի միջև տեղի են ունեցել ոչ հրապարակային բանակցություններ, որը ներառել է նաև ԶՊՄԿ-ի բաժնետերերի փոփոխության հարցը։
2) Վարչապետ Փաշինյանը չի հերքում, որ ԱԱԾ տնօրենին գործուղել է Մինասյանի հետ հանդիպելու նշելով, որ Վանեցյանը չի ունեցել թույլտվություն բանակցելու «ԶՊՄԿ–ի մի մասը իր եղբոր անունով գրելու վերաբերյալ»։
3) Վանեցյանը չի ժխտում, որ ինքը տեղյակ է փայաբաժինների փոփոխության գործընթացի մասին և մասնակցել է դրա վերաբերյալ բանակցություններին, սակայն պնդում է, որ ինքը չունի որևէ անձնական շահագրգռվածություն, որ այդ ամենն իրականացվել է վարչապետ Փաշինյանի անմիջական գիտությամբ, այսինքն՝ նաև նրա հանձնարարությամբ։
4) 2023–ի հոկտեմբերից «Վոլնըրթը» Հայաստանի դեմ ներկայացրել է ԶՊՄԿ-ի 12.5%-ի գործարքից բխող արբիտրաժային հայց, իսկ 2023-ի նոյեմբերից Հայաստանի գլխավոր դատախազությունը հայտարարել է նույն գործարքի վերաբերյալ փողերի լվացման մեղադրանքով քրեական հետապնդում նախաձեռնելու մասին։
Այսպիսով, ձևավորվել է իրավիճակ, երբ փակ շղթա ունեցող գործընթացում ներգրավված ներկա և նախկին երեք պաշտոնյաները ժխտում են դրանում իրենց առնչությունը՝ մյուսներին մեղադրելով այդպիսի առնչություն ունենալու մեջ։ Որպես հաստատված հանգամանք պետք է արձանագրել, որ այս երեք քաղաքական ազդեցություն ունեցող անձանց ներգրավմամբ տեղի են ունեցել ոչ հրապարակային բանակցություններ։ Բանակցություններում քննարկվել է նաև ԶՊՄԿ-ի բաժնետերերի փոփոխությունների հարցը, որի վերաբերյալ նրանք դեմ ներկայացնում են փոխադարձ մեղադրանքներ, բայց չեն տալիս ամբողջական պատկեր, թե ով, ում հանձնարարությամբ և ինչ նպատակով է մասնակցել գործընթացին։
Ի՞նչ գիտեն պետական մարմինները.
Գործարքի պատմությունը տանում է 2018-ի ամառ։ Հուլիսի 5-ին՝ իշխանափոխությունից մոտ երկու ամիս անց, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր ԶՊՄԿ և հանդիպել ընկերության ղեկավարությանը։
Օրեր անց՝ հուլիսի 20-ին, ՏՄՊՊՀ-ն թույլատրել էր «Վոլնըրթ ֆայնենս լիմիթեդի» և «Մուն Մեթալսի» համակենտրոնացումը։ ՏՄՊՊՀ-ի կողմից իրականացվող համակենտրոնացման հսկողությունը և բաժնետերերի փոփոխությունը կապված են իրավական խիստ հաջորդականությամբ, որտեղ հանձնաժողովի որոշումը բաժնետերերի փոփոխության օրինական գրանցման նախապայման է։ Ըստ էության, դրանով իրավասու պետական մարմինը թույլտվություն տրամադրեց Քաջարանի հանքավայրի 12.5% բաժնեմասը օտարելու կիպրոսյան ընկերությանը։ Այդ գործարքի և հետագայում ներկայացված արբիտրաժային հայցի հիմքում ընկած է 1998-ին Հայաստանի և Կիպրոսի միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիրը, որով կողմերը երաշխավորում են մյուս կողմի ներդրումների անվտանգությունը։


ՏՄՊՊՀ որոշման համաձայն՝ համակենտրոնացման նպատակը հանքարդյունաբերության ոլորտում ֆինանսավորման ակտիվացումն ու տարբեր ֆինանսական գործիքներով ներդրումների իրականացումն էր։ Միաժամանակ, «Վոլնըրթի» 2018-ի ֆինանսական հաշվետվություններից երևում է, որ ընկերությունը չուներ ինքնուրույն բավարար միջոցներ և իր ձեռքբերումները ֆինանսավորել էր հիմնականում օֆշորային ընկերություններից ստացված վարկերով։ Համակենտրոնացման մասին որոշման տեքստից հետևում է, որ այս բոլոր տվյալները հայտնի են եղել ՏՄՊՊՀ-ին։
Ոչ հռետորական հարց է առաջանում՝ այդ ի՞նչ ներդրումներ էր պատրաստվում իրականացնել ընդամենը 1,337 դոլար կանոնադրական կապիտալ ունեցող, հիմնադրման օրվանից (2013) գործնականում շահույթ չունեցող կիպրոսյան ընկերությունը Քաջարանի հանքավայրում, որից ստացված միայն մեկ տարվա շահույթը, 2025-ի Համախմբված ֆինանսական հաշվետվության համաձան, կազմել է ավելի քան 45 մլրդ դրամ (120 մլն դոլարից ավելի)։ Քաղաքական ազդեցությունների կիրառումից բացի, ուրիշ ի՞նչ տրամաբանությամբ կարելի է բացատրել ընդամենը 966 մլն դրամով մի ընկերության 12.5% բաժնեմասի վաճառքի գինը, երբ նույն ֆինանսական հաշվետվության համաձայն՝ ընկերությունը միայն 2024-2025-ին իր բաժնետերերին վճարել է ավելի քան 100 մլրդ դրամի (250 մլն դոլարից ավելի) շահաբաժիններ։


Բաց հարցեր կան նաև իրական շահառուների հայտարարագրերում ներկայացված տվյալների արժանահավատության վերաբերյալ։ Կիպրոսի ռեգիստրի փաստաթղթերով՝ 2023-ի հունիսի 21-ից «Վոլնըրթի» բաժնետեր է դարձել Արմեն Վանեցյանը, իսկ հուլիսի 17-ից՝ «Բելլ Կապիտալը»։ Սակայն ԶՊՄԿ-ի ներկայացրած 2023-ի օգոստոսի և 2023-ի սեպտեմբերի իրական շահառուների հայտարարագրերում Միխայիլ Զուրաբովը դեռ նշված էր որպես իրական շահառու, իսկ հոկտեմբերից սկսած 12.5% բաժնեմասի այս սեփականատիրական շղթայի վերաբերյալ տվյալներն այլևս չեն ներկայացվել ԶՊՄԿ-ի իրական շահառուների հայտարարագրերում։
Այսպիսով, գործարքի տարբեր փուլերում պետական մի քանի մարմիններ ինստիտուցիոնալ վերահսկողություն են իրականացրել այս գործարքի բոլոր բաժնետերերի նկատմամբ՝ համակենտրոնացվող ընկերությունների ֆինանսական վիճակի գնահատումից մինչև վերջնական իրական շահառու համարվող ֆիզիկական անձինք և բաժնետիրական շղթայի այլ միջնորդ կազմակերպություններ։ ՏՄՊՊՀ-ն գնահատել է համակենտրոնացումը, իրավաբանական անձանց պետական ռեգիստրը ստացել է իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրեր։ Զուգահեռաբար, Քաջարանի հանքավայրի փայաբաժինների փոփոխության հարցը եղել է ԱԱԾ ուշադրության կենտրոնում, որի տնօրենը պնդում է, որ ինքը գործել է վարչապետի գիտությամբ և բացառապես իր պաշտոնեական լիազորությունների շրջանակներում։
Պետական հաստատությունների այսօրինակ ընդգրկվածության և Քաջարանի հանքավայրի շուրջ վարչապետ Փաշինյանի ունեցած ընդգծված բարձր հետաքրքրվածության համատեքստում դժվար է պատկերացնել, որ նա տեղյակ չի եղել 2018-ի հուլիսին իրականացված այս գործարքի իրավական և քաղաքական բաղադրիչների մասին։
Ի՞նչ է մնում պարզել
Այս պատմության փաստաթղթավորված մասը ցույց է տալիս, որ ԶՊՄԿ-ի 12.5% բաժնեմասի շուրջ սեփականատիրական և ֆինանսական շղթան բազմիցս փոփոխվել է և անցել մի շարք օֆշորային ընկերություններով։ Այդ շղթայի տարբեր օղակներում փաստաթղթավորվում են կապեր Արթուր Վանեցյանի ազգականների հետ, ինչպես նաև Միքայել Մինասյանի հետ կապվող անձանց ու ընկերությունների հետ։ Փաշինյանը, Վանեցյանն ու Մինասյանը հրապարակայնորեն հաստատել են միմյանց միջև բանակցությունների առկայությունը՝ միաժամանակ միմյանց մեղադրելով ԶՊՄԿ-ի բաժնեմասերի փոփոխությանը մասնակցելու մեջ։
Այս հարցերի պատասխաններն առավել կարևոր են այն պատճառով, որ սեփականության՝ տարիներ տևած և մինչև վերջ չբացահայտված պատմությունն այսօր այլևս միայն ներքաղաքական կամ քրեական գործի հարց չէ։ Այն դարձել է Հայաստանի Հանրապետության դեմ ներկայացված միլիարդավոր դոլարների միջազգային պահանջի հիմք։
Քանի դեռ գործընթացի մասնակիցները չեն հանրայնացրել ամբողջական և հրապարակային տվյալներ, ներկայացված փաստերի տրամաբանական վերլուծությունը անաչառ դիտորդի մոտ առաջացնում է տպավորություն, որ Քաջարանի հանքավայրի բաժնեմասն օտարելու շուրջ այս պատմությունը ոչ թե օտարերկրյա ներդրումներ ներգրավելու, այլ քաղաքական ազդեցություն ունեցող անձանց միջև հանրային ռեսուրսի փայաբաժինները վերաբաշխելուն միտված մեխանիզմ է՝ միջազգային արբիտրաժային երաշխիքներով։
Հրապարակային փաստերը դեռ բավարար չեն մի շարք առանցքային հարցեր վերջնականապես պարզաբանելու համար, որոնք անհրաժեշտ են շղթայում ներգրավված բոլոր ընկերությունների բաժնետերերի և իրական շահառուների ամբողջական շղթան բացահայտելու համար։ Փոխկապակցված ընկերությունների և անձանց այս պատմությունից տպավորություն է ստեղծվում, որ վարկատու և վարկառու ընկերությունների իրական շահառուները նույն մարդիկ են, և գումարը փոխանցվում է «մեկ գրպանից մյուսը»։ Տպավորություն կա նաև, որ այդ մարդիկ ուղիղ կամ միջնորդավորված կերպով փոխկապակցված են քաղաքական ազդեցություն ունեցող այն անձանց հետ, որոնց ջանքերով կամ գիտությամբ տեղի է ունեցել փայաբաժինների փոփոխության այս գործարքը՝ զավեշտի նմանվող ցածր արժեքով։ Անպատասխան հարցեր են մնացել նաև Փաշինյան-Վանեցյան-Մինասյան եռանկյունու բանակցությունների բովանդակությունը պարզելու և գործարքում քաղաքական ազդեցություն ունեցող անձանց ներգրավվածությունն ապացուցելու մասով։
Այսպիսով՝
Ո՞վ էր 2018-ին «Վոլնըրթի» բաժնետեր և իրական շահառու հայտարարագրված Ժան Ժակ Լուի Փոլ Բաֆֆեն և ի՞նչ կապ է ունեցել Վանեցյանների կամ Միքայել Մինասյանի հետ։
Ի՞նչ փոխկապակցվածություն կա «Վոլնըրթի» և Միքայել Մինասյանի միջև՝ հաշվի առնելով 2018-ին «Վոլնըրթի» կողմից նրա հետ կապվող Metstream ընկերության ձեռքբերումը։
Ովքե՞ր էին «Վոլնըրթին» վարկային միջոցներ տրամադրող օֆշորային ընկերությունների բաժնետերերն ու իրական սեփականատերերը, և կա՞ն արդյոք կապեր այդ ընկերությունների և Միքայել Մինասյանի կամ Վանեցյանների միջև։
Ի՞նչ կապեր կան «Վոլնըրթի» հիմնական վարկատու «Սոկար Թրեյդ Քորփի» և «Բելլ Կապիտալի» միջև՝ հաշվի առնելով, որ «Սոկարի» լուծարման (liquidation) գործընթացը վարել է նույն անձը, որը նշանակվել է «Վոլնըրթի» տնօրեն՝ այն «Բելլ Կապիտալին» վաճառելուց հետո։
Ի՞նչ գնով է «Վոլնըրթին» վաճառվել ԶՊՄԿ-ի 12.5% բաժնեմասը՝ հաշվի առնելով «Վոլնըրթի» ֆինանսական հաշվետվության և քրեական վարույթում ներկայացված թվերի տարբերությունը և ցանկացած պարագայում ինչո՞վ է պայմանավորված վաճառքի ցածր գինը։
Ի՞նչ բանակցություններ են իրականում վարել Վանեցյանն ու Մինասյանը, և դրանց մասին որքանո՞վ էր տեղեկացված վարչապետ Փաշինյանը։
Որքանո՞վ կարող են այս հանգամանքներն ազդել Հայաստանի դեմ ներկայացված 1.5 մլրդ դոլարի արբիտրաժային պահանջի իրավական հիմնավորվածության վրա։
Եվ վերջապես, քաղաքական ազդեցություն ունեցող ներկա և նախկին պաշտոնյաների ներգրավվածության, վաճառքի արժեքի և անհայտ բաժնետերերով օֆշորային ֆինանսավորման այս ամբողջ գործընթացն ի՞նչ իրավական հիմքեր կարող է ստեղծել հետագայում այս գործարքի առոչնչության հետևանքները կիրառելու և բաժնեմասը հանրությանը վերադարձնելու համար։
Այս և հաջորդող հրապարակումները նպատակ չեն հետապնդում որևէ անձի կամ կազմակերպության վարկաբերելու կամ հանրային բացասական լույսի ներքո ներկայացնելու։ Այն միտված է վեր հանելու և ամփոփելու քաղաքական ազդեցություն ունեցող անձանց կամայական և կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործողությունները՝ ներկայացնելով հանրային շահից բխող փաստեր և ձեռնարկելով ողջամիտ ջանքեր փաստական հանգամանքներն ստուգելու համար։
Հոդվածում արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին և պարտադիր չէ, որ համընկնեն ՍիվիլՆեթի խմբագրության դիրքորոշման հետ։












