Գլխավոր Լրահոս

Սեդրակ Քոչարյանը երկու ամսով կալանավորվեց

Սեդրակ Քոչարյանը երկու ամսով կալանավորվեց

Սիրանուշ Ադամյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը, երկու ամսով կալանավորվել է։ Դատարանը որոշումը կայացրել է կեսգիշերից ժամեր անց՝ շուրջ յոթ ժամ տևած նիստից հետո, ամբողջությամբ բավարարելով քննիչի միջնորդությունը։ Այս մասին դատարանի բակում լրագրողներին հայտնել է Քոչարյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

«Սահմանափակված է նաև նրա տեսակցությունների իրավունքը՝ բացառությամբ կնոջ և երեխաների»,- ասել է Կոչուբաևը։

Փաստաբանի խոսքով՝ կալանքի հիմքում վարույթին խոչընդոտելու ռիսկն է։ Պաշտպանական կողմը, սակայն, այն չհիմնավորված է համարում՝ նշելով, որ քրեական վարույթում քննվող իրադարձությունները վերաբերում են շուրջ 20-25 տարի առաջ տեղի ունեցած գործարքների։

«Անտրամաբանական է խոչընդոտել, օրինակ, 2004-ին կատարված գործարքը»,- ասել է Կոչուբաևը։

Նրա խոսքով՝ վարույթում խոսքը 2004, 2006 և 2010 թվականներին կնքված գործարքների մասին է, որոնք, Հակակոռուպցիոն կոմիտեի վարկածով, տեղի են ունեցել հանցավոր ճանապարհով։

Կոչուբաևը հայտնել է նաև, որ Սեդրակ Քոչարյանին վերագրվում է պաշտոնատար անձանց կողմից լիազորությունների չարաշահմանն օժանդակելը։ Փաստաբանը չի մանրամասնել մեղադրանքը՝ վկայակոչելով նախաքննության գաղտնիքը։

«Այստեղ գործ ունենք արտաիրավական հետապնդման հետ, քաղաքական կոնտեքստ ունեցող հետապնդման հետ»,- ասել է Կոչուբաևը։ Նրա պնդմամբ՝ առանձին դրվագներով նաև վաղեմության ժամկետներն են սպառված։

Պաշտպանությունը պատրաստվում է ստանալ և ուսումնասիրել դատարանի որոշումը, ապա բողոքարկել այն։

Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել էր օգոստոսի 25-ին՝ իր հոր՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Ձերբակալության փաստը նույն օրը հաստատել էր Հակակոռուպցիոն կոմիտեն։

Նույն օրը իրավապահները քննչական գործողություններ էին իրականացրել նաև Քոչարյանների ընտանիքի հետ կապվող մի շարք ընկերություններում և հաստատություններում, այդ թվում՝ «Օրանժ ֆիթնես» ակումբում և «Փլեյ Սիթի» զվարճանքի կենտրոնում։

Հակակոռուպցիոն կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ քննվող վարույթով տվյալներ են ստացվել, ըստ որոնց՝ Ռոբերտ Քոչարյանը, իր հետ մտերիմ անձանց հետ նախնական համաձայնությամբ և պաշտոնեական դիրքն օգտագործելով, տարբեր հիմքերով պետական սեփականությունից առանձնացրել և շուկայականից էականորեն ցածր գներով ձեռք է բերել մի շարք արժեքավոր գույքեր։

Քոչարյանների և նրանց բիզնեսների նկատմամբ իրավապահների գործողությունները սկսվեցին օգոստոսի 24-ին Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդի, «ԱԺ» Հայաստան խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև կոշտ հարցուպատասխանից հետո։ Քոչարյանները համարում են, որ իրավապահները գործում են վարչապետի անմիջական հրահանգով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում