Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան․ փաստաբան

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան։ Այս մասին ՍիվիլՆեթին հայտնեց փաստաբան Արամ Օրբելյանը։
Երկրորդ նախագահին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել, որը կքննվի այսօր՝ ժամը 20։30-ին։ Գործը մակագրվել է դատավոր Սարգիս Դադոյանին։ Տեղեկացնում է փաստաբանը։
Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվել է օգոստոսի 25-ին։ Երկրորդ նախագահի ինքնազգացողությունը վատացել էր Հակակոռուպցիոն կոմիտեում, այնտեղից նրան տեղափոխել էին հիվանդանոց, բժշկական համապատասխան հետազոտություններն անցնելուց հետո դատարան ներկայանալու պայմանով։
Նույն օրը իրավապահները քննչական գործողություններ էին իրականացրել նաև Քոչարյանների ընտանիքի հետ կապվող մի շարք ընկերություններում և հաստատություններում, այդ թվում՝ «Օրանժ ֆիթնես» ակումբում և «Փլեյ Սիթի» զվարճանքի կենտրոնում։
Հակակոռուպցիոն կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ քննվող վարույթով տվյալներ են ստացվել, ըստ որոնց՝ Ռոբերտ Քոչարյանը, իր հետ մտերիմ անձանց հետ նախնական համաձայնությամբ և պաշտոնեական դիրքն օգտագործելով, տարբեր հիմքերով պետական սեփականությունից առանձնացրել և շուկայականից էականորեն ցածր գներով ձեռք է բերել մի շարք արժեքավոր գույքեր։
Քոչարյանների և նրանց բիզնեսների նկատմամբ իրավապահների գործողությունները սկսվեցին օգոստոսի 24-ին Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդի, «ԱԺ» Հայաստան խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև կոշտ հարցուպատասխանից հետո։ Քոչարյանները համարում են, որ իրավապահները գործում են վարչապետի անմիջական հրահանգով։
Կազմակերպություն











