Շուրջ 80 ուսուցիչ ազատվել է աշխատանքից ատեստավորումը չհաղթահարելու պատճառով. նախարար

Հայաստանում շուրջ 80 ուսուցիչ ազատվել է աշխատանքից՝ կրկնակի ատեստավորումը չհաղթահարելու պատճառով։ Այս մասին օգոստոսի 28-ին՝ ասուլիսի ժամանակ, հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Մենք արդեն ունենք ուսուցիչներ, որոնք երկու և ավել անգամ անհաջողության են մատնվել և շուրջ 80 ուսուցիչների մասով արդեն այդ որոշումները կայացված են», ասել է նախարարը։
Նախարարի խոսքով՝ մասնագիտական կարիքների գնահատման ժամանակ առարկայական գիտելիքների բաց հայտնաբերվելիս՝ թեստավորումն անցնելը դառնում է պարտադիր։
«Այն պարագայում, երբ ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքը գնահատվում է իբրև առարկայական գիտելիքի իմացություն, դա համար պարտադիր է դառնում ատեստավորումը թեստավորման եղանակով»,- նշել է Անդրեասյանը։
Նախարարը հայտնել է, որ պետությունը ֆինանսավորում է ուսուցիչների վերապատրաստումը, սակայն կրկնակի անհաջողության դեպքում աշխատանքային պայմանագիրը դադարեցվում է։ Նախարարը շեշտել է, որ երեխաների կրթության որակն առաջնային է։
«Եթե նրանք ունենում են անհաջողություն կրկնակի անգամ, ապա այստեղ արդեն, բնականաբար, նրանց հետագա աշխատանքի հարցը կանգնում է»,- ասել է նա։
Նախարարը տեղեկացրել է, որ աշնանային ատեստավորման փուլին սովորաբար մասնակցում է շուրջ 500 ուսուցիչ։ Ընթացիկ տարվա վիճակագրական տվյալները կհրապարակվեն սեպտեմբերի վերջին՝ դիմումների ընդունման ավարտից հետո։











