Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Վրաստանից Մոսկվա ուղևորվող մարդատար ավտոբուսը Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասում բախվել է բեռնատարի, ինչի հետևանքով, ըստ հաղորդումների, վեց մարդ է զոհվել, ևս մի քանի տասնյակը՝ վիրավորվել։ Նախնական տվյալներով՝ ավտոբուսի 47 ուղևորներից գրեթե բոլորը Վրաստանի քաղաքացիներ են եղել։
Վթարը տեղի է ունեցել օգոստոսի 30-ի գիշերը Ժելեզնովոդսկի մոտ՝ Ինոզեմցևո գյուղի հարևանությամբ։ Ռուսական պետական TASS-ի հաղորդմամբ՝ ավտոբուսի վարորդը վտանգավոր կերպով արագություն է հավաքել և բավարար հեռավորություն չի պահպանել Kamaz բեռնատարից։ Բախումից հետո ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից և ընկել փոսը։
Ավտոբուսում եղել է 47 մարդ՝ ներառյալ երկու վարորդները։
TASS-ի հրապարակած տվյալներով՝ վեց մարդ զոհվել է, 26-ը՝ վիրավորվել, այդ թվում՝ ինը երեխա։ Բոլոր վիրավորները հոսպիտալացվել են։ Բժիշկները երկու մեծահասակի և երկու երեխայի վիճակը գնահատում են ծանր։ Եվս 14 մարդ ամբուլատոր բուժօգնություն է ստացել։
Վրաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ Ռուսաստանում Շվեյցարիայի դեսպանատանը գործող Վրաստանի շահերի բաժնի դիվանագետը մեկնել է դեպքի վայր՝ Վրաստանի քաղաքացիներին աջակցելու համար։
«Ռուսաստանի Դաշնությունում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանատանը գործող Վրաստանի շահերի բաժինը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Թբիլիսի-Մոսկվա մարդատար ավտոբուսում գտնված Վրաստանի քաղաքացիների մասին տեղեկություններ ստանալու համար»,- OC Media-ին հայտնում է Վրաստանի ԱԳՆ-ն։
Ստավրոպոլի երկրամասի նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովը հայտնել է, որ իշխանությունները Ժելեզնովոդսկում ժամանակավոր կացության կենտրոն են ստեղծել այն տուժածների համար, որոնք լուրջ բժշկական օգնության կարիք չունեն։
Կենտրոնում տեղավորվել է ութ մարդ։
Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործեր է հարուցել անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելու հետևանքով անզգուշությամբ երկու կամ ավելի մարդու մահվան, ինչպես նաև ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու հոդվածներով։












