Բիշքեկում սեպտեմբերի 1-ին տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Այն տևել է մոտ մեկ ժամ։
Հանդիպման ընթացքում Փաշինյանն ու Պուտինը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունները, Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացն ու ԵԱՏՄ-ին անդամակցության հարցը։
Հանդիպման սկզբում Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը կողմ է Հայաստանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացմանը՝ ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների սկզբունքների հիման վրա։
ՌԴ նախագահն անդրադարձել է Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացին։
«Հայաստանի՝ ԵՄ-ին ձգտելը երկրի և ժողովրդի բնական, օրինական իրավունքն է։ Հայաստանն ինքնիշխան պետություն է, և հայ ժողովուրդն է որոշելու իր զարգացման ուղղությունը։ Սակայն դա, անշուշտ, դժվարություններ է ստեղծում Եվրասիական տնտեսական միությունում գտնվելու հարցում և սպառնում է զրոյացնել Հանրապետության առավելությունները Եվրասիական տնտեսական միության շուկայում և խզել ձևավորված առևտրային շղթաները»,- ասել է Պուտինը։
ՌԴ նախագահը նշել է, որ ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացներին Հայաստանի մասնակցության ավելի քան տասը տարիների ընթացքում երկրի ՀՆԱ-ն, ռուսական կողմի վիճակագրության համաձայն, գրեթե եռապատկվել է՝ 2015 թվականի 10,6 միլիարդ դոլարից 2025-ին հասնելով 29,2 միլիարդ դոլարի։
ՌԴ նախագահը հայտարարել է, որ Մոսկվային անհրաժեշտ է հասկանալ Հայաստանի հետագա քաղաքական-տնտեսական կուրսը՝ իր առևտրատնտեսական քաղաքականությունը դրան համապատասխանեցնելու համար։
Պուտինը նաև նշել է, որ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի կարգավորումները, այդ թվում՝ գյուղատնտեսական արտադրանքի, տեխնիկական նորմերի և ստանդարտների հարցերում, չեն համընկնում։ Նրա խոսքով՝ խնդիրներ կարող են առաջանալ նաև եվրոպական ապրանքների և ծառայությունների՝ Հայաստանի միջոցով ռուսական շուկա մուտք գործելու առումով։
Ի պատասխան՝ Փաշինյանը հաստատել է, որ Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացման և խորացման հարցում։ Միաժամանակ նա նշել է, որ վերջին տարիներին Հայաստանի շուրջ տարածաշրջանային իրավիճակը փոխվել է, և հայ-ռուսական հարաբերություններին անհրաժեշտ է «թարմ հայացքով» նայել։
«Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները հակամարտային իրավիճակում այլ իմաստ ունեին, իսկ այժմ, երբ տարածաշրջանում խաղաղություն է հաստատվել, մեզ թվում է, որ անհրաժեշտ է իրավիճակին արդեն թարմ հայացքով նայել»,- ասել է Փաշինյանը։
Խոսելով ԵՄ-ին անդամակցության գործընթացի մասին՝ Փաշինյանը ասել է, որ նախորդ տարի ընդունվել է Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը։ Նրա խոսքով՝ հայկական կողմը վերլուծել է Ռուսաստանի հետ և ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի պայմանագրային պարտավորությունները և որևէ խախտում չի հայտնաբերել։
Փաշինյանը նշել է, որ ԵԱՏՄ պայմանագրով սահմանված է՝ եթե անդամ երկիրը որոշում է դուրս գալ միությունից, պետք է այդ մասին վեց ամիս առաջ տեղեկացնի գործընկերներին։
«Այս պահի դրությամբ մենք մեր գործընկերներին չենք տեղեկացրել, որ պատրաստվում ենք դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից։ Կարծում եմ՝ մենք պետք է հենվենք հենց այս փաստի վրա»,- ասել է վարչապետը։
«Սա չի նշանակում, որ մենք դժգոհ ենք Եվրասիական տնտեսական միությունից»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ ԵՄ-ին առնչվող գործընթացը ուղղված չէ ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ ԵԱՏՄ-ի դեմ։
Պուտինը, սակայն, չի համաձայնել Փաշինյանի այն պնդման հետ, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին չի հայտարարել։
«Մեկ այլ տնտեսական կազմակերպությանն անդամակցության ընթացակարգի մեկնարկի մասին օրենքի ընդունումը, ըստ էության, նշանակում է մեր կազմակերպությունից դուրս գալու մասին հայտարարություն, որովհետև այնտեղ և այստեղ միաժամանակ գտնվելն անհամատեղելի է։ Ահա այս է խնդիրը»,- ասել է ՌԴ նախագահը։
Փաշինյանն արձագանքել է, որ հայկական կողմը հասկանում է՝ գալու է ժամանակ, երբ անհրաժեշտ կլինի հստակ ընտրություն կատարել, սակայն, ըստ նրա, այդ պահը դեռ չի հասունացել։
«Երբ այն ստեղծվի, եթե ստեղծվի, ապա, իհարկե, մենք ընտրություն կկատարենք՝ հանրաքվեի միջոցով կամ առանց հանրաքվեի»,- ասել է վարչապետը։
Պուտինը եզրափակել է՝ համաձայն է, որ ժողովուրդը պետք է ընտրության հնարավորություն ունենա։
«Դե, ուրեմն ստեղծեք այդ հնարավորությունը և փակենք թեման։ Ահա և վերջ։ Հիմա ամենապարզը մարդկանց դիմելն է և հարցնելը՝ ի՞նչ եք ուզում՝ այսպե՞ս, թե՞ այնպես։ Եվ վերջ»,- ասել է ՌԴ նախագահը։
Հանդիպման բաց հատվածից հետո Փաշինյան-Պուտին բանակցությունները շարունակվել են դռնփակ ձևաչափով։
Հանդիպումից հետո Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարեց, որ Պուտինի հետ պայմանավորվել են խոսակցությունը շարունակել Մոսկվայում՝ իր առաջիկա այցի ընթացքում։
«Պետք է արձանագրել, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները երկու երկրների համար չափազանց կարևոր են, և մենք շատ խնամքով ենք վերաբերվում այդ հարաբերություններին, Ռուսաստանի Դաշնությունն էլ՝ նախագահ Պուտինի գլխավորությամբ, խնամքով է վերաբերվում, բայց նաև պետք է արձանագրել, որ նոր միջավայրում, նոր պայմաններում այդ հարաբերությունները վերաձևակերպելու անհրաժեշտություն կա, և այդ վերաձևակերպման արդյունքում, ես համոզված եմ, հարաբերությունները կլինեն ավելի լավ, ավելի կառուցողական, ավելի փոխշահավետ և ավելի ջերմ»,- ասել է Փաշինյանը։
Սա Փաշինյանի և Պուտինի առաջին դեմ առ դեմ հանդիպումն էր Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո։











