Գլխավոր Լրահոս

ԱՄՆ-ն Nvidia-ի չիպերի խոստումն օգտագործել է Հայաստան-Ադրբեջան համաձայնությանը հասնելու համար. WSJ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեխնոլոգիական ոլորտի և քաղաքական գործիչների հետ՝ անցյալ ամիս Հրազդանում տվյալների կենտրոնի բացման ժամանակ։ Լուսանկարը՝ Firebird-ի։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեխնոլոգիական ոլորտի և քաղաքական գործիչների հետ՝ անցյալ ամիս Հրազդանում տվյալների կենտրոնի բացման ժամանակ։ Լուսանկարը՝ Firebird-ի։

Միացյալ Նահանգները Nvidia-ի առաջատար արհեստական բանականության չիպերի հասանելիությունը Հայաստանի համար օգտագործել է որպես խթան՝ Երևանին և Բաքվին խաղաղության շուրջ նախնական համաձայնության հասցնելու բանակցություններում. այս մասին գրել է ամերիկյան The Wall Street Journal-ը՝ հղում անելով բանակցություններին մասնակիցների։ Թերթը առանձնացնում է անցյալ ամիս Հրազդանում բացված Firebird արհեստական բանականության տվյալների կենտրոնը, որը նախատեսվում է համալրել Nvidia-ի տասնյակ հազարավոր առաջատար չիպերով։ 

WSJ-ի տվյալներով՝ Վաշինգտոնը Հայաստանի համար ավելի հզոր Nvidia չիպերի վաճառքի թույլտվությունը կապել է Հայաստանի և Միացյալ Նահանգների տնտեսական ու տեխնոլոգիական հարաբերությունների խորացման ավելի լայն առաջարկի հետ։ Թերթը դա ներկայացնում է որպես ԱՄՆ վարչակազմի այսպես կոչված «չիպային դիվանագիտության» ամենացայտուն օրինակներից մեկը։

Հրապարակման համաձայն՝ երբ Դոնալդ Թրամփի վարչակազմը 2025-ի սկզբին ստանձնեց իշխանությունը, Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը դարձրեց արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկը։ Ամերիկյան բանակցային թիմը, ըստ WSJ-ի աղբյուրների, գնահատել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար միայն հակամարտության կարգավորման ներքաղաքական գինը բարձր է և որ համաձայնությունն ավելի իրատեսական կդառնա, եթե այն ուղեկցվի Միացյալ Նահանգների հետ տնտեսական կապերի խորացմամբ։

Այդ առաջարկների թվում էր նաև Հայաստանի համար Nvidia-ի ավելի հզոր չիպերի արտահանման թույլտվությունը։

Փաշինյանի խոսնակը WSJ-ին ասել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության հաստատումը կառավարության «ամենակարևոր խոստումն» է եղել և որ վարչապետն այդ ուղղությամբ գործելու «հստակ մանդատ» ունի հանրությունից։ Նրա խոսքով՝ 2025-ի օգոստոսին Վաշինգտոնում ստորագրված երկկողմ համաձայնագրերը, այդ թվում՝ կիսահաղորդիչների և արհեստական բանականության վերաբերյալ հուշագիրը, Հայաստանի համար «խաղաղության կարևոր դիվիդենդներ» են։

Firebird-ը՝ բանակցությունների տնտեսական բաղադրիչ

WSJ-ն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում Հրազդանում կառուցվող Firebird արհեստական բանականության տվյալների կենտրոնին։

Նախագծի ընդհանուր արժեքը, ըստ թերթի, կարող է գերազանցել 5 մլրդ դոլարը։ Ծրագրի հեղինակները նախատեսում են մինչև 2027-ի վերջը կենտրոնում տեղակայել Nvidia-ի Grace Blackwell և Vera Rubin սերունդների շուրջ 70,000 սերվեր՝ մոտ 300 Մվտ հաշվարկային հզորությամբ։

Թերթը գրում է, որ Firebird-ն արդեն դիմել էր մոտ 6,000 գրաֆիկական պրոցեսորների արտահանման լիցենզիա ստանալու համար։ Սակայն ԱՄՆ իշխանությունները միայն 2025-ի օգոստոսյան խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո համաձայնեցին թույլատրել Nvidia-ի տասնյակ հազարավոր ավելի առաջատար GB300 պրոցեսորների արտահանումը Հայաստան։

Հայաստանում ԱՄՆ արդեն նախկին դեսպան Քրիստինա Քվինը WSJ-ին ասել է, որ ամերիկացի դիվանագետները 2025-ի ամռանը տեխնոլոգիաների հասանելիությունը դիտարկում էին որպես բանակցային խթան և Առևտրի նախարարության հետ քննարկում էին Nvidia-ի ամենաառաջատար չիպերի վաճառքը Հայաստանին։

«Nvidia-ի բաղադրիչը փազլի շատ կարևոր մասն էր»,- ասել է Քվինը։

Մոնտանայից հանրապետական սենատոր Սթիվ Դեյնսը, որը 2025-ի մայիսին Հայաստանում ԱՄՆ բանակցային թիմի հետ հանդիպել էր Փաշինյանին, Firebird-ը բնութագրել է որպես խաղաղությունից ստացված առավելությունների ամենատեսանելի օրինակը։

«Չիպերը ստանալը կարևոր քաղաքական հաղթանակ էր»,- ասել է Դեյնսը՝ հավելելով, որ Firebird-ը այն նախագիծն է, որի միջոցով Փաշինյանը կարող է ցույց տալ, թե ինչ տնտեսական արդյունք է բերել խաղաղության գործընթացը։

Firebird-ի համահիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Ռազմիկ Հովակիմյանը նույնպես նախագիծը կապել է տարածաշրջանային կայունության հետ։ «Անհրաժեշտ էին խաղաղության պայմաններ»,- ասել է նա թերթին։ Նրա խոսքով՝ միջազգային հաճախորդներ ներգրավելու համար տեխնոլոգիական ենթակառուցվածքը պետք է լինի ապահով և անվտանգ։

Nvidia-ի փոխնախագահ, հայազգի Ռև Լիպարիտյանն ասել է, որ արհեստական բանականության ոլորտում համագործակցությունն ու տարածաշրջանային տրանսպորտային նախագծերը կարող են տնտեսական փոխկախվածություն ստեղծել Հայաստանի, Ադրբեջանի և տարածաշրջանի այլ երկրների միջև։

«Այս վարչակազմի համար չիպային դիվանագիտությունն առաջնային տեղում է»,- ասել է Լիպարիտյանը․ Նրա խոսքով՝ Nvidia-ի ներկայությունն ու ներդրումները Հայաստանում նպաստում են այն պայմանների ստեղծմանը, որոնց դեպքում խաղաղությունը կարող է ամրապնդվել։

Չիպերի արտահանման թույլտվությունները

Փետրվարին Հայաստան այցելած ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Փաշինյանի հետ հանդիպմանը հրապարակայնորեն հայտարարեց, որ Միացյալ Նահանգները «հպարտ է», որ Nvidia-ի հզոր չիպերի վաճառքի մի շարք արտահանման լիցենզիաներ է տրամադրել։

Վենսի խոսքով՝ դա նոր շուկաներ է ստեղծում ամերիկյան ընկերությունների համար և միաժամանակ կարող է բարձրացնել Հայաստանի տնտեսական բարեկեցությունը։

WSJ-ը նաև հղում է անում 2025-ի հունիսին ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի թիմի պատրաստած երկէջանոց հուշագրին։ Փաստաթղթում առաջարկվում էր խաղաղության համաձայնության շրջանակում խորացնել Հայաստանի և Միացյալ Նահանգների տնտեսական հարաբերությունները, աջակցել Հայաստանի տեխնոլոգիական ոլորտին և տրամադրել Firebird-ի համար անհրաժեշտ չիպերի արտահանման լիցենզիաներ։

Նույն բանակցային փաթեթում էր նաև Ադրբեջանի և Նախիջևանի միջև Հայաստանի տարածքով երկաթուղային, ճանապարհային և այլ ենթակառուցվածքներ նախատեսող երթուղու գաղափարը, որն անվանվեց TRIPP (Trump Route for International Peace and Prosperity՝ TRIPP)։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում