Կիև այցելած ԱՄՆ բանագնացները հույս ունեն առաջընթաց գրանցել Ուկրաինայում պատերազմին վերջ դնելուն ուղղված խաղաղության բանակցություններում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները։
«Հուսով եմ՝ այս այցի արդյունքում խաղաղության հասնելու առաջընթացը խթանելու նոր ուղիներ կգտնենք։ Կարծում եմ՝ այս այցից շատ բան ենք սովորել»,- ասել է Քուշները:
Բանակցությունների առաջին փուլից հետո լրագրողների համար արված համատեղ հայտարարության ժամանակ ԱՄՆ մյուս բանագնաց Սթիվ Ուիթքոֆն հայտնել է, որ Կիևում Ուկրաինայի նախագահի և նրա թիմի հետ պատերազմին վերջ դնելու շուրջ անցկացված բանակցությունները «բովանդակալից» են եղել և կշարունակվեն։
«Մենք շատ բովանդակալից, էական և կարևոր քննարկում ենք ունեցել, և մենք շատ ոգևորված ենք։ Մենք պատրաստ ենք շարունակել այս գործընթացը այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի», - ասել է Ուիթքոֆը։
Կիև մեկնելուց առաջ ամերիկացի բանագնացները Մոսկվայում էին։ Սեպտեմբերի 5-ին Կրեմլում տեղի են ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի ու Ջարեդ Քուշների բանակցությունները։
Կրեմլից հայտնել են, որ փակ դռների հետևում անցկացված հանդիպումը տևել է ավելի քան երեք ժամ և եղել է «կառուցողական և չափազանց անկեղծ»։












